Աշխատանքի տեսչության ստուգայցերից պարզվել է, որ տոնավաճառներում բացակայում են առեւտրի կազմակերպման անգամ ամենատարրական պայմանները:
Այս տարվա հունվարի 24-ին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը 3 նախարարների եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ցուցադրական ստուգայց կատարեց «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառ եւ հայտարարեց շուկայի խայտառակ, անմարդկային պայմանների մասին, Աշխատանքի պետական տեսչությունը հիշեց, որ պետք է ուսումնասիրել եւ ծանոթանալ մյուս տոնավաճառներում տիրող իրավիճակին:
«Առավոտը» տեսչության պետ Հարություն Հարությունյանից հետաքրքրվեց իրենց աշխատանքի արդյունքների մասին: Նշենք, որ «Վաղարշ եւ որդիներում» հայտնաբերված խախտումների համար տեսչությունը բավարարվեց միայն տոնավաճառի տիրոջը նախազգուշացում տալով: Ըստ Հ. Հարությունյանի՝ մեղավորը ոչ թե տոնավաճառի սեփականատերն է, այլ՝ այնտեղ աշխատողները. «Նախկինում տոնավաճառում աշխատողները ֆիզիկական անձինք էին, իսկ այժմ անհատ ձեռներեցներ են, որոնք տոնավաճառի սեփականատիրոջից վարձով տարածք են վերցրել: Ըստ պայմանագրերի, այդ մարդիկ պետք է իրենք իրենց համար աշխատանքային պայմաններ ստեղծեն ու եթե չեն ստեղծել, նրանց պետք է տուգանել: Մենք հնարավորինս փորձել ենք մեղմ լինել շուկայում աշխատողների նկատմամբ, քանի որ առանց այդ էլ նրանք բողոքում են, թե չեն կարողանում գումար աշխատել: Օրինակ, այդ շուկայում աշխատողները պետք է անվանաքարտեր փակցնեն, սակայն չեն փակցնում, սեփականատերն ի՞նչ անի, մենք նրան ինչպե՞ս կարող եք դրա համար պատասխանատվության ենթարկել: Անվանաքարտ չփակցնելու համար նախատեսվում է 50 հազար դրամի չափով տուգանք, համատարած կիրառեի՞նք: Բացի այդ, մեր արձանագրած խախտումների դեպքում օրենսդրությունը նախատեսում է նախազգուշացում սեփականատիրոջը, այլ ոչ թե տուգանք»: Հիշեցնենք, որ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում հայտնաբերվել էին տասնյակ խնդիրներ, մասնավորապես՝ շատ աշխատակիցներ գործել էին «ստվերային» պայմաններում, բացի այդ, աշխատակիցներն օգտագործել են ինքնաշեն էլեկտրական սարքեր, շուկայում բացակայում էր բուժկետը, օդափոխիչ սարքեր եւ կրակմարիչներ չկային:
Ստուգումներից պարզվել է նաեւ, որ աշխատակիցներին թաքցնելու ու սանիտարահիգիենիկ առումով՝ խախտումներ են հայտնաբերվել նաեւ այլ տոնավաճառներում: Հ. Հարությունյանի տեղեկացմամբ, «Հրազդան» եւ «Հայաստան» տոնավաճառներում տեսչության աշխատակիցները պարզել են, որ խախտվել են աշխատակիցների ամենամյա արձակուրդի տրամադրման պայմանները, բացի այդ, աշխատակիցները անվանաքարտեր չեն կրել: «Հրազդան» տոնավաճառում չի եղել նաեւ անվճար բուժկետ, իսկ «Հայաստանում» բացակայել են օդափոխիչները: «Հայաստան» տոնավաճառի սեփականատերը տուգանվել է 150 հազար դրամով, որից հետո Աշխատանքի պետական տեսչությանը տեղեկացրել է, որ ոչ միայն տեղադրվել են օդափոխիչներ ու բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները, այլեւ աշխատակիցների համար նույնիսկ ռադիոհանգույց են տեղադրել:
«Հրազդանի» ղեկավարությունը եւս փաստաթուղթ է ներկայացրել այն մասին, որ իրենք արդեն բուժկետ ունեն ու արձակուրդայինները ժամանակին վճարելու համար հաշվապահությանը հանձնարարականներ է տրվել: Նրանք հայտնել են նաեւ, որ բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները:
«Սուրմալու» եւ «Փեթակ» սննդի շուկաներն ու Մալաթիայի տոնավաճառը տուգանվել են 20-հազարական դրամով՝ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման եւ պահպանման կարգը խախտելու համար: Հ. Հարությունյանի ներկայացմամբ, իրենց «Փեթակից» տեղեկացրել են, որ թերությունների շտկումներ են կատարել, իսկ «Սուրմալուից» եւ Մալաթիայի տոնավաճառից ասել են, որ մեծահոգաբար նվազեցրել են տաղավարների համար գանձվող գումարի չափը:
Վարդանանց փողոցի վրա գտնվող շինարարական ապրանքների շուկայում տեսչությունը նույնպես խախտումներ է հայտնաբերել: Այստեղ գործող «Ասպիդա» ընկերությունը տուգանվել է 55 240 դրամով, քանի որ տոնական օրերին աշխատելու համար աշխատողներին չի վճարվել կրկնակի չափով: Նույն պատճառով տուգանվել է նաեւ «Դավիթ Ավանեսյան» ընկերությունը՝ 20 հազար, իսկ գրանցամատյանի վարման եւ պահպանման կարգը խախտելու համար՝ 16 500 դրամով:
Նոր Նորքում գտնվող «Պալաս» հագուստի տոնավաճառին էլ տեսուչները տուգանել են 20 հազար դրամով, քանի որ տեսուչների այցելության պահին առեւտրականները ցրտից կապտած վիճակում են եղել:
Իսկ Մալաթիայի գիշերային սննդի շուկայում այնքան խախտումներ են հայտնաբերվել, որ տեսչությունը շուկայի սեփականատիրոջը տուգանել է 460 հազար դրամով: Տուգանվելուց հետո սեփականատերը ստիպված որոշ պայմաններ բարելավել է: Մեր հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ տեսչությունը նման ստուգայցեր չի կատարել, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ստուգումներն ու տուգանումները մենք միշտ էլ կարող ենք կիրառել, սակայն դրա արդյունքում պետք է կատարված փոփոխությունները պահպանվեն: Այդ պատճառով մենք ցանկանում ենք նաեւ խորհրդատվություն մատուցել տնտեսվարողներին, որի համար արդեն իսկ աշխատանքներ անում ենք»: Նշենք, որ վերոնշյալ գրեթե բոլոր տոնավաճառներում էլ անգամ մի քանի քառակուսի մետր տարածքի համար սեփականատերերը մեծ գումարներ են պահանջում, սակայն աշխատակիցների համար տարրական պայմաններ չեն ապահովում:
Միակ տոնավաճառը, որտեղ խախտումներ չեն հայտնաբերվել՝ «Ռոսիա» տոնավաճառն է: