Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՓՈԽԶԻՋՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐՎԵԼ

Մարտ 21,2009 00:00

\"\"«Ես շատ կուզենայի, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասնաբար մասնակցեին առաջիկա ընտրություններին»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Մամուլում արդեն հրապարակվել է, որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հրաժարվել է այդ ցուցակում իր տեղերից՝ հօգուտ «Ժառանգություն» կուսակցության: Հիշեցնենք, որ մարտի 16-ին վերջինիս վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարել էր, թե ՀԱԿ-ի կողմից հնարավոր միասնական ցուցակում «Ժառանգությանն» առաջարկված 8 տեղը չի համապատասխանում կուսակցության ունեցած պոտենցիալին: «Առավոտի» հետ զրույցում, մեկնաբանելով իրենց կայացրած որոշման շարժառիթը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց. «Անկեղծ ասած, ես չէի ցանկանա, որ այդ տեղեկությունը մամուլում հրապարակվեր, որովհետեւ դա եղել է կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը, եւ դա չենք արել գովազդի համար: Մենք, մտածելով, որ եթե կուսակցություններում կան ցուցակների վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ, որոշեցինք այդ ցուցակում ունեցած մեր 8 տեղից 6-ից հրաժարվել: Մեր կուսակցությունից այդ ցուցակում ներկայացված են միայն քաղխորհրդի անդամներ Սուրեն Աբրահամյանն ու Ռաֆիկ Մկրտչյանը»:

Ի պատասխան մեր հարցին, թե՝ ցուցակին վերաբերող խնդիրներ եղել են նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններո՞ւմ, թե՞ խոսքը վերաբերում է միայն «Ժառանգությանը», Ա. Սարգսյանը մանրամասնեց. «Տվյալ դեպքում մեր որոշումը պայմանավորված էր «Ժառանգության» արձագանքով: Այդ կուսակցության ներկայացուցիչների արած բաց հայտարարություններից հասկացանք, որ ցուցակում ՀԱԿ-ի կողմից «Ժառանգությանն» արված առաջարկը՝ 8 տեղ, նրանց չի բավարարում, ուստի որոշեցինք մեր 6 տեղերը զիջել «Ժառանգությանը», որպեսզի լինի միասնական ցուցակ, եւ ընդդիմությունը ընտրություններին մասնակցի միասնական ճակատով»:

Հարկ է շեշտել, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը կազմելիս որոշվել էր, որ ՀԱԿ-ին անդամակցող ընդհանուր թվով 18 կուսակցություններից ու կազմակերպություններից հատկապես խոշոր եւ առանցքային դերակատարում ունեցածները ցուցակում կունենան քվոտավորված՝ 8-ական տեղեր: Այդ թվում է եղել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, նույնքան էլ առաջարկվել էր «Ժառանգությանը»:

Արդյոք «Հանրապետության» այդ զիջումը արդյունավետ կլինի՞, եւ զիջումներն ընդհանրապես փոխադարձ կլինե՞ն, ու ընդդիմությունը, այնուամենայնիվ, միասնաբար հանդես կգա՞ առաջիկա ընտրություններում՝ բավարարվածությունից «ձեռքերը շփելու» հնարավորություն չտալով իշխանություններին: Ա. Սարգսյանն այս առնչությամբ կարծիք հայտնեց, թե իր տպավորությամբ, «Ժառանգությունում»՝ որպես խորհրդարանական կուսակցություն, ինչ-ինչ խնդիրներ են առաջացել առանձին անհատներին ցուցակում ընդգրկված տեսնելու իմաստով: «Ես շատ կուզենայի, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասնաբար մասնակցեին առաջիկա ընտրություններին»,- ասաց կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ «Ժառանգությանն» արած իր գլխավորած կուսակցության այդ առաջարկը միանգամայն անկեղծ է եղել եւ արտահայտել է նաեւ անազատության մեջ գտնվողների կարծիքը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն այցելել էին նաեւ կալանավայրեր եւ հանդիպել քաղբանտարկյալների հետ, ներկայացրել իրենց մոտեցումները: «Եթե «Ժառանգությունը» օգտվի մեր առաջարկից, մենք միայն ուրախ կլինենք»,- ասաց Ա. Սարգսյանը: Հայտնի է, որ ՀԱԿ-ի ցուցակում ներկայացված են լինելու նաեւ այսօր անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ:

Ա. Սարգսյանն, ի դեպ, մեր զրույցի ժամանակ ասաց, թե իրենց հասանելիք քվոտաներից հօգուտ «Ժառանգության» հրաժարվելու մտադրություն ունեցել են նաեւ Կոնգրեսին մաս կազմող այլ ուժեր եւս, եւ որպես դրա վկայություն՝ փաստեց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի կողմից համանման հայտարարությամբ հանդես գալը:

Եթե, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» որոշի չմիանալ ՀԱԿ-ին, դա էապե՞ս կփոխի իրավիճակը կամ որքանո՞վ կազդի ընդդիմության հաղթանակի հնարավորությունների վրա: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ ռեժիմի հետ գործ ունենք, եւ ես շատ եմ ուզում, որ ընդդիմությունը ժողովրդին ներկայանա որպես իսկապես նրա մասին մտածող ուժ, որի համար մնացած խնդիրները երկրորդական են: Կոնկրետ մեր կուսակցության դեպքում ցուցակում տեղեր զբաղեցնելը միանշանակորեն երկրորդական նշանակություն ունի: Դեռ հստակ չէ, որ «Ժառանգությունը» որոշել է միասնական ճակատով հանդես չգալ կամ ընտրություններին չմասնակցել, ուստի՝ ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում անել: Բայց համոզված եմ, որ չմիանալու արդյունքում իրենք չեն շահի, մենք էլ ուրախ չենք լինի, որ չմասնակցեցին: Չմասնակցելով՝ «Ժառանգությունը» իշխանություններին ավելի շատ խախտումներ անելու եւ շահարկումներ անելու տեղ կթողնի: Անկախ ամեն ինչից՝ համոզված եմ, որ ընդդիմությունն արդար ընտրությունների պարագայում կհաղթի իշխանությանը: Իսկ ընտրակեղծիքների հնարավորությունը ստեղծում ենք ինքներս՝ տարանջատ հանդես գալով, երբեմն սեփական հավակնություններով: Ընտրական հանձնաժողովներում ընդգրկված մարդիկ, եթե իրենք էլ համոզված լինեն, որ ընդդիմությունը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, խախտումների չեն գնա: Իսկ միասնականությունը ընդդիմության հաղթանակն ավելի համոզիչ է դարձնում: Հենց այս առումով է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունները ոչ թե առանձին-առանձին, այլ դաշինքով են մասնակցում ընտրություններին: Թե չէ՝ նրանց մի զգալի մաս ոչ պակաս պոտենցիալ ունի մայրաքաղաքում սեփական թեկնածուներով հանդես գալու, եւ այդ թեկնածուները իշխանական կուսակցությունների թեկնածուներից հաստատ ոչնչով պակաս չեն, եթե չասենք, որ ավելի են»,- նկատեց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով մամուլում եղած այն որակումներին, որոնք տրվում են «Ժառանգությանը»՝ «իշխանությունների հետ գործարքի մեջ մտած» կամ անգամ «դավաճան», «Հանրապետության» ղեկավարն ասաց, թե այդօրինակ գնահատականները ուղղորդվում են հասարակության կողմից. «Գնահատական տվողը հասարակությունն է լինելու: Ես կարծում եմ՝ չմիավորվելու դեպքում կորցնելու բաներ կան»:

Խոսելով իշխանությունների կողմից հնարավոր կեղծիքներին դիմակայելու շուրջ՝ Ա. Սարգսյանը, նկատի ունենալով 2008-ի ընտրությունների փորձը, համոզմունք հայտնեց, որ այն ժամանակ տեղի ունեցած զանգվածային կեղծիքների ու բիրտ ուժի գործադրման պարագայում նույնիսկ իշխանությունները գործնականում պարտվեցին. «Դրա վառ ապացույցն այն է, որ մեր կողմից բողոքարկված տեղամասերում արդյունքների արկղերը չբացվեցին: Բացվեցին Գեղամյանի, Բաղդասարյանի, Կարապետիչի մատնանշած քվեարկության փաթեթները: Կարծում եմ, այս անգամ մեր հաղթանակն ապահովված կլինի մինչեւ մայիսի 31-ը: Մենք՝ ՀԱԿ-ին մաս կազմող ուժերս, այնպիսի մարտավարություն պիտի ընտրենք, որ կարողանանք մարդկանց հոգեբանության, գիտակցության մեջ հանդես գալ որպես արդեն հաղթած ուժ, ինչպես դա եղավ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մենք, իսկապես, հաղթեցինք: Միաժամանակ, չեմ բացառում, որ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են հետաձգվել, ավելին՝ չեմ բացառում, որ ՀՀ-ում իշխանափոխություն լինի ավելի շուտ, քան քաղաքապետի ընտրություններն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել