Մարտի 18-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հրապարակի մատույցներում էին հավաքվել քաղաքի տաքսիների եւ երթուղային տաքսիների վարորդները՝ բողոքելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններից:
Վարորդները բողոքում են նոր հայեցակարգի մի շարք պահանջներից, սկսած տաքսոմետրի, դեղին համարանիշների տեղադրումից, մինչեւ մեքենաների վրա տաքսու նշանների պարտադիր առկայություն եւ մեքենաների թարմացում: Համաձայն փոփոխությունների, նախկին ԽՍՀՄ արտադրության մեքենան չպետք է լինի 8-10 տարեկանից մեծ, արտասահմանյան մակնիշի մեքենան՝ 15-ից մեծ: Արցախում որոշել են նաեւ, որ այլեւս կանոնավոր ուղեւորափոխադրումների համար մրցույթ կհայտարարվի ոչ թե առանձին երթուղու համար, այլ երթուղիների փաթեթի:
Վերջին տարիներին Ղարաբաղի բոլոր շրջաններում ու նաեւ Ստեփանակերտում սնկի պես աճում են տաքսի ծառայությունները, նրանցից շատերը օգտագործում են «Ժիգուլի» մակնիշի մեքենաներ, որոնք 8 եւ ավելի տարեկան են: Հիմա այս վարորդներն իրենց աշխատանքը չկորցնելու համար պետք է գնեն նոր մեքենաներ: Իսկ ի վիճակի՞ են, արդյոք: Այս հարցին վարորդները պատասխանում են գրեթե միանշանակ: «Ես պարտք արեցի ու նոր «Ժիգուլի» գնեցի: Հո լրիվ նոր չի, տարիքն է մի քիչ փոքր: Որ սրա տարիքն էլ լրացավ՝ չգիտեմ, թե ինչ պիտի անեմ»,- մտահոգված է տաքսու վարորդ Կարեն Սարգսյանը:
Իսկ ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ ուղեւորափոխադրումների բնագավառում կատարվող այս բարեփոխումների նպատակը առաջին հերթին ուղեւորների անվտանգության ապահովումն է, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սպասարկման որակը բարձրացնելը եւ ոլորտում բիզնեսի համար կայուն հնարավորություններ ստեղծելը:
Ներկայումս հանրապետությունում 25 ընկերություն է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնում, որոնցից 6-ը սպասարկում է մայրաքաղաքը: Գործում են միջպետական՝ 15, միջշրջանային՝ 74 եւ ներշրջանային՝ 4 երթուղիներ: Շրջկենտրոնների հետ կապ ունի 82 բնակավայր, իսկ միջշրջանային կապն ընդգրկում է շուրջ 150 բնակավայր:
Հ. Գ. Նկատենք, որ Հայաստանում այս ոլորտում համանման փոփոխությունները մեծ աղմուկ բարձրացրին, որը մարել է միայն Երեւանում: