Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ» ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտ 20,2009 00:00

Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում քննարկվեց Գյումրիի Հակոբ Մնձուրու անվան թ. 19 դպրոցի կառավարման խորհրդի նախկին նախագահ Ռուզան Մովսիսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի: Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի ս/թ փետրվարի 10-ի որոշումը, համաձայն որի՝ տիկին Նանյանը դադարեցրել է իր լիազորությունները ու դպրոցի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին հանձնարարել քսանօրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նոր անդամների ընտրություն: Երեկվա դատական նիստում Ռ. Մովսիսյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը պատասխանող կողմին հարցրեց՝ արդյոք մարզպետը իրավասո՞ւ է դադարեցնել Ռ. Մովսիսյանի լիազորությունները, եթե 7 հոգանոց կառավարման խորհուրդն է նրան որպես նախագահ ընտրել, ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել, ավելին՝ մարզպետն էլ իր որոշմամբ հաստատել է այն: Մարզպետարանի իրավաբան Տիգրան Ղարիբյանը պատասխանեց, որ կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ կատարելը եղել է ԿԳ նախարարի 2006թ.-ի դեկտեմբերի 8–ի հրամանով: «Ռ. Մովսիսյանը կառավարման խորհրդի անդամ ընտրվել է 2006թ. հոկտեմբերի 16-ին, իսկ նախարարի որոշումը ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարին: Ի՞նչ եք կարծում, չհրապարակված ակտը կարո՞ղ է ուժի մեջ մտնել»,- մարզպետարանի իրավաբանին խեղճացրեց Կ. Թումանյանը: Մարզպետարանի իրավաբանը չկարողացավ պատասխանել այս հարցին: Կ. Թումանյանին հուզող 2-րդ հարցն այն էր, որ թե ո՞վ է մարզպետի փոխարեն ստորագրել մարտի 9-ին թվագրված գրության տակ, որով պատասխան էր տրվում հայցին: Պարզվեց, որ ստորագրողը եղել է փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը: «Ունե՞ր նա մարզպետից վերցված լիազորագիր»,- հարցրեց փաստաբան Թումանյանը: «Վարչապետի հրամանով մարզպետի լիազորությունները կատարում էր փոխմարզպետը»,- արդարացավ մարզպետարանի իրավաբանը: «Այդ դեպքում դատարան թող ներկայացվի այն լիազորագիրը, որով փոխմարզպետը իրավունք ուներ մարզպետի փոխարեն ստորագրել»,- պահանջեց պաշտպանը: Կ. Թումանյանը միջնորդություն ներկայացրեց պատասխանատվության բեռը դնել Շիրակի մարզպետի վրա՝ նախագահող դատավոր Էդիկ Նահապետյանն էլ ընդունեց միջնորդությունը: Դատը հետաձգվեց՝ հաջորդ դատի մասին տեղյակ պահելու պայմանով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել