Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երրորդ անգամ կղեկավարի ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցըլը: Նախօրեին ներկա գտնվելով գլխավոր փորձին, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ դիրիժորը, չնայած իր բազմազբաղ հյուրախաղային գրաֆիկին, տեղ է հատկացնում հայաստանյան հյուրախաղերին: Մաեստրոն ասաց. «Ես ամեն անգամ համագործակցելով հայաստանյան երաժիշտների հետ, հարստանում եմ: Այս անգամ իմ ղեկավարությամբ Լիստի առաջին դաշնամուրային կոնցերտը կմեկնաբանի միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Զաքարյանը, որը ներկայումս Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Զաքարյանի ասպիրանտն է: Ինչպես արեւմուտքում, իրական արվեստագետները հարստանում են ոչ թե բանկային հաշիվներով, այլ բարձրակարգ արվեստագետների հետ շփվելով»: