Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 20,2009 00:00

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ինդիան Ուելսում ընթացող թենիսի միջազգային ներկայացուցչական մրցաշարում դադարեցրեց պայքարը: Այդ գործում նրան աջակցեց աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը նրանց դիմակայությունում հաղթեց 3:6, 7:6, 6:0 հաշվով ու մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը լինելու է Նալբանդյանի համերկրացի Խուան Մարտին Դել Պորտոն:

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ «ԳՐԱՆ ՊՐԻՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴՆ Է

Ստամբուլում ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» անդրանիկ խաղարկության առաջին փուլը, որտեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:

Երեկ կայացած վճռորոշ տուրում, որում մեր մարզուհու մրցակիցն այստեղ բավականին երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորող չինուհի Չժաո Սյուեն էր, Դանիելյանն անչափ կարեւոր հաղթական միավոր վաստակեց եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 8,0 միավորով վերջնականապես հանգրվանեց երկրորդ հորիզոնականում: Էլինայի հիմնական մրցակիցներից իր անվան դիմաց նույնքան միավոր գրանցեց միայն Չինաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Հու Յիֆանը: Սակայն նա լրացուցիչ գործակիցներով ստիպված եղավ բավարարվել բրոնզե մրցանակային տեղով:

Իսկ մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող Կոներուն, որը եզրափակիչ պարտիայում սեւերով պարտության մատնեց ֆրանսուհի Մարի Սեբագին եւ կես միավոր ավելի վաստակեց Դանիելյանից:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «FINAL ROMA» ԳՆԴԱԿԸ

Ֆուտբոլասերները տեղյակ են, որ ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է այս տարվա մայիսի 27-ին՝ Հռոմի «Stadio Olimpiko» հանրահայտ ստադիոնում, որը Իտալիայի խոշորագույն մարզական ասպարեզն է: Իտալիայի մայրաքաղաքը երկրորդ անգամ է պատրաստվում հյուրընկալել Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային երկու ակումբներին (առաջինը եղել է 1996 թվականին), որոնց անունները հայտնի են դառնալու ավելի ուշ:

Օրերս մարզական գույքի առաջատար արտադրող «Adidas» ֆիրման հանդիսավոր պայմաններում կատարեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման պաշտոնական գնդակի շնորհանդեսը, որին տրվել է «Final Roma» անունը (նկարում):

ԼԻԼԻԹԸ ԿՊԱՅՔԱՐԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

\"\"Հայաստանցի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը եւ ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան այսօր Սանկտ Պետերբուրգում երեկ ավարտված Եվրոպայի կանանց անհատական 10-րդ առաջնությունում միմյանց միջեւ լրացուցիչ մրցամարտում կորոշեն 2009 թվականի չեմպիոնուհուն:

Հիմնական մրցաշարի եզրափակիչ տուրում Լիլիթը առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարինա Ռոմանկոյի նկատմամբ եւ 8,5 միավորով առաջինը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Քիչ անց Կոսինցեւան պարտության մատնեց իր համերկրացի Եկատերինա Կովալեւսկայային, որը մինչ այդ միանձնյա առաջատարն էր, եւ վաստակած միավորներով հավասարվեց մեր մարզուհուն: Այսպիսով, գործող կանոնակարգի համաձայն՝ այսօր Լիլիթն ու Տատյանան կարճեցված ժամանակով թայ-բրեք մրցամարտում կպայքարեն չեմպիոնուհու կոչման համար:

Երեկ, ուշ երեկոյան, երբ թերթն իջնում էր տպագրության, առաջնության պաշտոնական կայքում մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը դեռ տեղադրված չէր: Այդ պատճառով մեր մյուս մասնակիցների գրաված տեղերը դեռ հայտնի չէին: Ասենք միայն, որ նախավերջին տուրից հետո Լիլիթ Գալոյանը 43-րդն էր, Նելլի Աղինյանը՝ 54-րդը, Սիրանուշ Անդրեասյանը՝ 70-րդը, Աննա Հայրապետյանը՝ 104-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել