Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

Մարտ 20,2009 00:00

Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 10-րդ անհատական առաջնությունը

Հիմնական մրցաշարի 11 տուրերն ի հայտ չբերեցին չեմպիոնին եւ մրցանակակիրներին, ուստի, կանոնակարգի համաձայն, կազմակերպիչներն անցկացրին կարճեցված ժամանակով լրացուցիչ մրցաշար: Ի վերջո, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին, արծաթե մեդալակիր դարձավ նրա համերկրացի Վլադիմիր Մալախովը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավային:

Հայաստանցի շախմատիստները Բուդվայում 306 մասնակիցների պայքարում ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրին հետեւյալ տեղերը.

29. Արման Փաշիկյան 7,5 մ.

31. Տիգրան Պետրոսյան 7,5

37. Վլադիմիր Հակոբյան 7,0

55. Զավեն Անդրիասյան 6,5

90. Արտաշես Մինասյան 6,5

113. Տիգրան Քոթանջյան 6,0

169. Արթուր Չիբուխչյան 5,5

Եվրոպայի առաջնությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, խաղարկվում էին նաեւ աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր: Վերջնական արդյունքներով դրանց համար պայքարելու իրավունք նվաճեցին 7,5-ական միավոր վաստակած 23 գրոսմայստերներ: Նրանց մեջ էին նաեւ Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը: Այս խումբը նույնպես հաջողակներին որոշեց թայ-բրեքով: Տիգրան Պետրոսյանը երկու պարտիայում 1,5:0,5 հաշվով առավելության հասնելով Ալեքսեյ Դրեեւի նկատմամբ՝ տիրեց ուղեգրերից մեկին: Իսկ ահա Արման Փաշիկյանը երկու պարտություն կրեց Կոնստանտին Լապուլեսկուից եւ մնաց ձեռնունայն:

Աշխարհի 2009 թվականի գավաթի խաղարկությունը, որը 2009-11թթ. աշխարհի առաջնության փուլերից է, կայանալու է այս տարվա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի14-ը՝ Կարելիայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում: Այնտեղ հանդես են գալու 128 շախմատիստներ, այդ թվում՝ համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակի առաջին 20 տեղերն զբաղեցնողները: Մրցաշարը բաղկացած է լինելու ութ տուրից: Յուրաքանչյուր տուրից հետո պայքարը շարունակողների թիվը կիսով չափ կկրճատվի:

Աշխարհի գավաթի ընդհանուր մրցանակային ֆոնդը $1 մլն 600 հազար է: Նրանք, ովքեր կպարտվեն մեկնարկային տուրում, կստանան $6000-ական, երկրորդում՝ 10-հազարական, երրորդում՝ 16- հազարական, չորրորդում՝ 25- հազարական, հինգերորդում՝ 35- հազարական, վեցերորդում՝ 50- հազարական: Եզրափակիչում պարտվողին բաժին կհասնի $80 հազար, իսկ գավաթակիրը կստանա $120 հազար:

Խանտի Մանսիյսկում, Տիգրան Պետրոսյանից բացի, մեր հանրապետությունը ներկայացնելու է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որն այդ իրավունքը նվաճել է դեռ 2008 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունում: Ցանկության դեպքում աշխարհի գավաթին տիրելու պայքարին մասնակցել կարող է նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել