Հայ եւ արտերկրի մասնագետները տարբեր լեզուներով հեքիաթներ կպատմեն ու զեկուցումներ կկարդան
«Ո՞վ երբեւէ չի մոլորվել խոր անտառում Մատնաչափիկի հետ կամ ո՞վ Կարմիր գլխարկի հետ չի դողացել գայլի հսկայական ատամներից…»,- երեկ Հ. Թումանյանի թանգարանում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդ, հեքիաթասաց Կարին Բեկը:
Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, «Fabula armeniaca» նախագծի, Ռուս-հայկական համալսարանի լեզվի տեսության եւ միջմշակութային հաղորդակցության ամբիոնի նախաձեռնությամբ հեքիաթների առաջին միջազգային փառատոնի եւ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում երեկ Հ. Թումանյանի թանգարանում մեկնարկեց գիտաժողով՝ նվիրված հեքիաթին՝ «Հնօրյա զրույցներ եւ հրաշապատում. հեքիաթի արդի մեկնությունը» թեմայով:
Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը գտնում է, որ Թումանյանի 140-ամյակի շրջանակներում հեքիաթը գիտական դաշտ չտեղափոխելը կլիներ մեծ սխալմունք. «Ամեն ինչ արժե յուրաքանչյուր ժամանակահատվածում նորից ու նորից մեկնաբանել: Գիտաժողովը միտում ունի ներկայացնելու հեքիաթների արդի մեկնաբանությունները, վերջիններիս համաշխարհային կապը եւ դրանց հոգեբանական, լեզվական, բարբառային շերտը: Գիտաժողովի երկու օրերի ընթացքում կհյուրընկալենք Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Բելգիայից հեքիաթասացների, ովքեր ֆրանսերեն հեքիաթներ կպատմեն: Հեքիաթներ կպատմվեն նաեւ հայկական բարբառներով՝ Մշո, Ուրմիայի եւ Տավուշի»: Ինչպես տեղեկացրեց Ն. Թուխիկյանը, թանգարանում ծրագրվում է հիմնել հեքիաթագիտության գիտահետազոտական կենտրոն:
Ռուս-հայկական համալսարանի միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, հեքիաթագիտության դոկտոր Ալվարդ Ջիվանյանն էլ ավելացրեց. «Նպատակը՝ շարունակել եւ զարգացնել արդեն սկսված գործը, ինպես նաեւ Հայաստանում համախմբել այն անձանց, ովքեր զբաղվում են հեքիաթով ու հեքիաթագիտությամբ: Ինչպիսին էլ լինեն հեքիաթի իրենց մեկնությունները՝ տրադիցիոն, բանագիտական, լեզվաբանական, գրականագիտական, երաժշտական, կինեմատոգրաֆիկ եւ այլն, հարկ է հեքիաթագիտության զարգացումը դնել ամուր հիմքերի վրա»:
Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով նորանշանակ խորհրդական Ժան Պոլ Մարտենի, «Հեքիաթները մանուկ հասակից մեր կենսակերպի մասն են կազմում. դրանք մեզ քնեցրել են, հաճույք պատճառել, երբեմն նաեւ սարսափեցրել: Գրական արժեքները ողջ կյանքի ընթացքում մեզ ծառայում են որպես հենակետեր եւ պատահական չէ, որ հեքիաթներից ներշնչվել են նկարիչներ, արվեստի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ կինոյի շատ մասնագետներ, օրինակ, Ժան Կոկտոն՝ իր հանրահայտ «Գեղեցկուհին» եւ «Գազանը» գործերով: Հեքիաթները միշտ մնում են դաջված մեր ուղեղներում եւ, երեւի թե, պատահական չէ, որ դրանց մեծ ուշադրություն են դարձրել խոշոր հոգեվերլուծաբաններ»: Նրա խոսքով, հատկանշական է նաեւ, որ գիտաժողովը համընկնում է Ֆրանկոֆոնիայի օրերին, որովհետեւ 2008 թվականի հոկտեմբերից Հայաստանը համարվում է Ֆրանկոֆոն երկրների միջազգային ասոցիացիայի ասոցիատիվ անդամ: Ա. Ջիվանյանի ձեւակերպմամբ, «Աշխարհը հեքիաթի համատեքստում մի պարտավորվածություն ունի Ֆրանսիային. գրական հեքիաթը ստեղծվել եւ հաստատվել է Ֆրանսիայում: Արեւելյան հեքիաթը Եվրոպային հայտնի է դարձել Ֆրանսիայի միջոցով՝ խոսքը «Հազար ու մի գիշերի» մասին է: Հայկական հեքիաթն էլ Եվրոպա մուտք է գործել ֆրանսիացի Ֆրեդերիկ Մակլերի հայերեն թարգմանությամբ՝ 1910 թվականին»: