Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՄԱՀԱՎԱՔ

Մարտ 20,2009 00:00

Եվ ոչ միայն հայտնի գործերով

\"\"Հայաստանյան պատկերասրահների ցուցադրություններում վաղուց տեղ գտած Մինասի հանրահայտ կտավների կողքին ապրիլի կեսերին Ազգային պատկերասրահում բացվող մեծանուն նկարչի անհատական ցուցահանդեսում առաջին անգամ հանրության ուշադրությանը կհանձնվեն նկարչի ստեղծագործական վերջին շրջանին պատկանող փորձարարական աշխատանքներ ու ժամանակին նրա արվեստանոցի հրդեհից փրկված բեկորներ, Մինասի անձնական արխիվի բացառիկ լուսանկարներ: «Առավոտի» հետ զրույցում նկարչի որդիներ Արման եւ Նարեկ Ավետիսյանները հայտնեցին, որ առաջին անգամ արվեստաբան Սոնա Հարությունյանի ջանքերով տպագրվել է նաեւ բուկլետ, որում զետեղված բոլոր վերատպությունները կատարված են բացառապես բնօրինակից: Մեր զրուցակիցները նշեցին, որ բուկլետում Մինասի արվեստին առաջին անգամ անդրադառնում է արեւմտյան, այս դեպքում՝ եվրոպական արվեստաբանության դպրոցի ներկայացուցիչ, Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Ալբերտ-Լյուդվիգի համալսարանի պրոֆեսոր Վիլհելմ Շլինգը՝ ներածական խոսքով: Ցավոք, Մինասը մինչ օրս ծանոթ է մի տեսակ միֆական ու զգացական գնահատությունների միջոցով, քան՝ լուրջ, ակադեմիական ընդգրկումներով, մինչդեռ ցանկացած հայտնի նկարիչ հետաքրքիր է իր ստեղծագործության բոլոր շրջաններում վրձնած աշխատանքներով, լինեն դրանք ուսանողական էտյուդներ, թե ճեպանկարներ, էսքիզներ եւ այլն:

«Առավոտի» տարակուսանքին, թե արդեն մի քանի տարի Մինասի տուն-թանգարանի բացման հարցը համարվում է լուծված, ի վերջո, ե՞րբ պատրաստ կլինի ամբողջական ցուցադրությունը, եւ ե՞րբ Ջաջուռում կունենանք մինասյան մշակութային արգելոց, մասնագիտությամբ լրագրող Արման Ավետիսյանը, հիշեցնելով, որ հոր թանգարանը երկրաշարժից միայն 10 տարի հետո է վերակառուցվել եւ այնտեղ հանգրվանել են նկարչի շուրջ 30 աշխատանք, ասաց. «Անցյալ տարի իտալացի մասնագետների շնորհիվ Ջաջուռ բերվեց «Թորոս Ռոսլինի ծնունդը» ստեղծագործությունը, որն այժմ վերականգնման փուլում է եւ սպասում է մայիսին՝ իտալացիների հերթական այցին, որոնք կշարունակեն այդ գործընթացը»: Ընդմիջելով եղբորը, մասնագիտությամբ նկարիչ Նարեկ Ավետիսյանն էլ հայտնեց, որ եթե խոսում ենք կոնկրետ մեծանուն արվեստագետի, նրա թողած ժառանգության, ավելին՝ մշակութային արգելոցի մասին, ապա պետք է ուշադրության արժանացնել կոնկրետ Մինասի հայրական տունը, որի երկրորդ հարկում նկարիչն իր ձեռքերով էր կառուցել արվեստանոց. «Այդ տանը եղել են շատ անվանի մարդիկ: Հայրս սիրում էր դուրս գալ պատշգամբ ու զրուցել անցորդների հետ: Եղբայրս՝ Արմանը, կհաստատի, որ գյուղացիները հարգում էին հորս՝ համարելով իրենց հպարտությունը: Այո, ոչ միայն տունն է անհրաժեշտ նորոգել, այլ պետք է ուշադրություն դարձնել նաեւ տան կողքին գտնվող 1908թ. Արթուր Մանուկի ջանքերով կառուցված եկեղեցուն, որը 1974թ. խորհրդային իշխանությունը ուզում էր վերաշինել, ծառայեցնելով այլ նպատակի: Եվ միայն հորս «խառնվելուց» հետո այսօր կա 20-րդ դարի այդ կառույցը: Չպետք է մոռանանք նաեւ Կարմիր աղբյուրը: Հիշատակածս բոլոր վայրերը կամբողջացնեն մինասյան մշակութային արգելոցը, որոնք, ի դեպ, արտացոլվել են հորս աշխատանքներում: Կարծում եմ՝ արգելոցի գոյությունը լուրջ խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար. այնտեղ կարելի է կազմակերպել ցուցադրություններ, սիմպոզիումներ, մի խոսքով՝ կարելի է ծավալել մշակութային լայն գործունեություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել