Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 20,2009 00:00

ԶՅՈՒԳԱՆՈՎՆ ԸՆԿԵՐԱՑԵԼ Է ԿՐԵՄԼԻ ՀԵՏ

Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը վերջերս սկսել է վայելել Ռուսաստանի իշխանության բարեհաճությունը: Newsru.com-ը հաղորդում է, որ նրա առանձնասենյակում տեղադրվել են Մեդվեդեւի եւ Պուտինի հետ կապող ուղիղ հեռախոսներ, իսկ գլխավոր կոմունիստի հովանավորյալները համալրել են նախագահական կադրային ռեզերվը: Բացի այդ, Զյուգանովը ձեռք է բերել լիակատար հնարավորություն հանդես գալու ռուսաստանյան համապետական հեռուստաալիքով, իսկ Վլադիմիրի մարզի կոմունիստ նահանգապետ Նիկոլայ Վինոգրադովը վերահաստատվել է իր պաշտոնում: Նախագահի առաջարկած օրինագիծը կուսակցությունների ղեկավարության պարտադիր ռոտացիայի մասին՝ նույնպես փոխվել է Զյուգանովի պահանջով: Այժմ կուսակցությունների ցանկացած ղեկավար կարող է անսահմանափակ ժամկետով մնալ իր պաշտոնում: Այդ ամենը կոմունիստները փոխհատուցեցին իշխանության նկատմամբ լոյալությամբ: Մասնավորապես, նրանք հրաժարվեցին դիմել Ստրասբուրգի դատարան եւ չվիճարկել Դումայի ընտրությունների արդյունքները, բայց ամենակարեւորը՝ կոմունիստները չեն խրախուսում սոցիալական հողի վրա զանգվածային բողոքները, հանրահավաքներն ու գործադուլները:

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Ռուսաստանյան ակադեմիայի ԱՄՆ եւ Կանադայի ինստիտուտում ներկայացվեց «2025 թիվ. աշխարհը ճգնաժամից հետո» զեկույցը, որը պատրաստել էր ԱՄՆ ազգային հետախուզական խորհուրդը: Ամերիկյան հետախուզական փորձագետները կանխատեսում են համաշխարհային ազդեցության փոխադրումը արեւմուտքից դեպի արեւելք, որն ուղեկցվելու է ԱՄՆ դերի թուլացմամբ եւ Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի ուժեղացմամբ: Հեղինակների կարծիքով, Ռուսաստանը բախվելու է լուրջ խնդիրների, որոնց արդյունքում կարող են ստեղծվել ազգայնական ավտորիտար պետություն եւ նույնիսկ բռնապետություն: ԱՄՆ հետախուզական խորհուրդը ձեւականորեն անկախ կազմակերպություն է եւ իր նյութերն է տրամադրում երկրի իշխանության տարբեր օղակներին: Ներկայացնելով զեկույցը Մոսկվայում՝ կազմակերպության խորհրդական Մեթյու Բերոուզը նշեց, որ այս անգամ նրանք որոշել են հրաժարվել զեկույցի գաղտնիությունից եւ այն դարձնել քննարկման առարկա: Զեկույցի գլխավոր եզրակացությունն այն է, որ հետագա 15-20 տարում Միացյալ Նահանգները կկորցնի այն իշխանությունը, որն ուներ վերջին 10-ամյակների ընթացքում: «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի շահագրգռությունն ու պատրաստակամությունը աշխարհում առաջատար դեր խաղալու՝ կարող է պակասել, քանի որ ամերիկյան ընտրողները կվերանայեն իրենց վերաբերմունքը այդ առաջատար դերի հետ կապված տնտեսական եւ ռազմական ծախսերի նկատմամբ»,- ասված է հետազոտության մեջ: Ընդ որում, այդ փոփոխությունների վրա մեծ ազդեցություն կունենան Ռուսաստանում եւ Չինաստանում ներքաղաքական իրադարձությունները: Ըստ զեկույցի, աշխարհի տնտեսապես հզորագույն երկրների 8-յակը կունենա հետեւյալ տեսքը. ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան:

ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ՝ ԳԱՄԲԻԱՅՈՒՄ

\"\"Գամբիայի գյուղական շրջանների մոտ 1000 հոգի զոհ դարձավ իշխանության կողմից կազմակերպված վհուկների որսին՝ այդ բառի ուղիղ, ոչ թե փոխաբերական իմաստով: Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, մարդկանց պահում էին գաղտնի բանտերում եւ ստիպում էին խմել հատուկ թույներ: Զոհերից 2-ը մահացել է: Վհուկների որսը սկսվել էր դեռեւս հունվարից: Ըստ newsru.com-ի, այն իրականացնում էին ոստիկանությունը եւ երկրի նախագահի թիկնազորը: Առեւանգված մարդկանց մեջ մեծամասնություն էին կազմում տարեց մարդիկ: Այդ գործողությունների մասին ինֆորմացիա հավաքելու համար ձերբակալվել է երկրի ընդդիմության առաջնորդը եւ մեղադրվել է լրտեսության մեջ: Բանն այն է, որ տարվա սկզբին մահացել է Գամբիայի նախագահի հորաքույրը, եւ այդ մահվան մեջ երկրի ղեկավարը մեղադրել է վհուկներին: Վերջիններից վրեժ լուծելու նպատակով երկիր են հրավիրվել վհուկների որսորդներ, այդ թվում՝ նաեւ Գվինեայից: Ականատեսներից մեկի վկայություններով՝ ավտոմատներով զինված ոստիկանները շրջապատել են գյուղերից մեկը եւ սպառնացել ոչնչացնել ամբողջ գյուղը, եթե որեւէ մարդ փորձի փախչել: Այնուհետեւ անհասկանալի հատկանիշներով ընտրվել է մոտ 300 հոգի եւ տարվել նախագահի հարազատ քաղաքը, այնտեղ մարդկանց մերկացնում էին, ստիպում էին խմել կեղտոտ ջուր՝ հագեցած ինչ-որ թուրմերով եւ ընդունել խոտային լոգանքներ: Գամբիան Աֆրիկայի ամենափոքր երկիրն է, որտեղ վերջին տասնամյակներում գրանցվել են մարդու իրավունքների աղաղակող խախտումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել