Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 20,2009 00:00

Հռոմի պապը դեմ է պահպանակներին

Երեկ սկսվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի այցը Աֆրիկա: Կաթոլիկ եկեղեցու առաջին իսկ հայտարարությունը սկանդալ է առաջացրել եւ արժանացել է հասարակական կազմակերպությունների եւ միջազգային հանրության քննադատությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, դեռեւս դեպի Կամերուն ուղեւորվող ինքնաթիռում նա ասաց լրագրողներին. «ՁԻԱՀ-ը հնարավոր չէ հաղթահարել պահպանակների տարածման միջոցով, դա միայն մեծացնում է խնդիրը»: Ինչպես հայտնի է, վերոհիշյալ հիվանդության տարածումը մեծ արհավիրք է դարձել Աֆրիկայի համար: Դրա դեմն առնելու ամենաբանական միջոցն է՝ սեռական շփումների ժամանակ պահպանվելը, սակայն Աֆրիկայում գործող բազմաթիվ եկեղեցիներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ կարծում են, որ ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարելու ձեւը սեռական զսպվածությունն է եւ կրոնական նորմերի պահպանումը: Այդ կարծիքին է նաեւ կաթոլիկ եկեղեցին: Այնուամենայնիվ, Հռոմի պապի վերջին հայտարարությունը որոշակի շոկ է առաջացրել: Ընդհանուր կարծիքն այն է, որ Բենեդիկտոսը շատ հեռու է իրական կյանքից, նրա առաջարկները հակամարդկային են եւ կբերեն անմեղ մարդկանց տառապանքների: ՁԻԱՀ-ի դեմ պայքարող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ խստորեն դատապարտել են կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նման մոտեցումը: Ոմանք իրենց քննադատության մեջ գնացին ավելի հեռու: «Times»-ի մեկնաբաններից մեկը հիշեցրեց մի պատմություն, որը լուսաբանում է Վատիկանի վերաբերմունքը սեռական կյանքին, դեպքը տեղի է ունեցել հենց Կամերունում. խորթ հայրը բռնաբարեց 10 տարեկան աղջկան, որը նրանից հղիացավ, մայրը բժիշկ կանչեց, որպեսզի երեխան աբորտ անի: Տեղացի կաթոլիկ քահանան բանադրեց մորը եւ աղջկան, բայց ոչ բռնաբարողին:

Լուկաշենկոն գնաց փող ուզելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ մեկնել է Ռուսաստան: Ինչպես նշում է BBC-ին, բանակցությունների հիմնական թեման է լինելու Մինսկին նոր խոշոր վարկի տրամադրումը: Ինչպես եւ անցած ամիսներին, հանդիպման ընթացքում կբարձրացվի Բելառուսի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման խնդիրը: Ըստ 2 երկրների ղեկավարների մոտ կանգնած աղբյուրների, Լուկաշենկոն Ռուսաստանից խնդրելու է ոչ պակաս, քան $2,9 միլիարդ: Մարտ ամսին Մոսկվան արդեն իսկ տրամադրեց Մինսկին հերթական $500 միլիոնը, իսկ նախորդ $1 միլիարդը Բելառուսը ստացավ դեռեւս անցած տարի: Ի պատասխան Մոսկվայի բազմաթիվ ակնարկների, Լուկաշենկոն տարբեր առիթներով ձգձգում է Վրաստանից անջատված տարածքների ճանաչման խնդիրը: Բելառուսի եւ Եվրամիության վերջերս նկատվող հարաբերությունների ջերմացումը նման ձգձգման առիթներից մեկն էր: Բելառուսական պառլամենտի պատգամավորներից մեկը BBC-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երկրները վաղ թե ուշ կճանաչեն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, բայց թե երբ է դա տեղի ունենալու, առայժմ դժվարացավ ասել: Հայտնի է, որ այդ խնդիրը քննարկվելու է խորհրդարանի գարնանային նստաշրջանում, որը սկսվելու է ապրիլի 2-ին եւ ավարտվելու է հունիսին: Խորհրդարանում, բնականաբար, ճնշող մեծամասնություն են կազմում Լուկաշենկոյի կողմնակիցները:

Ֆրանսիայում նորից գործադուլ է

Երեկ Ֆրանսիայում սկսվեց համազգային գործադուլ, արդեն 2-րդն այս տարվա ընթացքում: Չի աշխատում հասարակական տրանսպորտը, աշխատանքի չեն գնացել պետական ծառայողները, դասերից բացակայել են ուսանողները: «Գազետա» թերթը գրում է, որ ֆրանսիացիները սովոր են գործադուլներին, քանի որ դրանց մասին հայտարարվում է վաղօրոք, շատերը աշխատանքի են հասնում ավտոմեքենաներով, հեծանիվներով, իսկ ոմանք պարզապես հավելյալ ոչ աշխատանքային օր են վերցնում:

Այս անգամ փողոց է դուրս եկել բնակչության մոտ 15%-ը: Արհմիությունները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատատեղերի պահպանում: Ըստ մասնագետների, գործազուրկների թիվն ամեն ամիս ավելանում է 100 հազարով: Մոտակա ամիսներին առանց աշխատանքի կմնա ֆրանսիացիների մոտ 10%-ը: Այս պահին Ֆրանսիայում կա մոտ 2 միլիոն գործազուրկ: Աշխատանքի տեղավորման գրասենյակները առաջարկում են մոտ 500 հազար ազատ աշխատատեղ, սակայն այդ տեղերը մեծ պահանջարկ չունեն, քանի որ հիմնականում ենթադրում են ծանր ֆիզիկական աշխատանք, որի համար քիչ են վճարում, եւ մարդկանց ավելի ձեռնտու է ստանալ գործազրկության նպաստ: Կառավարությունը դժգոհ է նման իրավիճակից եւ ապրիլի 1-ից պատրաստվում է փոքրացնել այդ նպաստի գումարը: Եթե արհմիությունների գործադուլները մի քանի օրվա ակցիաներ են, ապա ուսանողները դասադուլ են անում դեռեւս հունվարից՝ պահանջելով չկրճատել կրթության ֆինանսավորումը: Սորբոնի համալսարանի ուսանողները սպառնացել են ուժով գրավել բուհը, ինչին ի պատասխան՝ Սորբոնի համալսարանի ռեկտորը որոշում է ընդունել պարզապես փակել համալսարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել