Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասա՞ր պայմաններ

Մարտ 20,2009 00:00

Կամ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը՝ Հայաստանում

Երեկ մեկնարկեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի 570 դպրոցներ: ՀՀ-ից «Կենգուրուին» մասնակցեց 30 000 աշակերտ, բայց, միեւնույն ժամանակ, այդ մրցույթին մասնակցում էին աշխարհի 50 երկրների ավելի քան 5 միլիոն դպրոցականներ:

«Առավոտը» փոքրիկ շրջայց կատարեց մրցույթին մասնակից ՀՀ դպրոցներ, պարզելու ինչպես են ընթանում աշխատանքները: Նշենք, որ որոշ դպրոցների տնօրեններ հրաժարվել են մասնակցել մրցույթին, զգուշանալով կամ էլ, իրենց խոսքով, ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելով: Մրցույթի նախապատրաստական աշխատանքները սկսվեցին առավոտյան. դպրոցների մեթոդմիավորման նախագահները «Այբ» կրթահամալիրից վերցրին իրենց դպրոցի համար նախատեսված փաթեթները եւ բերեցին դպրոց: Այնուհետեւ «Այբ»-ի ներկայացուցիչների եւ դպրոցների ուսուցիչների օգնությամբ երեխաները լրացրին իրենց տրված համապատասխան թերթիկները, եւ սկսվեց մրցույթի անցկացման բուն փուլը, որը տեւեց 75 րոպե: Տարբեր դպրոցների աշակերտների հետ «Առավոտի» զրույցում պարզ դարձավ, որ աշակերտները հայտնվել են անհավասար պայմաններում: Օրինակ՝ 5-րդ դասարանցիներին որոշ դեպքերում մատուցվել են նույն խնդիրները, ինչ 6-րդ դասարանցիներին: Քանի որ որոշ դպրոցների տնօրեններ դժգոհում էին, թե եւս մեկ մրցույթ կազմակերպելով ծանրաբեռնում են աշակերտներին, մանավանդ՝ նոր են ավարտվել ԳԹԿ-ի թեստերով ընթացիկ գնահատումները, Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանից հետաքրքրվեցինք՝ «Կենգուրուն» չխանգարե՞ց իրենց աշխատանքներին: Նա պատասխանեց. «Մի փոքր խանգարեց. քանի որ մեր դպրոցը երկհերթ է, չորրորդ դասաժամից հետո առաջին հերթի դասեր չկարողացանք պարապել, բայց երկրորդ հերթը նորմալ դաս կանի»: Որոշ դեպքում էլ դպրոցի տնօրենները մրցույթին մասնակցելու մտքից ետ են քաշվել՝ իրենց դպրոցի մասին հավելյալ տեղեկություններ չտրամադրելու համար: Ժ. Ծաղիկյանն այս մասին ասաց. «Նման վախ չունեմ: Մենք նույնիսկ ընտրովի աշակերտներ չենք ներկայացրել մրցույթին, մասնակցում են բոլոր ցանկացողները»: Երբ հետեւում էինք մրցույթի անցկացման գործընթացին, նկատեցինք, որ աշակերտները հիմնականում դժվարանում էին տեխնիկական հարցերում, այսինքն՝ անուն-ազգանունը, դպրոցի ծածկագիրը եւ այլ մանրամասներ թերթիկների ճիշտ վանդակներում լրացնելու առումով: «Այբ» կրթական հիմնադրամի PR համակարգող Աննա Վելիցյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ր այդ ամենի մասին ավելի վաղ մտածել: Նա պատասխանեց. «Այբն» ինչպե՞ս կարող էր վերահսկել, բացատրել 30 000 երեխայի: Դրա համար կազմակերպել ենք սեմինարներ ուսուցիչների համար, նույնիսկ ուղեցույցներ ենք տրամադրել: Մյուս կողմից էլ, բնական է՝ երեխաները հուզվում են»:

Զրուցեցինք նաեւ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ: Տեխնիկական խնդիրների մասին խոսելիս նա նկատեց. «Այդպիսիք չառաջացան, քանի որ ի տարբերություն ԳԹԿ-ի թեստերով անցկացված գնահատման, այստեղ աշխատանքը կոորդինացված էր: Եթե գնահատման ժամանակ շատ հարցերի պատասխաններ հնարավոր չէր ստանալ ոչ ԳԹԿ-ից, ոչ նախարարությունից, ապա այս դեպքում նախօրոք այնքան լավ էին բացատրել, որ հարցեր չառաջացան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել