Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ

Մարտ 20,2009 00:00

\"\"Նախագահի վերահսկողականը հիմա էլ «ինքնատիպ» խախտումներ է հայտնաբերել 12 պետական բուհերում:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի համապատասխան հանձնարարագրով ՀՀ 2008-2009 ուստարվա ասպիրանտուրայի (հեռակա ուսուցման) եւ միջբուհական (ներբուհական) տեղափոխությունների գործընթացների ուսումնասիրություն էր իրականացվել 12 պետական բուհում: Այս անգամ կանդրադառնանք տեղափոխություններին, որոնց ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:

Ըստ ԵՊՀ-ից ԿԳ նախարարություն ներկայացված տեղեկատվության, 2008-2009 ուստարվա առաջին կիսամյակի ԵՊՀ ուսանողների ներբուհական տեղափոխությունները 31-ն են, այլ բուհերից տեղափոխությունները՝ 53-ը (ըստ նախագահի վերահսկողականի՝ մեկով ավելի, որովհետեւ ուսանող Ռոբերտ Հակոբյանի տեղափոխման վերաբերյալ ԿԳՆ-ն իրազեկված չի եղել): Վերահսկողականը փաստում է, որ ԵՊՀ-ում միջբուհական եւ ներբուհական 85 տեղափոխություններից 60-ում արձանագրվել է տեղափոխման ժամկետի խախտում, բոլոր գործերում արտացոլված չի եղել առարկայական տարբերությունների ցանկը, դրանց հանձնման ժամանակացույցը: Տարօրինակ է նաեւ այն, որ բոլոր գործերում ուսանողների դիմումների վրա գրված է եղել՝ «մանդատային հանձնաժողովը չի առարկում», սակայն թե դա ի՞նչ հանձնաժողով է, ովքե՞ր են կազմում, ի՞նչ իրավասություններ ունի՝ աշխատանքային խմբին որեւէ պարզաբանում այս մասին չի տրվել: ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի հրամաններում էլ գրված է եղել. «հիմք՝ մանդատային հանձնաժողովի որոշումը», մինչդեռ անձնական գործերում նման որոշումներ առկա չեն եղել, ոչ էլ տրամադրվել են: Վերահսկողականի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ տեղափոխությունները կրել են զանգվածային բնույթ. այլ բուհերից եւ ԵՊՀ այլ ֆակուլտետներից միջազգային հարաբերությունների ֆակուլտետ է տեղափոխվել 32 ուսանող: Ընդ որում, այլ բուհերից ԵՊՀ տեղափոխված 23 ուսանողներից 13-ը ենթակա չի եղել տեղափոխման, քանի որ նրանց առարկայական տարբերությունները գերազանցել են 8-ը:

Ըստ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) կողմից ԿԳՆ ներկայացված տվյալների, այլ բուհերից ՊՄՀ է տեղափոխվել 23 ուսանող, մինչդեռ, ըստ վերահսկողականի ուսումնասիրությունների՝ 26-ը: Ներբուհական տեղափոխություններն այստեղ 92-ն են, այլ բուհեր են տեղափոխվել 15 ուսանող: Նախագահի վերահսկողականը ՊՄՀ-ում արձանագրել է ժամկետների՝ 16, առարկայական տարբերությունների՝ բազմաթիվ խախտումներ:

Ըստ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի՝ ԿԳՆ ներկայացված տվյալների, միջբուհական տեղափոխությունները 6-ն են, ներբուհականը՝ 7-ը: Նախագահի վերահսկողականը պարզել է, որ ե՛ւ միջբուհական (ուսանող Արշալույս Պողոսյանի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված չի եղել), ե՛ւ ներբուհական տեղափոխությունները 7-ն են: Այս բուհում արձանագրվել է ժամկետների 8 խախտում: Հետաքրքրական է Հմայակ Մկրտչյանի տեղափոխության փաստն այն առումով, որ ըստ համապատասխան կարգի՝ ուսանողների տեղափոխություն չի թույլատրվում առաջին կուրսում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ Նարինե Մխիթարյանի տեղափոխության կապակցությամբ Լեզվաբանական համալսարանի ռեկտորատի որոշմամբ սահմանվել է ուսանողուհու տեղափոխությունը անգլերեն-իսպաներեն մասնագիտություն, սակայն ռեկտոր Ս. Զոլյանի հրամանով տեղափոխությունը կատարվել է անգլերեն-պարսկերեն մասնագիտություն: Այս բուհի տեղափոխություններում անձնական գործերը թերի են եղել. բացակայել են ստուգման գրքույկի պատճենները, դիմումները ընդհանուր բաժնով մուտքագրված չեն եղել եւ այլն:

Համաձայն Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ նախարարություն ներկայացրած տեղեկատվության, այլ բուհերից իրենց մոտ է տեղափոխվել 9 ուսանող, ներբուհական տեղափոխությունները 67-ն են, որից 30-ը՝ դեղագիտական ֆակուլտետից՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 14-ը՝ դեղագիտականից՝ ատամնաբուժական, 17-ը՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետից՝ ատամնաբուժական: Պարզվել է, որ, օրինակ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Սահակյանի տեղափոխությունը Բժշկական համալսարան՝ կատարվել է բազմաթիվ խախտումներով. նախ ավարտական կուրսում տեղափոխություններ չեն թույլատրվում, առարկայական տարբերություններն էլ գերազանցել են 8-ը, խախտվել են ժամկետները եւ այլն: Օդեսայի պետական համալսարանի բուժական ֆակուլտետից տեղափոխված ուսանողուհի Տիրուհի Պետրոսյանի վերաբերյալ հարցում է կատարվել ԿԳ նախարարություն, սակայն պատասխան չի ստացվել, թեեւ ուսանողը վճարած է եղել 400 000 դրամ ուսման վարձը: Կոպիտ խախտումներ են հայտնաբերվել Սմոլենսկի պետական բժշկական համալսարանից Երեւանի պետական բժշկական համալսարան տեղափոխված Սերյոժա Սարգսյանի, Մոլդովայի Շեւչենկոյի անվան համալսարանից տեղափոխված Օֆելյա Ալիխանյանի «մասով»: Նախագահի վերահսկողականը եկել է եզրակացության, որ հատկապես դեղագիտական ֆակուլտետից զանգվածային տեղափոխությունները միտում են պարունակում:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՐՃՇՊՀ)՝ ԿԳՆ ներկայացրած տեղեկատվության համաձայն էլ, այլ բուհերից տեղափոխությունները 3-ն են, ներբուհականը՝ 9-ը: Վերահսկողականը պարզել է, որ այդ ցանկում առկա չէ 4 ուսանողի տեղափոխություն (Սուսաննա Տոնոյանց, Հրաչյա Ամիրբեկյան, Հակոբ Թալալյան, Հասմիկ Թերզյան): Ըստ ուսումնասիրությունների, խախտումներով տրանսպորտի ֆակուլտետի 4-րդ կուրսից այլ ֆակուլտետի հեռակա ուսուցման 5-րդ կուրս է տեղափոխվել նաեւ Էդուարդ Ուլիխանյանը:

Լավ չի աշխատել նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ): Այս բուհում մի շարք խախտումներ են արձանագրվել հետեւյալ ուսանողների տեղափոխության պարագայում՝ Վահե Մանուկյան, Արամ Փանոսյան, Աննա Վարդանյան, Միքայել Բաբայան, Վահագն Հարությունյան, Լեւոն Մխիթարյան:

Մյուս բուհերից հետ չի մնացել Հայաստանի պետական ագրարային համալսարանը: Օրինակ, Արթուր Փամբուխչյանը եւ Անդրանիկ Ղազարյանը անասնաբուծություն մասնագիտության 3-րդ կուրսից տեղափոխվել են անասնաբուժություն 3-րդ կուրս՝ 9 առարկայական տարբերությամբ եւ այլ խախտումներով:

Քիչ չեն թերությունները մյուս պետական բուհերում, ուղղակի լրագրային տարածքի սղության պատճառով չենք անդրադառնում բոլորին:

Միայն հավելենք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եզրակացության մեջ արձանագրված է, թե ՀՀ ԿԳ նախարարության կողմից անհասկանալի պատճառներով վերջին մի քանի տարիներին չի իրականացվել միջբուհական եւ ներբուհական տեղափոխությունների ուսումնասիրություն: Ի դեպ, վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանը համապատասխան գրություն է ուղարկել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանին, նախարարությունն էլ պետական բուհերի ռեկտորներին է հանձնարարականներ տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել