Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ

Մարտ 20,2009 00:00

Եթե հավատանք ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալներին եւ հաշվարկներ կատարենք, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու է ընդդիմությունը:

Երեւանի ավագանու եւ հետեւաբար նաեւ՝ քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորելու ՀԱԿ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ որոշումը Հայաստանի քաղաքական կյանքում ձեւավորեց 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբերից հետո ստեղծված վիճակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Ինչպես եւ 2007-ին, հանրապետականները Լեւոն Տեր-Պետրոսյանին մի կողմից՝ մեծարելու, մյուս կողմից՝ ծաղրելու կեցվածքն են որդեգրել: Մեկուկես տարի առաջ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս հանրապետական Արմեն Աշոտյանը նկատեց, թե աշխարհահռչակ Պելեն, անշուշտ, 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է, ով, սակայն, 21-րդ դարում «չի նայվի», անելիք չունի: Մեկ այլ հանրապետական՝ Գալուստ Սահակյանն առաջին նախագահին ծաղրելու ուղին որդեգրեց: Հիմա հակառակն է. Արմեն Աշոտյանը ծաղրում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկելով մասնակցել որեւէ գյուղապետի ընտրության, իսկ Գալուստ Սահակյանն էլ՝ նկատում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է մնա ՀՀ առաջին նախագահի բարձր պատվանդանին: Ինչեւէ, ԶԼՄ-ներում անգամ լուրեր են հրապարակվում, թե Երեւանի ավագանու ընտրություններում հանրապետականների ցուցակի առաջին դեմքը՝ Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նեղ շրջանակում հայտարարել է, թե ձեռքը ճար լիներ, կհրաժարվեր ընտրապայքարից: 2007-ի ՀՀ ԱԺ եւ 2008-ի՝ ՀՀ նախագահի ընտրությունները, իհարկե, ազատ, արդար, թափանցիկ չէին: Առավել եւս՝ փակ ու գաղտնի չէին, ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Այդ ընտրություններից հետո ձեւավորված իշխանությունները, իհարկե, այլ կարծիքի են: Ամեն դեպքում. եթե 2007-ի եւ 2008-ի ընտրությունները կեղծվել են, ապա կեղծվելու են նաեւ 2009-ի ընտրությունները, եթե ոչ՝ այս տարվա ընտրություններն էլ չեն կեղծվելու: Այսինքն՝ 2007-ի, 2008-ի եւ 2009-ի ընտրությունները նույն կամ գրեթե նույն որակն են ունենալու:

Իսկ 2007-ից մինչեւ 2009-ը, դինամիկան, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնապես հրապարակած տվյալների, հետեւյալն է. ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, 2007-ի խորհրդարանական ընտրություններում ստացել է 95 324 ձայն, Երեւանում՝ 28 962 ձայն: Մեկ տարի անց նախագահի ընտրություններում, երբ ընտրում ես ոչ թե կուսակցությանը, այլ՝ կուսակցության ներկայացրած անձին, թեկնածու Արթուր Բաղդասարյանը ստացել է 272 427 քվե, Երեւանում՝ 69 031: Այսինքն՝ ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանը Երեւանում մոտ 2.4 անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան կուսակցությունն ու ինքը միասին վերցրած: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ը մասնակցում է առանց Արթուր Բաղդասարյանի: 2007-ի եւ 2008-ի տարբերությունը հիմք ընդունելու պարագայում ենթադրելի է, որ առանց Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններում ավելի պակաս ձայներ է ստանալու: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ մարտի 1-ի բացասական ազդեցությունը այս կուսակցության վարկանիշի վրա, ապա ՕԵԿ-ի վիճակը կդառնա աննախանձելի: ՀՅԴ-ն՝ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, 2007-ին Երեւանում ստացել է 35 110 ձայն, 2008-ին Վահան Հովհաննիսյանը՝ 38 730: Ընկեր Վահանը 10% ավելի վարկանիշ ունի, քան ՀՅԴ-ն եւ ընկեր Վահանը միասին: Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ում ՀՅԴ-ն ոչ մի պաշտոն չի վստահել՝ ո՛չ խմբակցության քարտուղար, ո՛չ նախագահ, ո՛չ որեւէ հանձնաժողովի նախագահ, ու հանկարծ որոշում են նրան տեսնել Երեւանի քաղաքապետի աթոռին: Սա եւ ՀՅԴ համառ հավատարմությունը «եւ հաճույք ստանալու, եւ կույս մնալու» գործելաոճին ու մարտի 1-ը բացասական ազդեցություն են ունենալու եւ առանց Վահան Հովհաննիսյանի ՀՅԴ-ն չպետք է շատ հավակնոտ լինի:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆենոմենը մինչ օրս մութ է մնում: 2007-ի ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարում էր, թե ունի մոտ 400 հազար անդամ, սակայն ընտրություններում կուսակցությունը ստացավ 204 483 ձայն, Երեւանում՝ 57 386 ձայն: 2008-ի ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանեց Սերժ Սարգսյանին, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջնորդը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է, այլ՝ Հարություն Քուշկյանը, ով հրապարակային գործիչ չի եղել ու չի, քիչ հավանական է, որ զանգվածների լայն համակրանքն է վայելում: Գումարած՝ «մարտի 1», եւ ԲՀԿ-ն նախանձելի թվով քվեների չի կարող հավակնել: Հանրապետականը 2007-ին Երեւանում ստացել է 109 338 ձայն, 2008-ին Սերժ Սարգսյանը՝ 237 953 ձայն: Ինքս մարտի 1-ին, կեսօրին՝ Ազատության հրապարակի ծեծուջարդից հետո, եւ գիշերային սպանություններից ժամեր առաջ, Մյասնիկյանի արձանի մատույցներում զրուցել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանին են ձայն տվել, բայց խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կիրառած բռնություններից հետո հասկացել են, որ սխալվել են: Այս զրույցները հրապարակվել են հենց «Առավոտում»՝ անցած տարվա 20-օրյա արտակարգ դրությունից հետո: Եթե խաղաղ ցուցարարներին ծեծելն է մարդկանց հիասթափությունը առաջացնում, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչ տրամադրություններ եւ զգացողություններ է առաջացնում խաղաղ ցուցարարների սպանությունը: Գումարած՝ ոստիկանական կուռ շարքերի հետեւում նախագահի պաշտոնը ստանձնելը, գումարած՝ արդեն եղած եւ սպասվելիք թանկացումները, գումարած, որ երեւանյան ընտրություններում հանրապետականի առաջնորդը ոչ այնքան բարի համբավ վայելող Գագիկ Բեգլարյանն է: Այնպես որ, եթե հանրապետականը ստանա 2007-ի չափ քվե՝ մոտ 100 000, պետք է երջանկանա:

Հայ ազգային կոնգրեսը ձեւավորվել է 2008-ի ընտրություններից հետո, իսկ այդ ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանում ստացել է 152 971 ձայն: Շատերն են բացահայտ հայտարարել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն են տվել միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին չեն ընդունում, չեն սիրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ցույց տալ, որ այս իշխանությունները շատ ավելի վատն են, քան իր իշխանությունն էր: Իսկ վերջին մեկ տարում այս իշխանությունների նկատմամբ հանրության վերաբերմունքում հաստատ իշխանությունների համար դրական տեղաշարժեր չկան, որովհետեւ մարդ ծեծելը, լրագրողի մասնագիտական գործունեությանը ծեծով խոչընդոտելը՝ դարձան սովորական: Այնպես որ, Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին չընդունելու եւ չսիրելու ծավալները եթե չեն մեծացել, ապա հաստատ չեն էլ պակասել, ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ 152 971 ձայն ունի, որին կարելի է գումարել ՀՀ նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանին, Վազգեն Մանուկյանին, Արտաշես Գեղամյանին տրված ձայների մի մասը: Գումարած՝ Սերժ Սարգսյանից ու նաեւ Արթուր Բաղդասարյանից, Վահան Հովհաննիսյանից հիասթափված անձանց ձայները, ու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին կարող է գրանցվել մոտ 200 000 ձայն:

«Ժառանգությունը» 2008-ի ընտրություններին պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ ԱԺ ընտրություններում Երեւանում ստացել էր 53 655 ձայն: Հաշվի առնելով կուսակցության ակտիվ գործունեությունը՝ այս ընթացքում «Ժառանգության» ձայները հաստատ չեն նվազել:

Մեկ էլ Տիգրան Կարապետյանն է որոշել մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Սակայն 2007-ին Երեւանում նրա կուսակցության ստացած 11 686 ձայնը, իսկ 2008-ին՝ Տիգրան Կարապետյանի ստացած 4434 ձայնը չափից դուրս համեստ ցուցանիշներ են:

2007-ի ընտրություններին Երեւանում մասնակցել է 403 284 ընտրող, 2008-ին՝ 540 630 ընտրող: Եթե մոտ 30 տոկոս աճի միտումը պահպանվի, կստացվի, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է մոտ 720 000 ընտրող, ինչը, սակայն, քիչ հավանական է, որովհետեւ, ըստ 2007-ի տվյալների՝ Երեւանում կա 751 083 ընտրող: Ամենայն հավանականությամբ, Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի մոտ 550 հազար մարդ: Այդ դեպքում ընտրություններին առաջադրվածներից ոչ մեկը 50 տոկոս գումարած 1 ձայն չի ստանում: Ձայների մոտ 36 տոկոսը ստանում է Հայ ազգային կոնգրեսը, 10 տոկոս՝ «Ժառանգությունը», լավագույն դեպքում՝ մոտ 18 տոկոս ՀՀԿ-ն, 10 տոկոս՝ ԲՀԿ-ն: Իսկ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը նվազագույն 7 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի: 7 տոկոսը չհաղթահարածների ստացած ձայները վերաբաշխվում են շեմը հաղթահարածների վրա, եւ ստացվում է, որ ընդդիմությունը՝ ՀԱԿ գումարած «Ժառանգություն», Երեւանում վերցնում է իշխանությունը: Ի դեպ, միանգամայն սահմանադրական ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել