Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մարտի 20-ն է

Մարտ 20,2009 00:00

Պետական կառույցները փորձում են ահազանգը մոռացության տալ

\"\"Ամիսներ շարունակ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը եւ մենք գրում-ահազանգում էինք, որ Լոռու մարզում՝ Դսեղի անտառներում ապօրինաբար հատվում են հազվագյուտ ծառեր եւ տեղափոխվում Հայաստանից դուրս: Դատելով գործընթացի սահուն ընթացքից եւ պատկան կառույցների պասիվությունից, «ՉԻ»-ն եւ «Առավոտը» եզրակացրել էին, որ ապօրինի անտառահատումների գործում շահ ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրատվամիջոցների ահազանգերը պատկան մարմինները՝ ՀՀ բնապահպանության նախարարություն, «Հայանտառ», Լոռու մարզպետարան, նախ հերքում էին, ապա թերեւս ճարահատված հայտարարեցին, թե հարցով զբաղվում է «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհուրդը» (նախագահ՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) եւ մինչեւ մարտի 20-ը (ընդգծումն իմն է- Ա. Զ.) հանրությանը կիրազեկի իր ուսումնասիրությունների արդյունքների մասին: Այսօր մարտի 20-ն է, եւ ոչ նշյալ խորհուրդը, ոչ վերը նշված պետական երեք կառույցները մամուլի ասուլիսի կամ հանրությանը իրազեկելու տրամաբանության մեջ տեղավորվող որեւէ այլ միջոցառման հրավեր չեն արել:

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստն է տեղի ունեցել: ՀՀ կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 34 հարց՝ վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության եւ գրանցման մատյանի ձեւերը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացման եւ բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին, Վիլեն Գաբրիելյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, Հարավային (Լատինական) Ամերիկայի երկրների հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագիրը հաստատելու մասին, երեք հարց՝ հողերի կատեգորիան փոխելու մասին եւ այլն: Կառավարության նիստում հարցի մասին խոսելը մեծ վերապահումներով կարելի է համարել՝ հանրությանը իրազեկել: Սակայն Դսեղի անտառների մասին այնտեղ էլ չեն խոսել:

Ստացվում է, որ Դսեղի անտառներում ապօրինի անտառահատումների հարցով զբաղվողները ոչ միայն ոչինչ չեն անում, այլեւ հարկ չեն համարում ինչ-որ բան անելու համար (ԱԺ որոշ մշտական հանձնաժողովների նման) պարբերաբար ժամանակ խնդրել: Ստացվում է, որ պետական չորս կառույց երկու մեծ սուտ են խոսել. նախ՝ թե անտառահատումների հարցով զբաղվում են, եւ ապա՝ թե մինչեւ մարտի 20-ը հանրությանը կիրազեկեն, թե ինչ են արել: Պետական չորս կառույցները սնվում են հանրության՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին եւ չեն էլ բարեհաճել այդ քաղաքացիներին գոնե բացատրել, թե ինչու է ուշանում խոստացված իրազեկումը: Ստացվում է, որ այս կառույցները նաեւ արհամարհում են ՀՀ քաղաքացիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել