Համայնքապետերը եւ համայնքի բնակիչները պետք է մտածեն համայնքի մասին
Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 12 տարեկան է, Հայաստանում կա 926 համայնք, Երեւանից դուրս՝ 914: Վերջին տարիներին շատ է խոսվում համայնքների խոշորացման մասին, նշվում է, որ դա կբերի միջոցների առավել ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործման: Սրա հետ բոլորն են համաձայն, առավել եւս, որ դեռ կան համայնքներ, ուր համայնքային՝ տեղական իշխանությունը նստավայր չունի:
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մեզ հետ զրույցում չժխտելով մի շարք համայնքներում համայնքապետի նստավայրի բացակայության փաստը, նկատեց, որ խոսքը ավելի շատ ոչ թե գյուղապետարան, այլ համայնքային կենտրոն ունենալու մասին է, ուր, բացի գյուղապետարանից, կլինի նաեւ գրադարան, դահլիճ, որտեղ կարելի է համայնքային նշանակության միջոցառումներ անցկացնել: Այսօր վերը նշված 914 համայնքներից միայն 642-ում կան համայնքային կենտրոններ: Վերջին 12 տարում կառուցվել է 15 համայնքային կենտրոն: Եվս 7 համայնքում կենտրոն ունենալու համար շենք-շինություն է գնվել: Ամենալավ վիճակում Վայոց ձոր մարզն է. մարզի 44 համայնքներից միայն մեկում չկա համայնքային կենտրոն: Ամենաանմխիթար վիճակը Գեղարքունիքի մարզում է՝ 92 համայնքից միայն 9-ում կա համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոն չունեցող համայնքներում համայնքապետարանը տեղակայված է հիմնականում մշակույթի տանը: 13 համայնքում (Արմավիր՝ երկու համայնք, Գեղարքունիք՝ երեք, Լոռի՝ մեկ, Կոտայք՝ երկու, Շիրակ՝ երկու, Սյունիք՝ մեկ, Վայոց ձոր՝ մեկ, Տավուշ՝ մեկ) համայնքապետարանի համար շենք է վարձակալվում: Ընդ որում, 9 դեպքում՝ անվարձահատույց: Չորս շենք-շինության վարձակալման տարեկան գումարը 300 հազարից 3.6 միլիոն դրամ է, ընդամենը տարեկան՝ 4.92 միլիոն դրամ: Այս տարվա փետրվարի 25-ին Կոտայքի մարզի Արտավազ համայնքում բացվեց համայնքապետարանի նոր շենքը: Կառավարությունը շարունակելու է համայնքային կենտրոններ կառուցելու քաղաքականությունը: Իսկ Ա. Գեւորգյանը մեզ ասաց, որ կան դեպքեր, երբ գյուղապետարանը անշենք է մնացել գյուղապետի մեղքով: Առանց անուններ տալու, նախարարը տեղեկացրեց, որ, օրինակ, Իջեւանի շրջանի գյուղերից մեկի գյուղապետը «ժամանակին բարեհաջող օտարել է համայնքի սեփականություն հանդիսացող շենքը, որտեղ հիմա գտնվում է համայնքապետարանը»: Այս հարցն այժմ ուսումնասիրվում է, եւ նախարարը հույս ունի, որ նման բացասական երեւույթները կբացառվեն՝ ՏԻՄ մասին օրենքով համայնքների նկատմամբ հսկողությունը լիարժեք կիրականացվի:
Ինչպես ասվեց, համայնքային կենտրոնի բաղկացուցիչներից մեկն էլ գրադարանն է: Երեւանից դուրս գտնվող 914 համայնքներում համայնքային ենթակայության 962 գրադարան կա, գործում է 871-ը: Այս բոլոր գրադարաններում պահվում է ավելի քան 11 միլիոն միավոր գրականություն: Տավուշի 62 համայնքներում կա մեկական գրադարան: Արագածոտնի 114 համայնքներում՝ 110 գրադարան: Մնացած մարզերի մի շարք բնակավայրերում կան մեկից ավելի գրադարաններ եւ արդյունքում՝ ավելի շատ գրադարաններ՝ քան համայնք: Հիանալի վիճակ է չորս մարզերում: Արագածոտնում գործում են բոլոր 110, Կոտայքում՝ բոլոր 72, Շիրակում՝ բոլոր 127, Սյունիքում՝ բոլոր 129 համայնքային ենթակայության գրադարանները: Ամենացավալի վիճակը Լոռու մարզում է: 113 գրադարանների կեսը՝ 57 գրադարան չի գործում:
Զրույցի վերջում Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեցինք. համայնքային կենտրոնների բացակայությունը կարո՞ղ է իշխանությունների նկատմամբ վստահության վրա ազդել, մասնավորաբար՝ մարդիկ կսկսեն մտածել, թե իշխանությունը «գյուղապետի մասին հոգ չի տանում, մեր մասին կմտածի՞»: Ըստ Արմեն Գեւորգյանի, հարցը բարդ է եւ միանշանակ պատասխան չունի: Տեղական իշխանությունները ձեւավորվում են հենց համայնքի բնակիչների կամոք, եւ, դատելով տեղական իշխանությունների տեղական հարկերը՝ հողի հարկ, գույքահարկ, հավաքելու ցածր մակարդակից, այդ իշխանությունները հարգանք չեն վայելում: «Ամեն դեպքում ես կարծում եմ, որ շուտով գալու են այն ժամանակները, որ ամեն համայնք իր ձգտումներով ունենալու է իր համայնքային կենտրոնը: Պետությունը համայնքներին դոտացիաները ամբողջությամբ տվել է եւ տալու է: Այս տարի վեց միլիարդ դրամով ավելի դոտացիա է տրվելու: Բայց համայնքի բնակիչները պետք է մտածեն համայնքի, համայնքապետարանի մասին, ընտրված գյուղապետը պետք է ամեն ինչ անի: Ցավոք, մարդիկ շատ հարցերի լուծումը կապում են Երեւանում նստած իշխանությունների հետ եւ ոչ տեղական մարմինների»,- հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարը:
Նախարարությունում առաջին օրը չէ, որ քննարկվում է համայնքների խոշորացման ծրագիրը, որը, ըստ մեր զրուցակցի, համայնքներում սխալ է ընկալվում: Ոմանք ենթադրում են, որ համայնքների խոշորացում նշանակում է մի համայնքի բնակիչների վերաբնակեցում հարեւան համայնք: «Մինչդեռ խոսքը համայնքների կառավարման օպտիմիզացիայի մասին է. եթե երեք համայնք միավորվի եւ դառնա մեկը, այդ մեկը հաստատ ունենալու է գյուղապետարան եւ համայնքային կենտրոն»,- վստահ է Արմեն Գեւորգյանը:
Հ. Գ. Վիճակագրական բոլոր տվյալները մեզ է տրամադրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: