Երեւանի բնակիչ Շողիկ Հովհաննիսյանը հանրային-մասնավոր շահից տուժածության 19 տարվա «ստաժ» ունի
Արաբկիր համայնքում գտնվող նրա սեփական տունը (Գայդարի 103 հասցեում) Երեւանի քաղսովետն ու 26 կոմիսարների շրջանի գործկոմը՝ համապատասխան որոշումներով, վերցրել են դեռեւս 1990 թ., որպեսզի քանդեն ու տեղը կառուցեն մանկապարտեզ ու բնակելի տուն։ Գործադիրը միաժամանակ պայմանագիր է կնքում Շողիկի հետ եւ պարտավորեցնում կառուցապատող «Հայջրշին» ՊՓԲԸ-ին (որի իրավահաջորդը ՀՀ գյուղնախարարությունն է)՝ կառուցվող շենքից բնակարան հատկացնել Շողիկին։ Բայց վերջինիս բախտը չի բերում. իշխանափոխություն է լինում, կարգը փոխվում, եւ շենքի շինարարությունը դադարեցվում է։ Շողիկը՝ ստիպված, անտունի կարգավիճակով «հյուրընկալվում» է բարեկամների տանը՝ արդեն 19 տարի։ Շինարարությունը վերսկսվում է 2006-ին եւ արդեն «Ջրաօջախ» կոչվող կոոպերատիվի (ԲՇԿ) նախագահ եւ սեփականատեր Գառնիկ Հերոյանը Շողիկից՝ բնակարան տալու դիմաց, պահանջում է շուկայական գներին համարժեք գումար։ Շվարած Շողիկը դիմում է Երեւանի քաղաքապետարան, որը պետք է վերահսկեր նշված պայմանագրի իրականացումը։ Այնտեղից պատասխանում են, որ բնակարանի ապահովման հարցը պետք է լուծի գյուղնախարարությունը, քանի որ տունն իրացրած նախկին «Հայջրշինն» այժմ գյուղնախարարության ստորաբաժանումներից է։ Շողիկը դիմում է դատարան եւ գյուղնախարարությունից, «Ջրաօջախից» («Հայջրշինից») ու քաղաքապետարանից պահանջում իրեն հատկացվելիք բնակարանը։
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Սիմա Հովսեփյանը բավարարում է Շողիկ Հովհաննիսյանի հայցը եւ վճռում՝ նրան ընդգրկել կոոպերատիվի փայատերերի ցուցակում: Դատարանը պարտավորեցնում է «Ջրաօջախին»՝ կառուցվող շենքից Շողիկին հատկացնել երկու սենյականոց բնակարան՝ առանց փայավճար գանձելու։ Վճիռը մտնում է օրինական ուժի մեջ։ Չնայած դրան, Շողիկի լիազորված անձը՝ փաստաբան Նաիրա Ավետիսյանը (ներկայումս՝ դատավոր), մի կողմ է դնում իր վստահորդի շահերը եւ ի վնաս նրան դատական կարգով «հաշտության համաձայնության» գալիս նույն պատասխանողների հետ. նրանցից պահանջում է՝ Շողիկին ընդգրկել կոոպերատիվի փայատերերի ցուցակում եւ վճարել փայավճարը։ Ըստ այդմ, գյուղնախարարությունը 3 ամսվա ընթացքում «Ջրաօջախ» ԲՇԿ-ին պետք է փոխանցեր $22 000-ին համարժեք դրամ, որպեսզի Շողիկը կարողանար սեփականության իրավունքով տիրապետել խնդրո առարկա բնակարանը։ Սույն հայցադիմումը եւս քննում է նույն դատավոր Ս. Հովսեփյանը եւ գործը կարճում, քանի որ կողմերը «հաշտվում» են։ Դրանով դատավորը հնարավորություն է տալիս պարտապաններին՝ հետագայում վերացնել ի նպաստ Շողիկի՝ նախկինում կայացված վճիռը (առանց փայավճարի՝ Շողիկին բնակարան հատկացնելու վերաբերյալ) եւ նրան զրկել սեփական բնակարան ունենալու իրավունքից։ Գյուղնախարարությունը՝ պարզապես 3 ամսվա ընթացքում չի վճարում «Ջրաօջախի» 22 000 դոլարը, եւ Շողիկը կորցնում է կոոպերատիվի փայատեր դառնալու իրավունքն ու բնակարանը։ Սահմանափակվում է Շողիկի՝ դատական պաշտպանությունից օգտվելու իրավունքը եւս։ Ավելի ուշ պարզվում է, որ գյուղնախարարության կողմից «հաշտության համաձայնություն» կնքած անձը նման լիազորություն չի ունեցել։ Տուժածի՝ այդ ուղղությամբ նախաձեռնած ջանքերը նույնպես որեւէ արդյունք չեն տալիս։ Գործը «կոծկել» են դատական ատյաններում, կառավարությունում, արդարադատության նախարարությունում։
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում» սույն գործն ուսումնասիրել են, վեր հանել խախտումները, բարձրաձայնել, բայց, ի վերջո, արձանագրել են, որ բոլոր ճանապարհները տանում են փակուղի։ Ուստի՝ հարց է առաջանում. ի վերջո, ո՞վ է փոխհատուցելու պետության կարիքների զոհ դարձած Շողիկ Հովհաննիսյանին՝ ոչ իր մեղքով կորցրած սեփական անշարժ գույքի դիմաց։