Բոլորի՝ ծերանոցում հայտնվելու պատճառը մեկն է՝ լքվածություն
82-ամյա Ջեմմա Ազատյանն արդեն 2 տարի բնակվում է Երեւանի Նորքի տուն- ինտերնատում: «Մինչ այդ որպես թերապեւտ եմ աշխատել Մալաթիայում, 7 տարի էլ աշխատել եմ Սիբիրում: Աղջիկս ամուսնացել եւ ապրում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում: Նա հիվանդ էր կրծքագեղձի քաղցկեղով: Նրան խնամելու համար վաճառեցի բնակարանս, գնացի Բուլղարիա: Սակայն որոշ ժամանակ անց աղջկաս ամուսինը ինձ տնից դուրս հանեց, ասելով, որ ինքը չի կարող պահել եւ հիվանդ կնոջը, եւ ինձ: Ես վերադարձա Հայաստան, սակայն տեղ չունեի գնալու եւ եկա այստեղ: Դրանից մի տարի անց իմացա, որ աղջիկս մահացել է: Ինձ համար դժվար է դիմանալ ցավին, բայց ինձ օգնեցին ինտերնատի հոգեբանը, բուժքույրերը: Այնպես որ, ես շատ շնորհակալ եմ նրանցից»,- «Առավոտին» ծերանոցում հայտնվելու իր պատմությունը պատմեց տիկին Ջեմման: Նա ինտերնատի մի հարկի ավագն է եւ հետեւում է, որպեսզի իր հասակակիցները հարկում կարգուկանոն սահմանեն:
Նորքի տուն-ինտերնատում այսօր 230 ծեր է բնակվում: Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի պատմությունն ունի, սակայն, կարելի է ասել, բոլորի՝ ծերանոցում հայտնվելու պատճառը մեկն է՝ լքվածություն:
Մարուսյա Սարգսյանը 70 տարեկան է՝ Գյումրիից: Նա այստեղ է արդեն 3 տարի: Մ. Սարգսյանի պատմելով՝ 17 տարի ամուսնացած է եղել, պահել ամուսնու երեխաներին, բայց ամուսնու մահից հետո խորթ երեխաները նրան տնից վռնդել են: Եղբոր մահից հետո էլ տիկին Մարուսյան տեղափոխվել է ծերանոց: Նրա խոսքերով. «Արդեն հարմարվել եմ, կարեւորն այն է, որ գլխիս տանիք կա»:
Արեւհատ Գալստյանի հոգսը ծերանոց տեղափոխվելուց հետո անհամեմատ թեթեւացել է. «Ես այստեղ եմ արդեն 3 տարի: Ամեն ինչից գոհ եմ, տաքությունը կա, լույսը կա, հեռուստացույցը կա, կերակուրը կա: Ոչինչ չունեմ դժգոհելու»:
Ա. Գալստյանի սենյակակից տիկին Սվետլանան անհամբեր սպասում է թոռների «հաջողություններին», որպեսզի այստեղից դուրս գա. «Խնդիրն այն է, որ բնակարան չունենք»: Նա հույս ունի, որ տան խնդիրը լուծվելուց հետո իրեն անպայման ծերանոցից տանելու են:
Իշխանուհի Բաղդասարյանը ծերանոցի նոր բնակիչներից է: Նա ինտերնատ է եկել 6 ամիս առաջ եւ, ինչպես ինքը պատմեց՝ որդու հարբեցող լինելու պատճառով: Նրա խոսքերով, չնայած այժմ որդին խնդրում է նրան տուն վերադառնալ, սակայն 70-ամյա տիկին Իշխանուհին դեռ վախենում է:
Ծերանոցի վաղեմի բնակիչներից է Ռաֆայել Ավետիսյանը: Նրա խոսքերով. «Ես 84 տարեկան եմ: Ծերանոց եմ եկել ընտանեկան խնդիրների պատճառով. 27 տարի չեմ տեսել զավակներիս: Աղջիկս Ֆրանսիայում է, տղաս՝ Վոլգոգրադում: Այստեղ եմ արդեն 10 տարի»:
Ծերանոցի 10 տարվա բնակիչ է Նելլի Խաչատրյանը: 85-ամյա տիկին Նելլին սիրում է գործել, կարել, ստեղծագործել: Ունի իր բանաստեղծությունների գիրքը: Նրա մեկնաբանմամբ, ամեն բանաստեղծություն իր կյանքի փոքրիկ պատմությունն է, իր ապրումները եւ զգացողությունները: