Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կես մլն ադրբեջանահայերին կրկին «մոռացան»

Մարտ 20,2009 00:00

Խուսափել են անգամ հիշատակել նրանց

«Տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները կրկին նենգափոխել են փախստականների խնդրի էությունը՝ այն դիտարկելով բացառապես ադրբեջանցիների՝ ներկայումս ԼՂՀ պետական տարածքում գտնվող իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու համատեքստում եւ, փաստորեն, խուսափել են անգամ հիշատակել կես միլիոն ադրբեջանահայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին»,- ասված է «Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցի երեկ տարածած հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները հարկ են համարում բանակցային գործընթացին մասնակից բոլոր կողմերին կրկին հիշեցնել, որ ընդհանրապես Ադրբեջանում գրանցված փախստականների թիվը, այդ երկրի պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում է ընդամենը ութ հազար մարդ, որոնց զգալի մասը ադրբեջանցի չէ. «Համանախագահները «վերակենդանացրել» են նաեւ այն մեռելածին գաղափարը, որի համաձայն՝ ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին հնարավոր կլինի միայն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված հասարակական կազմակերպության լիարժեք մասնակցության պայմանով: Համանախագահների առաջարկների տրամաբանությունից բխում է, որ ներկայիս ԼՂՀ տարածքում գտնվող իրենց նախկին բնակավայրերը պետք է վերադառնան դրանք լքած բոլոր ադրբեջանցիները, իսկ որպես ԼՂ ադրբեջանական համայնք կդիտարկվեն միայն այն ադրբեջանցիները, որոնք բնակվում էին նախկին ԼՂԻՄ տարածքում: Ու ոչ մի խոսք Հյուսիսային Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքների կամ գոնե ԼՂՀ մաս դարձած, սակայն Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակիչների՝ իրենց օջախները վերադառնալու իրավունքը ապահովելու անհրաժեշտության մասին: Հատկանշական է, որ երբ ՀՀ արտգործնախարարին հարց է ուղղվում ադրբեջանահայ փախստականների ճակատագրի վերաբերյալ, նա խուսափում է պատասխանից՝ իր պահվածքն արդարացնելով բանակցությունների մանրամասները չբացահայտելու անհրաժեշտությամբ»:

Հայտարարության հեղինակները պնդում են, որ հայ փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրը պետք է առանձնահատուկ կարեւորություն ձեռք բերի ՀՀ եւ ԼՂՀ կողմից՝ այս կամ այն կերպ բանակցային գործընթացին առնչվող պաշտոնատար անձանց համար: Նրանք նաեւ պահանջում են, որպեսզի այդ խնդրին վերաբերվող բանակցային մանրամասները հասու դառնան մեր հասարակությանը ու լիովին գաղտնազերծվեն, ինչը հնարավոր կդարձնի կանխել մեր կես միլիոն հայրենակիցների շահերի ոտնահարման հաշվին որեւէ մութ գործարքի իրականացման հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել