Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մարտ 20,2009 00:00

\"\"Ասում է փաստաբանը, իսկ իրավապաշտպանը ՔՕ 225-րդ հոդվածի 5-րդ կետի ընդունումն անընդունելի է համարում

Այս շաբաթ հայրենի խորհրդարանը իր քառօրյա նիստերում առանց դիմադրության ընդունեց «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը»: Հիշեցնենք, որ դրանցով փոփոխություններ կատարվեցին ՔՕ 225-րդ՝ «զանգվածային անկարգություններ», 300-րդ՝ «պետական իշխանությունը յուրացնելը», նաեւ 301-րդ՝ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը», հոդվածներում: Սրանք այն հոդվածներն են, որոնք, թերեւս, «ամենաքաղաքականացվածն» են հիշյալ օրենսգրքում եւ անմիջականորեն առնչվում են մարտիմեկյան դեպքերից հետո կալանավորված եւ դատապարտված քաղբանտարկյալների գործերին:

Մարտի 17-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կիսադատարկ դահլիճում ներկա օրենսդիրներին ներկայացնելով հիշյալ հոդվածներում կատարված փոփոխությունները՝ հայտարարել էր, թե՝ «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալով՝ մենք հիմա հանգիստ սրտով այն ներկայացնում ենք ձեր դատին»: Իհարկե, այդ պահին նա այնքան էլ անկեղծ չէր եղել եւ չէր հիշեցրել, որ առաջարկվող փոփոխություններում, մասնավորապես՝ ՔՕ 225-րդ հոդվածում կա մի կետ, որը Վենետիկի հանձնաժողովի դատին այդպես էլ չէր ներկայացվել: Խոսքը հիշյալ հոդվածի 5-րդ եւ ԱԺ-ում օրինագծի 1-ին ընթերցման ժամանակ ամենավիճահարույց կետն էր, որը արդյունքում՝ Վենետիկ ուղարկելուց առաջ քվեարկության չդրվեց: Հիշեցնենք, որ հոդվածի 5-րդ կետով սահմանված է. «Եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկարգությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության»:

«Ես ուրախացա, երբ Դ. Հարությունյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախագծից հանվել է 225 հոդվածի 5-րդ կետը: Բայց ինձ համար շատ տարօրինակ ու զարմանալի է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո այդ կետը օրինագծում վերականգնվեց եւ ընդունվեց ԱԺ կողմից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը՝ համարելով, որ դրանով օրենսդիրները ՔՕ-ում նոր հանցակազմ ներմուծեցին: Նա այս, ինչպես նաեւ մարտի 18-ին խորհրդարանի կողմից ընդունված «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը համարեց մի շղթայի տարբեր օղակներ: «Դրանք այլեւս մեկնաբանման ենթակա էլ չեն եւ ակնհայտորեն ի ցույց են դնում այն, որ իշխանությունները նպատակ ունեն ոչ թե ժողովրդավարական կամ իրավական, այլ՝ ոստիկանական պետություն, ռեժիմ ստեղծել: Հիշյալ օրենքների փոփոխությունների տրամաբանությունը միայն այսպիսի ուղղվածություն ունի: Ավելին, ՀՀ ՔՕ 225, 300 եւ 301 հոդվածների փոփոխությունները թե՛ իրենց դիսպոզիցիայի, թե՛ սանկցիայի առումով խստացվել են եւ որեւէ աղերս չունեն ժողովրդավարացման կամ գոնե, ինչպես իշխանություններն էին ասում, հոդվածների հստակեցման հետ»,- նկատեց փաստաբանը՝ պնդելով, որ դա ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլեւ Եվրոպական կոնվենցիայով Մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարում է: Նրա մատուցմամբ, այդ կետի կիրառումը գործողությունների անսահմանափակ ազատություն է տալիս ոստիկաններին: Հ. Արսենյանի ասելով, եթե խաղաղ հանրահավաքների, ցույցերի կամ երթերի ընթացքում իրավապահ մարմինների որեւէ աշխատակից գտավ, որ փողոցի այս հատվածով անցնելն արդեն զանգվածային անկարգություն է, որ երթեւեկությունը խախտվեց, ու բարձրախոսով հայտարարի, թե տեղի է ունենում զանգվածային անկարգություն, անհապաղ հեռացեք տարածքից, իսկ քաղաքացիներից որեւէ մեկը, որ դժվարանում է տեղաշարժվել կամ ոստիկանի հրահանգը չի լսել՝ արդեն հանցագործ է: Նույն պատճառաբանությամբ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքներով էլ ոստիկանության զինծառայողը իրավունք է ստանում բերման ենթարկել մարդուն՝ պատճառաբանելով, թե դուք անհապաղ չեք հեռացել «դեպքի վայրից»: «Ստացվեց, որ մի ոստիկան՝ մահակը ձեռքին, որոշելու է՝ մարդը հանցագո՞րծ է, թե՞ ոչ: Այս՝ «հապաղել», «շտապ չհեռանալ» բառերը այլեւս իրավաբանական կատեգորիա դարձան: Այսպես չի կարելի: Համադրելով վերջին շրջանում ընդունված օրենքները, փոփոխությունները՝ հստակ է, որ մեր երկիրը դեպի բռնապետություն ճանապարհն է բռնել: Իշխանությունները դրանով փորձում են պատնեշել իրենց՝ հասարակությունից, ժողովրդից պաշտպանվելու համար»,- հայտարարեց փաստաբանը:

ՔՕ 225-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում իր դիրքորոշումը հայտնեց նաեւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա ասելով՝ «զանգվածային անկարգության վերածված միջոցառման մասնակցի նկատմամբ, եթե կազմակերպիչ չի եղել, որեւէ գործողություն չի կատարել, քրեական հետապնդում իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ» հարցադրումը, միանշանակ պատասխան ունի՝ «ոչ»: Նա պնդեց եւս մեկ անգամ, որ եթե անձը զանգվածային անկարգության ժամանակ որեւէ գործողություն չի կատարել, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը ահաբեկման փորձ է: Դա ահաբեկման փորձ է նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ պահին կարող են հայտնվել «դեպքի վայրում» կամ ներկա լինել որեւէ հավաքի, որը կարող է վերաճել անկարգության, բայց որի ընթացքում գործողության մասնակիցն անձամբ ջարդել-փշրելու գործողություններ չի կատարել: «Ինձ համար սա բացարձակապես անընդունելի է: Քրեական հետապնդում պետք է իրականացվի միայն այն մարդու նկատմամբ, որը կատարել է կոնկրետ գործողություն, որը համարվում է հանցագործություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել