Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսեց նաեւ «ՄԱՊ-ի Ալիկը»

Մարտ 20,2009 00:00

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով կառավարությունն առաջարկում է իր սահմանած կարգով ընտրված ընկերությունների կողմից որոշակի ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների ժամկետը հետաձգել մինչեւ 3 տարի ժամկետով, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթը կազմում է 300 մլն դրամ եւ ավելի: Դրույթը գործելու է մինչեւ 2011թ.: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը գտնում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է խրախուսի ներդրումային ծրագրերի իրականացումը եւ նպաստավոր պայմաններ ստեղծի տնտեսվարողների համար: Նա տեղեկացրեց, որ օրինագիծը երկարատեւ քննարկումների փուլ է անցել. հանձնաժողովում պատգամավորները դեմ են եղել որոշակի ծածկագրերին դասվող ապրանքների մասով կառավարության տարբերակված մոտեցմանը, առաջարկել են ընդլայնել ծածկագրերի ցանկը, սակայն կառավարությունը այդ քայլը ռիսկային է դիտարկել: «ՄԱՊ» ընկերության սեփականատեր, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը բավականին կրքոտ ելույթ ունեցավ, եւ լրագրողները զարմացան, որ այս պատգամավորը կարող է այդքան պերճախոս լինել: Պարզ է, որ այս դեպքում խոսում էր ոչ այնքան պատգամավորը, որքան բիզնեսմենը:

Պարոն Պետրոսյանի կարծիքով, այս օրինագծով կառավարությունը փորձում է տարբերակված մոտեցում ցուցաբերել. «Ես հիշեցի, երբ որ «Փարոսը»-ը մտցրել էին, 90-ական թվականներին, ասում էին՝ «Փարոս»-ից օգտվելու համար առնվազն գունավոր նկար պիտի բերես, որ քո հերն ու մերը մասնակցել են Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմին, եւ ցանկալի կլինի, որ գերմանացու հետ նկարված լինեն, որ հավատանք: Հիմա ես ուզում եմ ճշտում մտցնել՝ ի՞նչ է նշանակում խթանել արտադրությանը: Նախ՝ Հայաստանը այն երկրներից է, որ բոլոր արդյունաբերական ձեռնարկություններում 3 տոկոս մետալալոմ է: Օգնելն էն ա, որ եթե մարդը 1 միլիոնանոց սարքավորում է բերում, դրա հավաքելն արդեն մեկ տարի է, ընենց որ՝ եկեք 3 տարվա մտքից հրաժարվենք եւ թողնենք 2 տարի: Երկու տարի հետո մարդը ԱԱՀ-ն նորից մուծում է: Հլը մի հատ օրինակ վերցրեք, աշխարհի ո՞ր երկիրն ա թողում էս ձեւով սարքավորում բերեն: Եթե մենք պտի օրենք գրենք եւ էդ օրենքը պիտանի պտի չլինի մեր արտադրությանը, ինչի՞ համար ենք գրում: Ձե՞ւ ենք թափում, որ տեսեք՝ մենք էլ ենք ինչ-որ մի բան անում, մենք ոչ մի բան էլ չենք անում»: Ալեքսան Պետրոսյանը նկատեց նաեւ, որ ժամանակն է վերջ տալ չինովնիկական քաշքշուկին. «վերջիվերջո մենք էս չինովնիկական երեւույթներին ե՞րբ ենք վերջ տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել