Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԿ-ն չի մասնակցի

Մարտ 20,2009 00:00

ՀԿԿ ԿԿ-ն երեկ որոշել է բոյկոտել Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները

ՀԿԿ կենտկոմը որոշել է բոյկոտել 2009 թվականի մայիսի 31-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները, եւ երեւանյան կոմունիստական ընտրազանգվածին էլ կոչ են անում հետեւել իրենց օրինակին: ՀԿԿ ԿԿ երեկ ընդունած որոշման մեջ մատնանշված պատճառները հետեւյալն են. «1990 թվականից երկրում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրությունները միշտ էլ ընթացել են ընտրողների իրավունքների կոպիտ խախտումներով եւ այլ արատավոր երեւույթներով: Իշխանությունների՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու երաշխիքները կարծես խթան են հանդիսանում բոլոր խախտումների, լցոնումների, կեղծիքների համար, եւ ընտրություններն ավարտվում են ծեծ ու ջարդով, մարդկային զոհերով եւ այլ հանցավոր երեւույթներով: Նշվածի ապացույցն են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները, երկրում ընթացող դատավարությունները եւ այդ հարցերի մասին Եվրախորհրդի ընդունած երեք բանաձեւերը: Երկրում ընթացող քաղաքական, տնտեսական ճգնաժամը, դոլարային խաղերը, աղքատությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների խայտառակ աճը եւ սպասվելիք նոր թանկացումները, մարդկանց անպաշտպանվածությունն ու հուսահատությունը, գործազրկությունը ավելի նպաստելու են ինչպես ընտրողների, այնպես էլ բոլոր տիպի հանձնաժողովների առանձին անդամների եւ վստահված անձանց կաշառելուն: Փաստորեն, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, աճուրդի են հանվելու Երեւանի կառավարման բոլոր օղակները»: Այն, որ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները անցնելու են «փորձված» մեթոդներով եւ ձեւերով, ըստ կոմունիստների, վկայակոչում է նաեւ ընտրություններից երեք ամիս առաջ նոր քաղաքապետի նշանակումը՝ «կոալիցիոն ուժերի գլխավոր կուսակցության անդամը», ում տրամադրված են «կուսակցության եւ մայրաքաղաքի ամբողջ քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսները»: Այս ամենի արդյունքում՝ «Խոսել գաղափարական պայքարի, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման եւ մայրաքաղաքում կատարվող ապօրինությունների եւ սոցիալական անարդարությունների վերացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին, ավելորդ է»: Նաեւ՝ անցումային շեմի 7 տոկոսի բարձրացումը եւ ընտրագրավի սահմանումն, ըստ կոմունիստների, քաղաքական շատ ուժերի զրկում են ընտրություններին մասնակցելու հնարավորություններից: Ի դեպ, կոմունիստները մտավախություն ունեն, որ այդ ընտրություններում նոր «մարտի 1» կլինի, քանի որ համոզված են, որ մեկ անգամ խաղաղ ցուցարարների վրա ձեռք բարձրացնող իշխանությունները երկրորդ անգամ էլ կգնան դրան:

Արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ՀԿԿ-ն իշխանություններից գումար է ստացել մայիսմեկյան տոնակատարությունների համար, կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց. «Եթե ՀԿԿ-ն առաջին անգամ որոշեր մասնակցել մայիսմեկյան տոնակատարությանը, գուցե մամուլի բարբաջանքները ճիշտ լինեին: Բայց ՀԿԿ-ին ինչքան էլ ճնշել են, ժամանակին արգելել են մայիսի 1-ը, թերահավատորեն են վերաբերվել, ասել են՝ միայն տարեցներն են գնում, առանձին կադրեր են ցույց տվել՝ թե նոսրացած են շարքերը, միեւնույն է՝ ՀԿԿ-ն հավատարիմ է մնացել աշխատավորության տոնին եւ այս տարի էլ տոնելու է: Նման զրպարտանքները ոչինչ են: Եթե մարդն ուղիղ է կանգնած՝ նշանակություն չունի, թե նրա ստվերը քանի աստիճանի տակ է: Իսկ ՀԿԿ ղեկավարությունն ուղիղ է կանգնած: Մենք իշխանությանը միշտ էլ քննադատել ենք. ասել ենք եւ ասում ենք, որ այս համակարգը ռակով հիվանդ է ու պիտի հեռանա: Այս իշխանությունն իր «կլորիկ» գումարները կտա նրանց, ում մինչեւ հիմա տվել է»: «Առավոտի» դիտարկմանը՝ հնարավո՞ր է համատեղվեն ՀԿԿ եւ ՀԱԿ մայիսմեկյան հանրահավաքները, նա պատասխանեց. «ՀԱԿ-ը շատ կցանկանար, որ համատեղվեր, եւ ես նույնիսկ կարծում եմ, որ դա հատուկ մտածված քայլ է: Բայց ՀԿԿ-ն ունի իր սխեման՝ մեր հավաքատեղին լինելու է նույն տեղը, ժամերը եւ ճանապարհը նույնպես մնալու են նույնը, եթե ՀԱԿ-ը որոշի խանգարել կոմունիստների մայիսմեկյան շքերթը՝ իրենց գործն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել