Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ

Մարտ 19,2009 00:00

Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր դիմել 79-ամյա Ջեմմա Մանասյանը: Նրան վրդովեցրել էր օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուներից մեկի հայտարարությունը, որ այն ավանդատուները, որոնք ընդգրկված չեն նպաստառուների ցուցակում, առայժմ չեն կարող հաշվառվել եւ խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցումը ստանալ: Ըստ տիկին Մանասյանի՝ «Նախարարության պաշտոնյան ասաց՝ երբ ձեր մասին հայտարարություն կլինի, այն ժամանակ էլ կհաշվառվեք: Վիրավորական էր այն, որ երբ նրան հարց տվեցին այդ մասին, նա ասաց, որ մեր տարիքի մարդիկ գրեթե չեն մնացել, եղածներն էլ քիչ թիվ են կազմում: Ես 79 տարեկան եմ եւ «Փարոսի» անդամ չեմ: Ունեմ ծանոթներ, որոնք նույնպես 80-ն անց են եւ նպաստառու չեն, եւ Աստված գիտե, երբ կգա մեր հերթը: Թե՞ սպասում են, որ մեզ մի բան լինի ու այդպես էլ չհաշվառվենք»:

Երեկ «Առավոտը» աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե նպաստառուների ցուցակում չընդգրկված, բայց 70-ն անց ավանդատուները ե՞րբ են հաշվառվելու եւ նրանց հերթը ե՞րբ է հասնելու: Վարչությունից հայտնեցին, որ կա հաստատված ցանկ, եւ ամեն տարի պետբյուջեի հատկացրած գումարի սահմաններում ավանդատուների որոշ խումբ փոխհատուցում ստանում է.« Ցուցակում ընդգրկված են 65 հազար ավանդատուներ, որոնք նաեւ ընդգրկված են ընտանեկան նպաստի ցուցակում: Երբ այդ ցուցակը վերջանա, գուցե ԱԺ-ն եւ կառավարությունը նպաստառուների ցուցակում չընդգրկվածների համար նոր օրենք եւ կարգ հաստատեն, այդ ժամանակ նոր գործընթաց կսկսվի: Առայժմ այդ մասին մենք չենք կարող խոսել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել