Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԵՐԳԵԼԸ ՎԱՏ ՄԻԿՐՈՖՈՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

Մարտ 19,2009 00:00

Վերջերս երգիչներին մեծ անհանգստություն պատճառած ֆոնոգրամայի արգելքը կապված է ոչ միայն կենդանի կատարելու, այլեւ համերգասրահների տեխնիկական ոչ բավարար հագեցվածության հետ: Այս մասին երեկ «Դե ֆակտո» ակումբում խոսեցին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը եւ նույն խմբի դիրիժոր-խորհրդատու, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը: Մ. Վարդազարյանն ասում է. «Ֆոնոգրամայի մերժումը օգտակար է հենց իրենց՝ կատարողներին, որովհետեւ մշտապես ֆոնոգրամայով երգելու դեպքում կատարողի աճը դադարում է, այլեւս կենդանի երգեցողությունը նրա համար անհասանելի է դառնում: Կան շատ շնորհալի երիտասարդներ, որոնք ափսոս կլինի, եթե միայն ֆոնոգրամայի հույսով ապրեն»: Նա նաեւ հավելեց, որ ժամանակին բոլոր երգիչները երգում էին նույնիսկ առանց միկրոֆոնի: Ե. Երզնկյանը դժգոհեց. «Այս որոշումն էլ լավ կյանքից չի բխել… մարդիկ փող են վճարում, բայց լսում են ձայնագրություններ: Փաստորեն, արդեն չափը անցել էին, ու ստիպված եղան այդ օրենքն ընդունել: Ինչ վերաբերում է դահլիճների ոչ բավարար տեխնիկական հագեցվածության մասին մտահոգություններին, ես համաձայն չեմ շատերի հետ, որ երգչի համար մի միկրոֆոն չեն կարող ապահովել: Լավ երգելը վատ միկրոֆոնի հետ կապ չունի»: Ըստ նրա, ֆոնոգրամայով երգելն էլ է տաղանդ պահանջում. «Ասում եմ պրոֆեսիոնալ երգիչների, երաժիշտների, կոմպոզիտորների անունից՝ ֆոնոգրամայի տակ երգելը, բերան բացել-փակելը շատ դժվար բան է, որովհետեւ խոսքերը մոռանում ես, շրթունքներիդ շարժումը չի համընկնում: Բայց ավելի լավ է մարդ լավ երգելու մեջ կատարելագործվի, քան շրթունքներ բացել-փակելու մեջ»:

Մ. Վարդազարյանը ափսոսում է, որ անցյալի շատ ու շատ երգիչների նման որակյալ կենդանի կատարումներ հանդիսատեսն այլեւս չի լսի: Ե. Երզնկյանն էլ հավելեց. «Երբ նույն պայմաններում են հայտնվում տարբեր որակի երգիչներ, միանգամից երեւում է նրանց մակարդակը, օրինակ՝ Ռուբեն Մաթեւոսյանի, Արման Հովհաննիսյանի նման «գազանների» կողքին մյուսները հաստատ լավ չեն երեւում»:

Ժամանակակից երգարվեստում, ըստ բանախոսների, ֆոնոգրամայի բացակության պարագայում խնդիրներ չեն ունենա Հայկոն, Մրոն՝ Արսեն Գրիգորյանը, Նունե Եսայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել