Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԺԱՆ ՍԵՔՍ

Մարտ 19,2009 00:00

Խոսքը էրոտիկ ամսագրերի մասին է

«Երկուսով», «Դու եւ Նա», «Տղամարդ եւ կին», «ըպջ ՍՏՎտսպՍրՏՉ», «ԽՈռՒ ոպջ ՏՑՊօւՈ», «Speed ԼվՒՏ»… Թվարկվածները էրոտիկա պարունակող ամսագրերի անուններ են, որոնք վաճառվում են Երեւանի գրեթե բոլոր կրպակներում: Նշենք նաեւ, որ էրոտիկ ամսագրերի այս ցանկը այսքանով չի սահմանափակվում ու կարելի է այսպես անվերջ թվել:

«Մի քանի օր առաջ բռնվեցի՝ մայրս անկողնուս տակից գտավ իմ էն ամսագրերից»,- ասում է 14-ամյա Վանուշիկը: «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ պատմեց, որ ամեն ամիս ընկերներով իրենց ասած՝ «խուժան» ամսագրերից են գնում եւ բոլորով բարձրաձայն կարդում. «Դե գիտեմ, որ մինչեւ 16 տարեկաններին չի կարելի վաճառել, բայց վաճառում են, իրենց ի՞նչ կա, առնող լինի: Հետո էլ թանկ չեն՝ երկու օր բուլկի չեմ ուտում, բայց հո՞ իմանում եմ` ինչ եմ անելու այն դեպքերում, երբ այդ պահը հասնի»: Էրոտիկ ամսագրերից բացի, բոլորին էլ հայտնի է, որ կան կրպակներ, որտեղ գաղտնի վաճառվում են նաեւ ՀՀ օրենքով արգելված պոռնոգրաֆիկ նյութեր, ամսագրեր: Օրինակ, իրանական խորհրդարանը մոտ 2 տարի առաջ հաստատել է պոռնոգրաֆիկ նյութեր արտադրելու եւ դրանք տարածելու համար մահապատիժ սահմանելու մասին օրենք, որին կողմ էին քվեարկել Մեջլիսի 148 պատգամավորները: Ըստ այդ օրենքի՝ պոռնոգրաֆիկ նյութեր արտադրելու եւ աշխարհն արատավորելու համար մարդիկ կդատապարտվեն: «Աշխարհն արատավորել» տերմինը վերցված է Ղուրանից եւ շարիաթի տեսանկյունից անդրադառնում է առավել ծանր հանցագործություններին: Իսկ ինչ վերաբերում է պոռնոամսագրերին, ապա այն արդեն իսկ արգելված էր իրանական մեկ այլ օրենքով: Հետաքրքիր է, ինչ է լինում մեզ մոտ այն անչափահասի հետ, որի ծոցագրպանից հայտնաբերվում են պոռնոգրաֆիկ նյութեր, ամսագրեր, որոնք նա մի քանի հազար դրամով հեշտությամբ ձեռք է բերել ամենասովորական կրպակից, որի մշտական հաճախորդն է վաղուց:

Ի՞նչ տարածում ունեն էրոտիկ բնույթի ամսագրերն ու պարբերականները երեւանյան թերթի կրպակներում եւ ի՞նչ գնով են դրանք վաճառվում: Ո՞ր տարիքի մարդիկ են վերջիններիս գնորդները, կա՞, արդյոք, արգելք մինչեւ 16 տարեկան անչափահասների շրջանակներում՝ էրոտիկ նյութեր տարածելու գործում: Հարցերի պատասխանները «Առավոտը» փորձեց ստանալ քաղաքում տեղակայված «Հայմամուլի» որոշ կրպակներից:

Մարգարյան փողոցում գտնվող կրպակի աշխատակցուհին մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ էրոտիկ բնույթի ամսագրերը շատ շուտ են սպառվում. «Ամենապահանջվող թերթերն ու ամսագրերը դրանք են, օրինակ՝ այսօր մի դպրոցական աղջիկ էր եկել՝ մոտ 15 տարեկան, ասում է՝ էն «Երկուսով» ամսագրից ունե՞ք, մեծ քույրս ամաչում է անձամբ գնել, ինձ է ուղարկել: Ասում եմ, իսկ ի՞նչ է այդ ամսագրի մեջ գրված, ես երբեք չեմ կարդացել: Ասում է՝ հե՜չ, աղջկական նյութեր են… Մի խոսքով՝ տվեցի գնաց, նրա ետեւից ես էլ բացեցի ու սկսեցի կարդալ. ավելի ամոթալի բան երբեք չէի կարդացել, ու դա տարածվում է պատանիների շրջանում»:

Կրպակի աշխատակցուհուն մասնավորապես հուզում էր ամսագիր-պարբերաթերթերի բովանդակությունը: Իսկ թե ի՞նչ բնույթի նյութեր են պարունակում դրանք՝ պարզեցինք տեղում. օրինակ, «Վեներա» շաբաթաթերթի հավելված՝ «Տղամարդ եւ կին» պարբերաթերթը գրում է կանանց սեռական հարաբերությունների ընթացքում ունեցած ապրումների եւ այլնի մասին՝ «Կանայք, որոնք չեն հանգստանում», կամ տղամարդկանց նախասիրությունների մասին՝ «Տղամարդիկ «խորը կոկորդ» են սիրում»… «Դու եւ նա» ամսաթերթը խորհուրդներ է տալիս՝ ինչպես սկսել հարաբերությունները, տղաներն ինչ պետք է անեն, աղջիկներն ինչպես պետք է արձագանքեն դրան, տղաները որտեղից սկսեն համբուրել ու մինչեւ ուր հասնեն եւ այլն: Ուսումնասիրություններիս ընթացքում աչքս գրավեցին նաեւ ոչ այնքան էրոտիկ «Էլ սթայլ», «Աստղախեղդ» ամսագրերը, որոնք հատուկ էջեր են հատկացնում «բաց» թեմաների համար, ուր գունավոր, պատկերազարդ նկարագրվում են մարմնավաճառի կամ արվամոլի սեռական հարաբերությունները՝ համեմված փողոցային ժարգոնախառը արտահայտություններով:

«Ռոսիա» տոնավաճառի տարածքում գտնվող կրպակի աշխատողն էլ խոստովանեց. «Չնայած գիտակցում եմ, որ անչափահասներին չի կարելի վաճառել, բայց դե, որ գալիս-հարցնում են, տալիս եմ՝ ի՞նչ անեմ…»:

Իսկ Մաշտոցի պողոտայում գտնվող կրպակի աշխատողը փաստեց. «Դրանք ամենապահանջվածներն են, սա էլ կրպակ է՝ ինչպե՞ս կարող ես չվաճառել: Հետո էլ դա ինֆորմացիա է, թող կարդան, իմանան, դրանից հո աշխարհը շուռ չի՞ գա: Այդ ժուռնալները տարբեր տարիքային հաճախորդներ ունեն, մեծից փոքր: Եղել են դեպքեր, որ պապիկ էլ է հարցրել, 4-րդ դասարանցի էլ: Դրանք այնպիսի թեմաներ են, որ տարբեր տարիքում էլ մարդուն հետաքրքրում են»:

Հետաքրքրվեցինք՝ այդ ամսագրեր-պարբերականների վրա որեւէ նշում կա՞, որով զգուշացվում է, որ մինչեւ 16 տարեկաններին վաճառքն արգելվում է: Մարգարյան փողոցի մեկ այլ կրպակի աշխատակցուհի ասաց. «Միայն մեկի՝ «Երկուսովի» վրա է գրված, մնացածների վրա չկա: Ես էլ պարտավոր չեմ զգուշացնել, որ, գիտես ինչ, բալիկ ջան, չի կարելի: Ում էլ նախատում եմ, ձեռք են առնում ինձ եւ գնում մյուս կրպակից վերցնում: Մի խոսքով, դրանից ոչինչ չի փոխվում»: Աբովյան փողոցում գտնվող կրպակի աշխատակիցն էլ էրոտիկ ամսագրերը բնութագրեց որպես էժան հաճույք. «Շատ էժան են այդ ամսագրերը, օրինակ՝ «Երկուսովը» 300 դրամ է, «Դու եւ Նա» հանդեսը՝ 200, «Տղամարդ եւ կինը»՝ 100, ռուսականների գները մի քիչ բարձր են՝ 500-ից 2000 դրամ: Կարճ ասած՝ էժան սեքս ա, էլի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել