Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԻՏԻ ԻՐԵՆՑ ԴՐՍԵՎՈՐԵՆ

Մարտ 19,2009 00:00

\"\"Մոտ երկու շաբաթից Վիլնյուսում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նախապատրաստվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երեւանյան ուսումնամարզական հավաքներն ավարտելուց հետո մեկնեց Բելառուս, որտեղ Ստայկիի մարզահամալիրում նախապատրաստության վերջին փուլը կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ:

Բելառուս մեկնել են այն ըմբիշները, ում մարզիչները վստահել են Լիտվայում պաշտպանել մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը: Նրանք են. 55 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 60՝ Արթուր Առաքելյան, 66՝ Ժիրայր Հովհաննիսյան, 74՝ Սուրեն Մարկոսյան, 84՝ Հարություն Ենոքյան, 96՝ Էդգար Ենոքյան, 120՝ Ռուսլան Բասիեւ:

Երեկ մեր մարզիկների մարզավիճակի եւ հավաքականի մոտակա ծրագրերի շուրջ զրուցեցինք ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ:

– Փաստորեն, մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու ամբողջական կազմով եւ բոլոր քաշային կարգերում: Ստայկի մեկնողները պատրա՞ստ են պայքարի:

– Նախապատրաստությունն անցել է իր հունով: Տղաների մարզավիճակը նորմալ է: Իսկ մնացած ժամանակը կբավարարի առաջնության օրերին գագաթնակետին հասնելու համար: Մնացածը մրցագորգը ցույց կտա:

– Էդգար Ենոքյանի համար Վրաստանից հրավիրված երկու ըմբիշների հետ մարզումներն արդյունք տվեցի՞ն:

– Այդ տղաները թեեւ իրենց երկրում առաջին համարները չէին, սակայն վարպետության աստիճանով բարձր էին մեր ունեցած կադրերից: Այնպես որ, սպասելիքներն արդարացան: Ավելին, նրանք լավ մարզումային մրցակից եղան նաեւ մեր 84 եւ 74 կգ քաշայինների համար, որոնք նույնպես Հայաստանում համապատասխան մրցակիցներ չունեն:

– Վիլնյուսում մեդալների հույսեր կա՞ն:

– Ժամանակին նախապես խոստումներ տրվել են, բայց ոչ բոլորն են իրականություն դարձել: Այնպես որ, եկեք այս անգամ ձեռնպահ մնանք: Ասեմ միայն, որ այս ամբողջ ընթացքում նորընտիր ֆեդերացիան մշտապես եղել է հավաքականի կողքին, լուծել հընթացս ծագած հարցերը: Սա պետք է արդյունք տա: Թեեւ հավաքականը համալրված է հիմնականում երիտասարդ ըմբիշներով, նրանց մեծ մասը մրցակցական բավականին փորձ արդեն ունի: Տղաները հանրապետության առաջնության հաղթողներ են: Կարծում եմ, նրանց համար արդեն հասունանում է իրենց դրսեւորելու ժամանակը: Համենայնդեպս, մեդալների համար պետք է պայքարեն:

– Ծանր քաշային Ռուսլան Բասիեւը հավաքականի ուսումնամարզական հավաքներին ներկա չի եղել, բայց հիմնական կազմում է:

– Այո, դա այդպես է: Նա այս ընթացքում մարզվել է առանձին ծրագրով, թեեւ մեկ հավաքի մասնակցել է: Այդպես ավելի ճիշտ էր, քանի որ 120 կգ քաշային կարգում էլ հանրապետությունում նրան գոնե մոտավորապես հավասար մրցակից չկա: Եթե մարզիկն իր առօրյա մարզումների ժամանակ արժանի մրցակից չի ունենում, նա չի կարող աճել:

Վերջերս Ռուսլանը Խարկովում մասնակցեց միջազգային մրցաշարի: Ճիշտ է, դա այն մակարդակի մրցաշար չէր, բայց քանի որ հաղթեց, հավաքականի մարզիչները որոշեցին նրան ընդգրկել թիմ: Նա հիմա Ստայկիում պետք է միանա տղաներին, իսկ հետո Վիլնյուսում արդարացնի վստահությունը:

– Իսկ եթե չկարողանա՞:

– Այդ ժամանակ մարզիչները հավաքականում նրա մնալու նպատակահարմարության հարցը կքննարկեն ու որոշումը կներկայացնեն ֆեդերացիայի հաստատմանը: Ռուսլանը Պեկինի օլիմպիական խաղերից դեռ երկու տարի առաջ է սկսել հանդես գալ Հայաստանի ընտրանիում: Այդ ընթացքում մեկ անգամ դարձել է աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր: Այդուամենայնիվ, քանի որ մեր պահանջները հիմա խստացվել են, ուրեմն պիտի աշխատի ձեռնունայն չվերադառնալ նաեւ Եվրոպայի առաջնությունից:

– Համեմատությունս, գուցե, տեղին չէ, բայց հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, մարզիչների «աչքից հեռու» լինելով, լուրջ է վերաբերվել իր առջեւ դրված առաջադրանքների կատարմանը եւ դա մշտապես ապացուցել գորգի վրա: Բասիեւի մասին կարո՞ղ եք նույնն ասել:

– Պատրիկեեւը մինչեւ Հայաստանի հավաքական հրավիրվելն արդեն իր քաշային կարգում առաջատար էր, Ռուսաստանի հավաքականում կայացած մարզիկ: Նա հասցրել էր որոշակի լուրջ արդյունքներ ցույց տալ: Ու, չնայած դրան, Ռուսաստանի հավաքականում նրան երկրորդ պլանում էին պահում: Բասիեւն այդպիսին չի եղել, բայց բավականին մեծ ներուժ ունի եւ ի վիճակի է անել ավելին: Այնպես որ, ամեն բան կախված է իրենից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել