Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2009 00:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ՀՀ-ում, Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է թուրքական ֆիլմերի փառատոն՝ «23,5» խորագրով: Փառատոնը կբացվի մարտի 19-ին, ֆիլմերն էլ կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: Ընդ որում, մուտքն ազատ է: Փառատոնի միակ՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը կորոշի հանդիսատեսը՝ քվեարկությամբ, եւ այն կտրվի 7 ֆիլմերից մեկին:

ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ

Կանանց միամսյակի կապակցությամբ օրերս «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) կին ստեղծագործողների ցուցահանդես էր կազմակերպվել: Նկարչուհի Զարուհի Թովմասյանի կտավները հյուրերին ջերմություն եւ լավատեսություն են փոխանցում: Մարինե Մխիթարյանի «Աշուն», «Գարուն», «Կենաց ծառեր» նկարները գեղեցկություն եւ հավերժություն են խորհրդանշում: Վերժինե Սեմիրջյանն էլ իր կավե ստեղծագործություններն է ցուցադրում: «Մարդկային հոգեբանությունը ներկայացնող աշխատանքներս են (2000-2009թթ.), 9 տարի առաջ ավելի մեղմ, հանգիստ ու ջերմ քանդակներ էի ստեղծում»,- ասում է Վերժինեն, պարզաբանելով, որ եթե հուզող, գրավող մարդկային հոգեբանություն, փիլիսոփայություն չլինի քանդակներում՝ գործը դառնում է անիմաստ: Նրա «Ականատեսը» քանդակում մարդու մի աչքի փոխարեն ձուկ է. «Ցեղասպանություն ապրած հայն է, տառապում է, լռում»: Մեկ այլ քանդակում տղամարդու գլխին փոխարինում է կնոջ մարմինը: Ըստ նրա՝ կանանց գերիշխանությունը տղամարդկանց նկատմամբ միշտ էլ եղել է, արեւմուտքում՝ ակնհայտ, մեզ մոտ՝ քողարկված: «Քանդակում խաչը ջարդված է ու ոչ լիարժեք, բայց թեեւ տղամարդու գլուխը կինն է, տղամարդու թեւն է ծառ դառնում. հակառակն է, ու ամենատես աչքը հետեւում է՝ ո՞ւր պետք է հասնի այս ամենը»,- ասում է նա:

ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ

ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԵՐԸ

Մարտի 17-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում «Տաթեւ» դպրոցի սաները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված գրողի 140-ամյակին: Փոքրիկ դերասանները ներկայացրին հատվածներ «Անուշ», «Թմկաբերդի առումը» պոեմներից, «Գիքորից»: Բեմադրվել են «Խելոքն ու հիմարը», «Անհաղթ աքլորը», «Սուտասանը» եւ այլ հեքիաթներ: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի երգի եւ երաժշտության ուսուցչուհի Գայանե Թորոսյանը: «Վայրը պատահական չի ընտրված: Այստեղ շատ է թումանյանական շունչը: Մեր նպատակն էր երեխաներին հնարավորինս հաղորդակից դարձնել մեր ամենայն հայոց բանաստեղծի արվեստին»,- ասաց դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը: Միջոցառումը ամփոփիչ էր եւ համահավաք, քանզի մինչ այդ «Տաթեւ» դպրոցում անց էին կացվել Թումանյանին նվիրված ձեռքի աշխատանքների ցուցահանդես, գրողի հերոսներին նվիրված նկարների ցուցադրություն, բաց դասեր:

ԻՌԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է «ԼՔՅԱԼՆԵՐԻ» ՎՐԱ

Երեկ «Առավոտի» էլեկտրոնային հասցեին մի նամակ էր եկել, որի հեղինակը «Հ1» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Լքյալները» սերիալի աշխատակազմից էր: Հեղինակը ներկայացել է, բայց հարգելի պատճառներով չենք նշում նրա անունը: Նամակագիրը դժգոհում էր, որ սերիալի աշխատակազմն արդեն երկու ամիս աշխատավարձ չի ստանում: Այս դժգոհությունը փոխանցեցինք «Լքյալները» սերիալի տնօրեն Հասմիկ Հակոբյանին: Նա պարզաբանեց. «Աշխատավարձի ձգձգումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամով: Այժմ այդ վիճակում են բոլոր հիմնարկները: Բայց հարցը մեկ-երկու օրից կլուծվի: Ընդհանրապես, մեր աշխատակազմի անդամներն ավելի բարձր են վարձատրվում, քան ցանկացած այլ հեռուստաընկերությունում աշխատող նկարահանման խմբերի ներկայացուցիչները: Ի դեպ, եթե նամակագիրն անգամ ՄԱԿ-ի ղեկավարին էլ դիմեր, աշխատավարձի հարցը, միեւնույն է, չէր լուծվի»:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել