Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՐԱՆՔԻ ԹԵՎՈՎԸ» Ի՛Մ ՄԱՅՐԻԿԻՆ Է ՆՎԻՐՎԱԾ»

Մարտ 19,2009 00:00

\"\"Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչող «Մայրիկ» երգի մասին ասում է երգահան Մարինե Ալեսը \"\"

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր այցելել 50 եւ ավելի երգերի տեքստերի ու երաժշտության հեղինակ Մարինե Ալեսը: Ի տարբերություն շոու-բիզնեսում գործող հեղինակների, նա իր երգերը չի վաճառում, այլ նվիրում է, վճարում է կատարողին, գործիքավորողին, ձայնագրման ստուդիային ու ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք որեւէ առնչություն են ունենում իր ստեղծագործությունների հետ: «Ես ե՛ւ հեղինակ եմ, ե՛ւ գույքատեր, երգերիս իրավունքները ինձ են պատկանում: Ես ո՛չ երգերի բառեր եմ վաճառում, ո՛չ երաժշտություն: Ես ուղղակի հանդես եմ գալիս որպես Մարինե Ալես, որն ունի հոգու պոռթկում՝ երգի ձեւով եւ հնարավորություն: Թե որտեղի՞ց եմ գումար հայթայթում, դա իմ գործն է, բայց փաստը մնում է փաստ, որ փողը տրվում է իմ անունով, եւ ամեն մի ձայնասկավառակին հատկացվում է որոշակի բյուջե, ըստ որի՝ այդ CD-ի վրա աշխատող մարդիկ վարձատրվում են: Այսօր Երեւանում չկա մեկը, որը կարող է ասել, թե Մարինե Ալեսը չի վճարել, պարտք է, ուշացրել է… Չնայած ծնվել եմ Մոսկվայում, բայց որպես անձ ու որպես ամեն ինչ՝ կազմավորվել եմ Երեւանում: Ես ինձ համարում եմ երեւանցի ու հարգում եմ այս քաղաքը: Նաեւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում հայտնի ասացվածքը՝ սկզբում դու ես աշխատում քո հեղինակության համար, հետո այն քեզ համար է աշխատում»,- ասաց երգահանը, որը չի հանդուրժում իր հեղինակային իրավունքների թեկուզ ամենափոքր խախտում: «Նարկոբիզնեսից հետո շոու-բիզնեսն ամբողջ աշխարհում այն տեղն է, որտեղ կարող ես լինել ոչ շատ մաքուր, խարդախ: Կոնկրետ ինձ համար դա մի տարածք է, որտեղ կարող եմ ինքնաարտահայտվել… Այսօր որոշ կատարողներ իրենք էլ գրում են իրենց երգերը: Նրանք ինձ պես «Հայհեղինակում» գրանցված են որպես հեղինակ, եւ շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում իրենց հեղինակային իրավունքը ոտնահարելը: Ստացվում է՝ իրենց հետ չի կարելի այդպես վարվել, բայց եթե ուրիշինն է, կարելի է գողանալ: Ախր, չեմ կարող թողնել բոլոր գործերս, ընտանիքս ու անընդհատ դատվել սրա-նրա հետ»,- ասում է մեր զրուցակիցը: Մանրամասնելով մտահոգությունը՝ նա հայտնեց, որ դեռ 5-6 տարի առաջ անախորժ պատմություն էր ծագել՝ կապված երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: «Խոսքը իմ «Մտորումներ» ձայնասկավառակի մասին է, որը նա ներկայացրել էր մոսկովյան «Տաշիր» մրցանակաբաշխությանը՝ իբրեւ Շուշան Պետրոսյանի ձայնասկավառակ, այն դեպքում, երբ ես գրել եմ երաժշտությունը եւ բառերը, Շուշան Պետրոսյանը 14 երգ է կատարել: 13 երգի համար վճարվել է, միայն իմ «Պատրանքի թեւով» երգի համար փող չի վերցրել: Ցավոք, այդ ստեղծագործությունը մշտապես միտումնավոր ներկայացվում է որպես Շուշանի «Մայրիկ» երգ: Ժամանակին նա այդպես էլ չխոստովանեց, որ ինքն է CD-ն ներկայացրել մրցույթի: Ու ստացվել էր, որ իբր Մարինե Ալեսը Վաշինգտոնից եկել, իր ձայնասկավառակը տվել է ոմն Սամվելի, որին երբեք չեմ էլ տեսել ու խնդրել, որ դա անպայման ձեւակերպի որպես Շուշան Պետրոսյանի դիսկ եւ ուղարկվի Մոսկվա: Շուշանը լաց եղավ ու հրաժարվեց, ասելով, որ ինքը կապ չունի: Ես էլ հո հրացանը չէի պահի վրան, որ խոստովաներ: Հարգեցի իր հորը, ընտանիքը, տաղանդը… Դրանից հետո մենք հանդիպել ենք Շուշանի հետ, եւ ես երբեւիցե այդ մասին չեմ հիշեցրել»:

Մարինե Ալեսը գտնում է, որ, այնուամենայնիվ, եթե ժամանակին այդ մասին բարձրաձայներ, նոր միջադեպեր չէին լինի. «Պատրաստ է իմ 4-րդ ձայնասկավառակը՝ «Քո կողքին եւ…», որն արտադրել եմ Երեւանում, փաստաբաններով, օրենքով, որպեսզի ոչ մի պրոբլեմ չունենամ: Բայց ահա պրոդյուսերներիցս մեկի՝ Թովմաս Մարտիրոսյանի հետ մտնում ենք Թումանյան փողոցի երաժշտական խանութներից մեկը, ինձ ներկայացնում են «Best of Shushan Petrosyan» ձայնասկավառակը, որտեղ չկա որեւէ հեղինակի անուն: Այնտեղ նաեւ իմ երգերն են՝ «Կիսակյանքը» եւ «Պատրանքի թեւովը»: «Հայհեղինակն» էլ տեղյակ չէր: Նրա ղեկավար տիկին Սուսաննան (Ներսիսյան) առաջարկեց զանգեմ Շուշանին, պարզեմ: Բայց չէի ուզում, որ դա վերածվեր երկու կնոջ միջեւ էմոցիոնալ խոսակցության: Երբ Շուշանին հարցրել են՝ ինչո՞ւ է այդպես վարվել, ասել է՝ մյուս հեղինակները ոչինչ չեն ասում, Մարինե Ալե՞սն է ձայն հանում, երբ ինձ այդքան պարտական է: Սա այն դեպքում, երբ խախտել է գույքատեր Մարինե Ալեսի հեղինակային իրավունքը, էլ չեմ խոսում բարոյական վնասի մասին: «Պատրանքի թեւովը» գրել եմ Վաշինգտոնում, նվիրել իմ մայրիկին, նկարահանել եմ, հոգի եմ դրել, որ դառնա Շուշան Պետրոսյանի ե՞րգ, որովհետեւ ինքը լա՞վ է կատարում: Դե որ այդպես է, որպես այդ երգի իրական հեղինակ, հայտարարում եմ. բոլոր երիտասարդ կատարողներին, ում դիապազոնը կհերիքի՝ թույլ եմ տալիս կատարել»:

Կապվեցինք նաեւ Շուշան Պետրոսյանի հետ: Երգչուհին հեռախոսով փոխանցեց, որ ինքը մշտապես ներկայացնում է, թե ում երգն է կատարում: Հետո էլ հավելեց. «Ինքը ինչ-որ խնդիր ունի ինձ հետ: Չեմ հասկանում՝ ի՞նչ է ուզում: Գոնե գիտեք, որ բավականաչափ կիրթ ընտանիքից եմ, բոլոր «յաչեյկաները» հարգված են»: Երբ ասացինք, որ «Best of Shushan Petrosyan» հավաքածուում Մարինե Ալեսի անունը որպես հեղինակ բացակայում է, երգչուհին պատասխանեց. «Դե կներեք… այնտեղ չկա նաեւ Ամիրխանյանի, Սաթյանի, Օրբելյանի անունը: Օրիգինալ դիսկեր ունեմ իմ տանը, եթե գաք՝ ձեզ ցույց կտամ, որ ոչ մի դիսկի հետեւում գրված չէ՝ կոմպոզիտոր Պողոս Պողոսյան կամ Պետրոս Պետրոսյան… ինքը CD-ի շնորհանդեսին ծիծաղելի վիճակում հայտնվեց՝ միայն իր երգերին սկոչով կպցրել էինք՝ «հեղինակ՝ Մարինե Ալես»: Ինչ վերաբերում է 5-6 տարի առաջվա տաշիրյան պատմությանը, Շուշանը նշեց, որ այդ խոսակցությունը փակվել է հեղինակի պրոդյուսեր Արմեն Մանուկյանի ցանկությամբ, որովհետեւ նա համոզվել է, որ երգչուհին կատարվածի հետ կապ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել