Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2009 00:00

ԱՖՐԻԿԱՆ ՇԱՆՏԱԺՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարներ ուղիղ տեքստով հայտարարեցին. կամ Արեւմուտքը նրանց կվճարի այսօր, կամ հետագայում կկանգնի ավելի բարդ ու թանկարժեք խնդիրների առաջ: Ըստ «Գազետա» թերթի, հանդիպմանը մասնակցում էին Լիբերիայի, Տանզանիայի, Բոտսվանայի նախագահները, ինչպես նաեւ Քենիայի եւ Եթովպիայի վարչապետները:

Աֆրիկյան Զարգացման բանկի ղեկավար Դոնալդ Կաբերուկան մասնավորապես նշեց, որ վերջին ամիսներին Զամբիայում աշխատանքից հեռացվել է պղնձի հանքերում աշխատող ավելի քան 500 հազար բանվոր, Տանզանիայում աղետալի վիճակում է գյուղատնտեսությունը, քանի որ բամբակի գներն ընկել են 2 անգամ: Աֆրիկացիների հիմնական պահանջն այն է, որ զարգացած պետությունները պետք է ավելի մեծ ներդրումներ կատարեն մայրցամաքի տնտեսության մեջ, հակառակ դեպքում՝ այդ երկրներում կրկին սոցիալական հողի վրա բռնկվելու են զինված հակամարտությունները, եւ դա կնշանակի, որ այդ երկրներում կհաստատվի կատարյալ քաոս: Աֆրիկյան լիդերները գտնում են, որ Արեւմուտքը շտապ պետք է օգնություն հատկացնի իրենց երկրներին, եթե դա տեղի չունենա՝ շատ ավելի մեծ գումար է հետո ծախսելու խաղաղարար օպերացիաները իրականացնելու համար: Շանտաժի մեկ այլ տեսակ է նաեւ դեպի Աֆրիկա չինական կապիտալի ներհոսքի սպառնալիքը:

ՉԵԽԱԿԱՆ ՌԱԴԱՐԸ «ՍԱՌԵՑՎԵՑ»

Չեխիայի կառավարությունը խորհրդարանից հետ է վերցրել ամերիկյան հակահրթիռային համակարգի վերաբերյալ համաձայնագիրը, որը պետք է վավերացնեին երկրի օրենսդիրները: Երկրի վարչապետ Միրեկ Տոպալեկը մտավախություն հայտնեց, որ խորհրդարանը, որտեղ իշխող կոալիցիան չունի հստակ մեծամասնություն, կտապալի օրինագիծը: Միչդեռ հայտնի է, որ ընդդիմությունը չի սատարում հիշյալ համաձայնագրին: Gazeta.ru-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ի հետ համապատասխան համաձայնագիրը կնքված էր անցած տարվա հուլիսի 8-ին: Ըստ այդ փաստաթղթի, ամերիկյան ռադարը պետք է պատրաստ լինի շահագործման՝ 2014 թվականին: Ըստ որոշ լրատվամիջոցների, համաձայնագրի վավերացումը կարող է հետաձգվել մի քանի ամսով կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածով: Չեխիայի վարչապետի խոսքերով, կառավարությունը կանդրադառնա այդ խնդրին՝ Պրահայում ապրիլի 3-4-ին կայանալիք Եվրամիության համաժողովից հետո:

ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման ավելի վերապահորեն է վերաբերվում Եվրոպայում հակահրթիռային տեղադրման խնդրին, քան դա անում էր Ջորջ Բուշը: Վաշինգտոնը բազմաթիվ ազդանշաններ է ուղարկում Մոսկվային, որ պատրաստ է հրաժարվել այդ մտադրություններից, եթե Ռուսաստանն այլեւս չսատարի Իրանի միջուկային ծրագրերին եւ առավել մեծ ակտիվություն ցուցաբերի աֆղանական ճակատում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը կտրականապես դեմ է Արեւելյան Եվրոպայում ամերիկյան նոր համակարգերի տեղադրմանը եւ պատրաստ է ի պատասխան դրան՝ նույնպիսի համակարգեր տեղադրել Կալինինգրադի մարզում եւ Բելառուսում:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՀԱՋՈՂՎԵՑ

\"\"Մադագասկարի Սահմանադրական դատարանը երեկ ճանաչեց Անդրի Ռադզուելինային որպես նախագահի պարտականությունները կատարողի: Ընդդիմության առաջնորդը փոխարինել է գործող նախագահին, որը նախորդ օրը իր իշխանությունները հանձնեց զինվորականներին: Երկրի նոր ղեկավարը նախկինում մայրաքաղաքի քաղաքապետն էր, իսկ ավելի վաղ՝ աշխատում էր դիսկոտեկներում՝ որպես դիջեյ: Ըստ newsru.com-ի, քաղաքական հակամարտությունն ունի նաեւ որոշակի կրոնական բնույթ: Ըստ որոշ տեղեկությունների, զինվորականները ձերբակալել են Մադագասկարում գործող ամենախոշոր անգլիկանյան եկեղեցու ղեկավարին: Հայտնի է, որ Ռադզուելինան մոլեռանդ կաթոլիկ է: Հրաժարական տված նախկին նախագահ Ռավալումանանան բազմիցս նշում էր, որ ընդդիմության գործունեությունը ուղղորդվում է Ֆրանսիայի կողմից: Իր հերթին իշխանությունը նշում է, որ Ռավալումանանան չի պատրաստվում վայր դնել իր զենքերը եւ ջակատներ է կազմում, որոնց անդամագրվում են հարավաֆրիկացներ, իսրայելցիներ եւ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ: Մադագասկարում վերջին իրադարձություններին նախորդել էր քաղաքական ծանր ճգնաժամը, որը սկսվել էր անցած տարվա դեկտեմբերից: Ընդդիմությունը մեղադրում էր նախագահին բռնապետական ռեժիմ հաստատելու մեջ: Հանրահավաքների եւ ցույցերի մասնակիցների բախումները ոստիկանության հետ՝ պատճառ դարձան առնվազն 135 մարդու մահվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել