Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2009 00:00

Առաջարկվում է խարակիրի անել

\"\"Միացյալ Նահանգներում գագաթնակետին է հասել ցասումն այն կապակցությամբ, որ «AIG» ապահովագրական ընկերությունը միլիոնավոր դոլարների հավելավճարներ է տվել իր աշխատակիցներին: Ճգնաժամի պայմաններում ընկերությունը պետությունից ստացել է $170 միլիոնի օգնություն, որոնցից, սակայն, $165 միլիոնը տվել է իր բարձրաստիճան աշխատակիցներին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Էնդրյու Կուոմոյի (նկարում) այդ հայտարարությունը ցնցել է թե հարկատուներին եւ թե քաղաքական գործիչներին: Դատախազի տեղեկություններով, ընկերության ղեկավարներից յուրաքանչյուրն ինքն իրեն վճարել է $1 միլիոնի օգնություն, եւ դրանք հենց այն ղեկավարներն են, որոնք կանգնեցրել են «AIG»-ն սնանկացման եզրին, եւ այսօր ընկերությունը շարունակում է գոյատեւել միայն պետական օգնության շնորհիվ: Երեկ այդ խնդիրը քննարկվում էր Կոնգրեսում, եւ օրենսդիրները, արտահայտելով իրենց վրդովմունքը, այնուամենայնիվ, չէին գտնում այն օրինական միջոցները, որոնցով հնարավոր է հետ վերցնել պետական փողերը: Հանրապետական սենատոր Չակ Գրասլին խորհուրդ տվեց ընկերության ղեկավարներին՝ օրինակ վերցնել ճապոնացիներից. կամ հրաժարական տալ, կամ խարակիրի անել: Ավելի ուշ Գրասլին հրաժարվեց խարակիրիի հորդորից: Փորձագետները, սակայն, նշում են, որ թեեւ ընկերության միջոցների 80%-ը վերահսկվում է պետության կողմից, «AIG»-ն չի ազգայնացվել եւ ղեկավարությունը հետեւաբար իրավունք ունի ինքնուրույն որոշումներ ընդունելու, այդ թվում նաեւ՝ հավելավճարներ բաժանելու:

Հանուն ցմահ իշխանության

\"\"Երեկ Ադրբեջանում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Վերանայվելու են հիմնական օրենքի 29 հոդվածները, սակայն կարեւորագույն փոփոխությունն այն է, որ երկրի գործող նախագահին հնարավորություն է տրվում ցմահ պահպանել իր իշխանությունը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ փոփոխությունների նախաձեռնողը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունն է, որը հայտարարում է, թե այդ փոփոխություններով ամրապնդվելու է պետության սոցիալական բնույթը, ավելի արդյունավետ են գործելու իշխանության ինստիտուտները, ավելի լավ են պաշտպանվելու մարդու իրավունքները: Սակայն ընդդիմությունը տրամագծորեն այլ կարծիքի է: «Հանուն Ադրբեջանի» հ/կ-ի ներկայացուցիչ Էլդար Նամազովի կարծիքով, հանրաքվեի դուրս բերած հարցերն, ըստ էության, Ադրբեջանում ավտորիտարիզմի եւ հակադեմոկրատական միտումների ուժեղացմանն ուղղված քայլ են: «Մենք կարծում ենք, որ 2 նախագահական ժամկետի սահմանափակումը կոչված էր գոնե մի փոքր մեղմել ուժեղ նախագահական իշխանությունը, որը գերիշխում է օրենսդիր եւ դատական իշխանությունների նկատմամբ»,- նշել է Նամազովը: Իսկ հանրապետական «Այլընտրանք» հասարակական միավորման համանախագահ Էրկին Գադիրլին «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ չի կարելի փոխել Սահմանադրությունը՝ հանուն քաղաքական կոնյունկտուրայի եւ կոնկրետ մարդկանց: Բացի այդ, ընդդիմությունը նշում է, որ հանրաքվեի հակառակորդները հնարավորություն չունեին հանրահավաքներ անցկացնելու, իսկ հեռուստատեսությունում այդ խնդրի շուրջ բանավեճերին ժամանակ էր տրամադրվում միայն մեկ հեռուստաընկերությամբ՝ շաբաթը 10 րոպե:

Խոդորկովսկին հանգիստ է քնում

\"\"Ազատազրկման մեջ գտնվող եւ նոր դատավարության առջեւ կանգնած «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հարցազրույց է տվել «Սոբեսեդնիկ» թերթին: Ըստ newsru.com-ի, պատասխանելով այն հարցին, թե նա անձնական հակակրանք ունի՞ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, նախկին օլիգարխն ասաց, որ իր եւ Պուտինի հարաբերությունները բացարձակապես փոխադարձ էին, սակայն այժմ նրան պետք է ընկալել որպես պատմական դեմք: «Կար այդպիսի նախագահ Ռուսաստանում, լավ էր նա ղեկավարում, թե վատ՝ ցույց կտա հաջորդ սերունդը»,- ասել է Խոդորկովսկին: Նա նաեւ իր հարգանքն է արտահայտել ներկայիս նախագահ Մեդվեդեւի նկատմամբ, նշելով, սակայն, որ չի հասկանում վերջինիս քաղաքական հայացքները: «Յուկոսի» նախկին ղեկավարը հայտնեց նաեւ, որ չի տառապում դեպրեսիայով, չի տեսնում սարսափելի երազներ եւ անազատության մեջ անցկացրած տարիները նրան չեն ընկճել: Պատասխանելով հարցին, թե նա հավատո՞ւմ է մարտի 31-ին սկսվող երկրորդ դատավարության արդար հանգուցալուծմանը, Խոդորկովսկին պատասխանեց, որ երբեք հույսը չի կորցնելու եւ միշտ պայքարելու է: Գործարարը նաեւ նշեց, որ չի պատրաստվում վերադառնալ նավթի հետ կապված բիզնեսին եւ ընդհանրապես ինքնին փող աշխատելը նրա համար այլեւս հետաքրքիր չէ: Ըստ Խոդորկովսկու, ազատություն ստանալով, նա կզբաղվի այլընտրանքային էներգետիկայով, որն ապագա տնտեսության մեջ հսկայական տեղ է զբաղեցնելու: «Ի վերջո, առանց ավելորդ համեստության ասեմ, որ ես լավ հակաճգնաժամային մենեջեր եմ եւ, կարծում եմ, որպես այդպիսին՝ պահանջարկ կունենամ»,- նշել է «Յուկոսի» նախկին ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել