Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթության մասին» օրենքի «այո»-ն ու «ոչ»-ը

Մարտ 19,2009 00:00

Քննարկում են մասնագետները

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն հասցրել է քննարկվել չորս տարի: Այն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ, եւ ինչպես երեկ «Առավոտին» ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, արդեն շատ շուտով, առաջիկա ամսվա ընթացքում օրենքը վերջապես կընդունվի: Երեկ օրենքի նախագծի վերաբերյալ «Դե ֆակտո» ակումբում իրենց դիտարկումները ներկայացրին Նարինե Հովհաննիսյանն ու ԿԳՆ զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ, «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի համակարգող Ռոբերտ Ստեփանյանը: «Առավոտի» հարցին, թե բազմաչարչար այս օրենքը, ի վերջո, որքանո՞վ է համահունչ մեր կրթադաշտին, Ռ. Ստեփանյանը պատասխանեց. «Իհարկե, կան ծայրահեղ տարբեր կարծիքներ, բայց հանրակրթական հասարակությունը սպասում է այս օրենքին: Այն փորձում է հստակ խաղի կանոններ սահմանել հանրակրթության ոլորտում: Այն առաջադրում է որոշակի մեխանիզմներ, որոնք կնպաստեն ավելի որակյալ կրթության կազմակերպմանը. մասնավորապես՝ ուսուցիչների եւ տնօրենների ատեստավորման, արտաքին եւ ներքին գնահատման, դպրոցների եւ կրթական ծրագրերի տեսակների, մասնագիտացված հանրակրթական այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է՝ երեխաներին ավելի վաղ կողմնորոշելը մասնագիտական ուղղվածության առումով եւ այլն»:

Մեր այն դիտարկմանը, թե դպրոցի տնօրեններն, ատեստավորման անունը լսելիս, արդեն տագնապում են, պարոն Ստեփանյանը պատասխանեց. «Իզուր են տագնապում, դա ընդամենը տնօրենների եւ մանկավարժների ընթացիկ վերահսկման մեխանիզմ է: Այն նպաստում է նրանց մասնագիտական աճին, մանկավարժական ավելի բարձր որակավորման տարակարգի հավակնելուն, որը կբերի նաեւ որոշակի աշխատավարձային տարբերություններ»: «Առավոտի» մյուս հարցին, թե նոր օրենքը ի՞նչ է նախատեսում դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների, գործունեության մասով, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Օրենքն ունի առանձին հոդված, որը վերաբերում է խորհրդի իրավասությունների բարձրացմանը: Եթե կատարելագործվեն դրա իրավասությունները, խորհրդի վարկանիշը կբարձրանա, այն կսկսի ավելի լավ աշխատել: Իսկ այժմ խորհուրդները վատ են աշխատում, դպրոցը, միեւնույն է, ղեկավարում է տնօրենը: Ուզում ենք, որ խորհրդում ընդգրկված մարդիկ իսկապես մասնակցեն խորհրդի աշխատանքին, ոչ թե ակտիվանան միայն տնօրենի ընտրությունների ժամանակ»:

Այնուհետեւ տիկին Հովհաննիսյանն ավելացրեց. «Օրենքով նախատեսվում է, որ խորհուրդն ինքը պայմանագիր կնքի տնօրենի հետ, ոչ թե մարզպետն ու մարզպետարանը, եւ խորհուրդը իրավասու լինի ողջ գործընթացը տնօրենի հետ կառավարելու: Նաեւ, ըստ նոր օրենքի՝ խորհուրդը ոչ թե պիտի վերադաս մարմնին բյուջեն ներկայացնի, այլ ինքը հաստատի, ինքը որոշի դրա որ տողով ինչպիսի ծախսեր անել»: Հանրակրթության վարչության պետը, սակայն, նշածին այլ տեսանկյունից էլ է մոտենում. «Մյուս կողմից էլ, արդյոք, ճի՞շտ է մարզպետից վերցնել իրավասությունը, միգուցե ճիշտ է մնա՞ նրանց իրավասությունը, չէ՞ որ մարզպետարաններն էլ շատ կարեւոր իրավասություն ունեն դպրոցի կրթական գործի կազմակերպման մեջ, չէ՞ որ դրանց իրավասության ներքո են դպրոցները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել