Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԿԲԱՇԽՎԵՆ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՏԵՂԵՐԸ

Մարտ 19,2009 00:00

\"\"ԿԳՆ-ն եւ բուհերը սպասում են ՀՀ կառավարության պատասխանին

Որքան ավարտին է մոտենում ուսումնական տարին, այնքան տարբեր բուհերի ասպիրանտուրայի դիմորդների շրջանում մեծանում է լարվածությունը: Եթե մի քանի շաբաթ առաջ դա պայմանավորված էր օտար լեզուների եւ ինֆորմատիկայի գծով քննություն հանձնելու համար նախապատրաստական դասընթացների տեղավորման գործընթացով, ապա այժմ ապագա ասպիրանտներին սկսել է տանջել այն միտքը՝ արդյո՞ք իրենց ֆակուլտետը հայտ ներկայացրել է ասպիրանտական տեղ ստանալու համար, կամ արդյո՞ք այդ տեղը ստանալու դեպքում իրենց կհաջողվի ընդունվել ասպիրանտուրա: Քանի որ ամեն տարի ասպիրանտական տեղ, այսպես ասած, «իջեցնելու» հարցը տարբեր տեսակի շահարկումների առարկա է դառնում, «Առավոտը» ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանի հետ զրույցում փորձեց հստակեցնել այն մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում որոշվում է՝ արդյոք հատկացնե՞լ, թե՞ ոչ՝ բուհի կողմից հայցված այս կամ այն գիտական ուղղությամբ ասպիրանտական տեղը: «Սովորաբար, յուրաքանչյուր տարի ասպիրանտուրայի գծով առկա տարկետման իրավունքով մոտ 224 տեղ է հատկացվում, իհարկե՝ տարեցտարի այդ թիվը որոշ շեղումներ է ունենում: Ասպիրանտական տեղերի տրամադրումն անպայման համաձայնեցվում է պաշտպանության նախարարության հետ, քանի որ զորակոչից տարկետում է հատկացվում: Տրամադրվում են նաեւ անվճար, բայց հեռակա տեղեր, որոնք չունեն տարկետման իրավունք, ուստի այդ տեղը զբաղեցրած անձը, ի տարբերություն առկայի, կրթաթոշակ չի ստանում: Կան նաեւ հեռակա վճարովի տեղեր, որոնց դեպքում վարձավճարները սահմանվում են բուհերի կողմից»,- տեղեկացրեց Մ. Գրիգորյանը:

Քանի որ հասարակության մեջ կա լայնորեն տարածված մի կարծիք, ըստ որի՝ ասպիրանտական տեղերի հատկացման գործընթացում կարող է լուրջ դերակատարություն ունենալ «վերեւներում» ծանոթ ունենալը, տիկին Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ մեխանիզմներ են գործում եւ ի՞նչ երաշխիքներ, որ այսօրինակ խոսակցություններն իրականություն չեն դառնա: Նա պատասխանեց. «Ամեն տարի մինչեւ հունվարի 15-ը մենք բուհերից, գիտական կազմակերպություններից հայտեր ենք հավաքում, թե ինչ ուղղությամբ, ինչ քանակությամբ մասնագիտություններ կուզեին ունենալ: Առաջնորդվելով տնտեսության, գիտության գերակա ուղղություններով՝ այդ հայտերից ընտրություն ենք կատարում: Այնուհետեւ տվյալներն ուղարկում ենք ՀՀ կառավարություն, որպեսզի հաստատվեն: Այդ գործընթացը կարող է տեւել մեկ ամիս կամ ավելի քիչ»: Բաժնի պետը նշեց, որ վերջին տարիների ընթացքում նախապատվությունը տրվում է բնագիտական ուղղություններին, հայագիտությանը, նախկին վարչապետի, այժմ՝ ՀՀ նախագահի հրամանով մի փոքր «ճնշվում» են տնտեսագիտական եւ իրավաբանական ուղղությունները, որպեսզի ապահովվի մասնագիտությունների զարգացման հավասարակշռություն:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարբերակված են նաեւ կրթաթոշակները, ըստ որի՝ տնտեսագիտական եւ իրավաբանական գծով ասպիրանտները ստանում են 20 000 դրամ, հայագիտական առարկաների գծով՝ 30 000, իսկ բոլոր մյուս մասնագիտությունների գծով՝ կրթաթոշակները հավասարեցված են նվազագույն աշխատավարձի չափին: Բուհերի կողմից ստացված հայտերին հավանություն տալու- չտալու դեպքում հաշվի է առնվում նաեւ վերջին 7 տարվա ընթացքում նրանց «վարքը», այսինքն՝ արդյոք, ստացած ասպիրանտական տեղերն այդ ֆակուլտետում նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ ոչ: «Առավոտի» այն հարցին, թե այս առումով ո՞ր ֆակուլտետներն են «սեւ ցուցակում», Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Նման սեւ ցուցակ չունենք, ուղղակի աշխատում ենք, որ ոչ մի մասնագիտություն չկորցնենք»: Ժամանակին ֆակուլտետներին հատկացվում էին նաեւ անվանական, նպատակային ասպիրանտական տեղեր: Բաժնի պետը հայտնեց, որ այժմ այդպիսի բան գոյություն չունի, որպեսզի ընդունելության մրցույթի դեպքում հավասար պայմաններ ստեղծվեն ասպիրանտուրայի թեկնածուների համար: Գիտական շրջանակներում ներկայումս բազում դժգոհություններ կան, թե ասպիրանտուրան ավարտելուց հետո շատ անձինք նախընտրում են ոչ թե մնալ գիտական ասպարեզում, որտեղ աշխատավարձը ցածր է, այլ գնալ մասնավոր կազմակերպություններ, որտեղ անհամեմատ բարձր կվճարվեն: Այս «արտահոսքը» կանխելու համար ԿԳՆ-ում արդեն 2 տարի գործում է «Բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգ»: Ըստ դրա՝ մասնագետը պարտավորվում է առնվազն 3 տարի աշխատել տվյալ կազմակերպությունում, ինչի համար էլ նախապես պայմանագիր է կնքում: Հակառակ դեպքում՝ տվյալ անձը պարտավոր է կազմակերպությանը փոխանցել ուսումնառության տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից իր վրա ծախսված գումարը:

Այժմ հայտնի է նաեւ, թե որ բուհն ինչ մասնագիտությունների գծով է հայտեր ներկայացրել, սակայն ԿԳՆ-ում խոստացան հրապարակել այդ տվյալները՝ կառավարությունից պատասխան ստանալուց հետո միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել