Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈ՞ ՁԻՈՎ ՉԷԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ»

Մարտ 19,2009 00:00

Ավագանու որոշման համար մեղադրում են քաղաքապետին

\"\"
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը կորոշի քաղաքապետի եւ ավագանու մեղքի ու պատասխանատվության աստիճանը:

Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի դեմ Լոռու մարզային դատախազությունը 2008 թվականին քրեական գործ է հարուցել՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2007-ին Ախթալայի քաղաքապետ եղած ժամանակ ակնհայտ բարձր արժեքով ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու մեղադրանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 208 հոդվածի առաջին մասով: Գործի դատական առաջին նիստը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, տեղի է ունեցել փետրվարի 27-ին՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում: Այժմ ընդմիջում է հայտարարված մինչեւ մարտի 24-ը: Առաջին նիստից հետո մեղադրանքը ապացուցող որեւէ հանգամանք ի հայտ չի եկել: Որպես վկաներ հանդես են եկել Ախթալա համայնքի ավագանու անդամներ Նիկոլայ Զելիկովը, Արամ Մարգարյանը եւ Ալբերտ Սոսինյանը:

Ըստ մեղադրական եզրակացության, Սուրեն Թամազյանն, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, շուկայականից 1,186 միլիոն դրամ բարձր գնով 2007-ին գնել էր «Մերսեդես» մակնիշի ծառայողական ավտոմեքենա: Ի դեպ, համայնքի ավագանին միաձայն ընդունել է մեքենա գնելու որոշում: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, ավագանու նիստը համայնքապետը ղեկավարում է խորհրդակցական ձայնի իրավունքով եւ ավագանու որոշման համար պատասխանատվություն չի կրում: Ավագանին իր որոշմամբ բյուջեում եղած 8 մլն դրամից 7 միլիոնը հատկացրել է քաղաքապետի ծառայողական ավտոմեքենա գնելուն, սակայն չի վերահսկել գնման գործընթացը: Եթե մեղադրողի կողմից քաղաքապետ Սուրեն Թամազյանին հասցեագրված մեղադրանքը հիմնավորված է, ապա ավագանին, բյուջեի միջոցների ծախսումների վերահսկող մարմին լինելով, դատարանում պետք է հանդես գար ոչ թե վկայի, այլ պատասխանողի դերում: «Քաղաքապետի համար ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու առաջարկը ավագանու կողմից է արվել, եւ ավագանին որոշել է բյուջեում եղած գումարը տրամադրել ծառայողական մեքենային: Հին մեքենան պիտանի չէր, մի քիչ սիրուն չէր, էլի, ամեն երեխա մեքենա է քշում, ումից էր պակաս մեր քաղաքապետը»,- դատարանում այսպիսի վկայություն է տվել ավագանու անդամ Նիկոլայ Զելիկովը: Ի տարբերություն Զելիկովի, ավագանու մեկ այլ անդամ՝ Արամ Մարգարյանը, դատարանում վկայել է, որ ծառայողական նոր ավտոմեքենա գնելու առաջարկը քաղաքապետ Սուրեն Թամազյանի կողմից է արվել: «Նա նիստից երեք օր առաջ հրավիրեց մեզ եւ ասաց, որ նոր ավտոմեքենա է ուզում գնել: Մենք էլ նիստի ժամանակ դրական որոշում տվեցինք քաղաքապետի առաջարկին»: Դատարանում վկայություն տված ավագանու երրորդ անդամը՝ Ալբերտ Սոսինյանն էլ ասել է. «Ավտոմեքենան շարքից դուրս եկած էր, քաղաքապետն առաջարկեց, մենք էլ որոշեցինք քաղաքապետարանի կարիքների համար ձեռք բերել ավտոմեքենա»: Ճանապարհային ոստիկանության Թումանյանի բաժանմունքի նախկին պետ, վկա Դավիթ Կիրակոսյանն էլ հայտարարել է, թե Ախթալայի համայնքապետարանի հին ծառայողական «Ժիգուլի» մակնիշի «ՎԱԶ 2106» ավտոմեքենան իր կողմից տեխզննության է ենթարկվել, եւ բազմաթիվ թերություններ են եղել՝ անվադողերը ոչ պիտանի են եղել, անսարքություն է եղել նաեւ ավտոմեքենայի ղեկային համակարգում եւ հետեւի կամրջակում. «Եթե 7 տարվա ընթացքում ավտոմեքենան կատարում է իր սահմանված վազքը եւ անսարք է լինում, նա խոտանվում է, իսկ այդ մեքենան 1989 թ. արտադրության է»,- պարզաբանել է Դավիթ Կիրակոսյանը: Նրա ասածները հաստատել է քաղաքապետի օգնական, գնման հանձնաժողովի պատասխանատու, վկա Անուշ Մարգարյանը. «Քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենան անսարք վիճակում էր, նշված պահին էլ նախատեսված գումարը առկա էր, համայնքի ավագանու որոշումը կար, որ այդ գումարը սահմանվում էր ավտոմեքենա ձեռք բերելու համար, խնդիրն էլ հրատապ էր»:

Ցուցմունք է տվել նաեւ ամբաստանյալ Սուրեն Թամազյանը. «Տարիներ շարունակ մեզ համար մեծ խնդիր է եղել հողի եւ գույքահարկի հավաքագրումը: 2007թ. լեռնահարստացուցիչ կոմբինատից կարողացանք ստանալ 7 միլիոն դրամ հարկը: Քաղաքապետարանի ծառայողական «Ժիգուլի» ավտոմեքենան գնել էինք 1997-ին, 5 տարի շարունակ անսարք էր, մինչեւ Վանաձոր հասնելը 10 տեղ փչանում էր: 2007թ. որոշեցինք լավ մեքենա առնել, որ մի 10 տարի օգտագործվի: Մեքենան ձեռք բերեցինք «ՏԻ մասին» եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով: Անցած 10 տարիներին քաղաքապետարանի բյուջեն օգտագործվել է քաղաքի կարիքների համար»: Մեղադրողի՝ ինչո՞ւ քաղաքապետը չի բողոքարկել ավագանու որոշումը հարցին Սուրեն Թամազյանը պատասխանեց. «Ինչու պետք է բողոքարկեի, հո՞ ձիով չէի աշխատելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել