Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2009 00:00

ԳՐՔԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

\"\"Եվրամիության «Եվրոպական կամավորական ծրագրով» Հայաստանում գտնվող եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հ/կ-ի հետ համագործակցող Լիտվայի քաղաքացի՝ 24-ամյա Լաուրա Վալաուսկայտեն հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա որոշել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների համար գրականություն հավաքել: «Առավոտի» հետ զրույցում Լաուրան ասաց, որ Երեւանի դատարաններում ներկա է եղել դատաքննությունների եւ, տեսնելով ամբաստանյալների վիճակը, նման որոշում է կայացրել: Լաուրան էլեկտրոնային նամակ է ուղարկել տասնյակ հասցեներով, դիմել դեսպանատներին, եվրոպական կառույցների հայաստանյան գրասենյակներին, ՀՀ պետական որեւէ կառույցի չի դիմել:

Արդեն հավաքվել է ավելի քան 150 միավոր գիրք: Լաուրային գրքեր են տրամադրել Լիտվայի դեսպանատունը, ԱՄՆ դեսպանատունն է խոստացել աջակցել, որոշ ամսագրերի խմբագրություններ: Իսկ եթե աջակցելու իրենց խոստումը կատարեն եվրոպական կառույցները եւ ֆինանսներ տրամադրեն, ապա Լաուրան կփորձի նորացնել կալանավայրերի գրադարանների գրապահարանները:

Լաուրայի ակցիային միանալ ցանկացողներին տեղեկացնենք, որ կարելի է նվիրել գեղարվեստական, մասնագիտական, գիտական, ուսումնական գրքեր, բառարաններ եւ այլն: Իսկ կալանավորների համար գրքեր նվիրաբերած բոլոր անձինք հատուկ շնորհակալագրեր կստանան:

Ա. Զ.

ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի լիազորությունները սույն թվականի մարտի 18-ից դադարեցվել են:

ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՎ

Փետրվարի 18-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Իրաքի 5 հայազգի քաղաքացի, որոնք ներկայացրել են ՀՀ քաղաքացու անձնագրեր:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը երեկ պարզաբանումներ էր ուղարկել, ըստ որի, հիշյալ անձանց արտերկիր ուղարկելու նպատակով, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք տալու համար ձերբակալվել էր Երեւանի բնակիչ, նախկինում դատապարտված՝ 49-ամյա Գարեգին Կիլիկյանը: Թբիլիսիում ձերբակալված իրաքահայ քաղաքացիները հայտնել են, որ անձնագրերը ձեռք են բերել այս տարվա փետրվարին, ինչի համար վճարել են $75 հազար: Հիշալ անձնագրերից 4-ը տրվել է մինչեւ 2000 թ., եւ լուսանկարի վրա պաշտպանիչ շերտ չի պարունակել, իսկ 1-ը տրվել է 2006-ին: ՀՀ քաղաքացու անձնագրերի իրական տերերից 4-ը ոստիկանություն է հրավիրվել ու բացատրություն տվել, որ նախորդ ամիսներին կորցրել են անձնագրերը, իսկ քաղաքացուհիներից մեկը հայտնել է, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին աշխատանքի տեղավորվելու համար իր անձնագիրը տվել է մորեղբորը՝ Գարեգին Կիլիկյանին: Նա, ըստ ՀՀ ոստիկանության պարզաբանման, ավելի ուշ տեղեկացել է, որ իր անձնագրում փոխել են լուսանկարն ու հանցագործություն կատարել: Ի դեպ, ՀՀ քաղաքացիներից մեկը, որի անձնագիրը սահմանն ապօրինի հատելու համար նույնպես օգտագործվել է իրաքահայ քաղաքացիների կողմից՝ Գարեգին Կիլիկյանի մորաքրոջ որդին է:

ՀՐԴԵՀ՝ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ

Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի հանրակացարանային թիվ 11 շենքում հրդեհ է բռնկվել: Այրվել են շենքի 2-րդ հարկի միջանցքը, 4-րդ եւ 5-րդ բնակարանների մուտքերի դռները եւ 1 խորդանոց:

ՀՐԴԵՀ ԵՎ ԴԻԱԿ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ մարտի 18-ին Վանաձորի Գ. Լուսավորչի փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայում բռնկված հրդեհի պատճառով այրվել է «պատկանելությունը չպարզված շինությունը», որի ներսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:

«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ՝ ՎԵՐՋՆԱԿԵՏՈՒՄ

Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Վարդան Աբրահամյանի, երեկ լսեց Անդրանիկ Բաբայանի սպանության գործով մեղադրական եւ պաշտպանական ճառերը, ինչպես նաեւ՝ ամբաստանյալների պաշտպանական խոսքը: Հիշեցնենք, որ Անդրանիկ Բաբայանը կյանքից զրկվել էր «Օդնոկլասնիկ» կոչվող սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Ըստ մեղադրական եզրակացության՝ ծեծողները Սահակ Ազիզբեկյանը, Արմեն Սարգսյանը եւ Սամվել Ալիխանյանն էին, ովքեր իրենց «քրոջ» պատվին դիպչելու համար փորձել էին հաշվեհարդար տեսնել լրագրող Արթուր Սահակյանից, սակայն, միտումնավոր թե միամտաբար, թիրախ էին դարձրել Արթուրի ընկերներին, որոնցից Անդրանիկը մահացել էր հիվանդանոցում՝ ստացած ծանր մարմնական վնասվածքներից: Մեղադրող Վ. Դավթյանը, հաշվի առնելով ամբաստանյալների արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, որն ուղղված է եղել կյանքի եւ առողջության դեմ, պահանջեց 9 տարի ազատազրկում Սահակ Ազիզբեկյանի համար: Հաշվի էր առնվել վերջինիս նախկինում դատվածության չմարված լինելու հանգամանքը: Իսկ ամբաստանյալներ Արմեն Սարգսյանի եւ Սամվել Ալիխանյանի համար պահանջեց 3-ական տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ դատաքննությունն անցել է արագացված կարգով, առանց ապացույցների հանգամանալից հետազոտման: Պաշտպան Գարեգին Մարգարյանն էլ խնդրեց «չափավոր պատիժ» իր պաշտպանյալների համար, քանի որ գործը բացահայտվել է նրանց «բարեխղճության», խոստովանության արդյունքում. նրանք ընդունել են մեղքը, զղջացել: Ամբաստանյալները խնդրեցին մեղմ վարվել իրենց հանդեպ: Դատավորն անցավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի մարտի 23-ին:

ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել