Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ 19,2009 00:00

\"\"Մեղրաշենցիները պահանջում են բացահայտել զինծառայող Վազգեն Հունանյանի սպանությունը

Մատաղիսի հանրահայտ գործը դեռ չավարտված, իրական հանցագործներին դեռ չբացահայտած, նմանատիպ մի պատմություն էլ արձանագրվեց պաշտպանության նախարարության մեկ այլ զորամասում՝ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի «Թազապոստում»: Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչների պնդմամբ, այս տարվա հունվարի 24-ին վերոհիշյալ զորամասում դաժանաբար սպանել են իրենց համագյուղացի 20-ամյա Վազգեն Հունանյանին: Նախաքննությամբ՝ վարկածներից մեկը ինքնասպանությունն է: Մինչդեռ, ըստ համագյուղացիների, իրենք սեփական աչքերով են տեսել դիակի վրա առկա բռնության հետքերը: Բացի այդ, մեղրաշենցիների պնդմամբ, կատարվածը առաջին դեպքը չէ, որ զորմասերում սպանում են մեղրաշենցի զինծառայողների՝ պնդելով, թե նրանք ինքնասպանություն են գործել:

Մեղրաշենցի Թադեւոս Սարգսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ 6 տարի առաջ սպանվեց իր եղբորորդին՝ Սոս Սարգսյանը, եւ եղբոր կնոջ տիտանական ջանքերից հետո միայն բացահայտվեց իրական հանցագործը՝ «Մարդակեր» մականունով սպան: Մեղրաշենցիները հարեւան փանիկցիների հետ ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով բացահայտել հանցագործներին: Նրանք նաեւ նամակ են ուղարկել երկրի նախագահին. «Մեծարգո պարոն նախագահ, մեղրաշենցիների անունից դիմում ենք Ձեզ՝ երբեւէ չկասկածելով Ձեր ողջամտությանն ու արդարադատությանը: Մենք կշարունակենք դիմել ու պահանջել այնքան, քանի դեռ մեր ականջներում չի խլացել Պառավաքարում տանջամահ արված 20-ամյա Վազգեն Հունանյանի արյան կանչը: Մենք պարտավոր ենք մինչեւ վերջ կանգնել՝ վեր հանելու ամբողջ ճշմարտությունը, բացահայտելու կերպարն այն ազնիվ ու առաքինի երիտասարդի, որին ծնված օրից ենք ճանաչում: Պարոն նախագահ, մեզ ճիշտ հասկացեք, յուրաքանչյուրիս ընտանիքում էլ ապագա զինվոր է ապրում: Մենք չենք կամենում, որ մեր հավատը երերա, այնինչ՝ զորամասի տրամադրած սցենարն ամբողջովին խեղկատակություն է, քանի որ մասնագետ պետք չէ լինել՝ ինքնասպանության տարբերակը բացառելու համար: Նախաքննական մարմինը 3 անձից ցուցմունք է կորզել, ըստ որի՝ երկու եզդիներ են հասցրել ինքնասպանության: Դա անհեթեթություն է, դիահերձարանում արված բազմաթիվ լուսանկարները կհաստատեն այն, որ իսկական հանցագործներին գիտակցված քողարկում են՝ մատնանշելով միայն գործիք դարձած զինվորներին: Պարոն նախագահ, Վազգեն Հունանյանի խռոված հոգին մեզ հանգիստ չի տալիս, իսկ մենք հանգիստ չենք տա ու կպայքարենք այնքան, քանի դեռ մեկը կհանդգնի ինքնասպանություն որակել գազանորեն ու դաժանաբար խոշտանգված անմեղ զինվորի մահը»: Ի դեպ, դատաբժշկական փորձաքննությամբ Վազգեն Հունանյանի բերանում մազ են հայտնաբերել, որը հարազատներին առիթ է տվել ենթադրելու, որ Վազգենը մարդասպաններին դիմադրել է բերանով:

Վարդան Ռաֆայելյանն էլ փաստեց. «Վարկածն էն է, թե իբր բերանի մեջ է Վազգենը կրակել: Ես կռված տղա եմ, դա հիմարություն է, եթե էդպես լիներ, կասկեն պտի վառվեր, բայց կասկեն գլուխն է եղել եւ կասկին ոչ մի բան չկա: Իսկ թեւերի, վզի տակ եղած կապտուկների մասի՞ն ինչ կասեն, ինքն իրեն բռնեց-կապտացրեց՝ նոր կրակե՞ց»:

«Առավոտը» եղավ նաեւ Վազգեն Հունանյանի տանը: Մայրն անկողնային հիվանդ էր, նա միայն ասաց, որ մահից 2 օր առաջ Վազգենը շատ բարձր տրամադրությամբ իր հետ խոսել է եւ չի տրտնջացել ինն ամսվա ընթացքում դիրքերում ծառայելու համար: Վազգեն Հունանյանի հորեղբայրն էլ՝ Հովհաննես Հունանյանը, ով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, մեզ ցույց տվեց մարզի զինվորական կայազորի Իջեւանի քննչական բաժնի վարչության պետ, գեներալ-մայոր Հարությունյանի՝ իրեն ուղարկված նամակի պատասխանը: «Վազգեն Խաչատուրի Հունանյանը, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք եւ տեղում մահացել է»,- ասված է պաշտոնական գրության մեջ: Նույն այդ փաստաթղթում նշված է նաեւ. «Նախաքննությամբ միաժամանակ պարզվել է, որ զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Թեյմուր Մուրազի Թեյմուրյանը եւ Արթուր Զորիկի Խուդոյանը 2008 թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2009 թ. հունվարի 9-ը ընկած ժամանակահատվածում զորամասի հրամանատարի հրամաններով նույն վաշտի զինծառայող, շարքային Վազգեն Հունանյանի եւ մյուսների հետ, մարտական հերթապահության նշանակված լինելով Տավուշի մարզի սահմանային «Թազապոստ» կոչվող մարտական հենակետում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ ծաղրուծանակի ենթարկելու, հայհոյանքներ տալու միջոցով ստորացրել են Հունանյանի պատիվն ու արժանապատվությունը եւ ստիպել նրան իրենց համար տարբեր ծառայություններ կատարել: Նրանք փետրվարի 7-ին ձերբակալվել են, իսկ փետրվարի 10-ին նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել կալանքը»: Վազգենի հորեղբայրը, չբացառելով եզդիների մասնակցությունը, համոզմունք հայտնեց, որ իսկական ոճրագործին ամեն կերպ քողարկում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել