Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսական ամուսնությունն» ու նրա հետեւանքները

Մարտ 19,2009 00:00

Զույգերն ամուսնանում են ու չեն կարողանում սեռական կյանք սկսել

«Ես անելանելի վիճակում էի: Եթե պարզվեր, որ հղի էի, ուղղակի չէի պատկերացնում, թե ինչ կլինի, չգիտեի՝ ում դիմեի: Այդ ամենն իմ չտեղեկացվածության ու անգրագիտության հետեւանքն էր»,- մեզ հետ զրույցում ասաց 20-ամյա Հ. Գ-ն:

Բժիշկ-մասնագետների ներկայացմամբ՝ սեռական դաստիարակության բացակայության պատճառով մեր երկրում երիտասարդները մի շարք խնդիրների առաջ են կանգնում: Մասնավորապես՝ աղջիկների համար առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում «կյանքի գնով» կույս մնալը: Դա հետագայում անդրադառնում է նաեւ զույգերի սեռական կյանքի վրա:

Բժիշկ-սեքսոլոգ Արամ Բաղդասարյանի ներկայացմամբ, այսօր Հայաստանում տարածված է «վիրգոգամիա» կոչվող երեւույթը: Սա լատիներեն տերմին է, որը նշանակում է «կուսական ամուսնություն», այսինքն՝ ըստ բժշկի, զույգն ամուսնանում է, եւ նրանք չեն կարողանում սեռական կյանք սկսել. «Սրա պատճառները տարբեր են: Վերջերս ինձ մոտ մի զույգ էր եկել, որն ուներ այս խնդիրը: Պատճառն աղջկա բացարձակ անգրագիտությունն էր: Ամուսինը նույնիսկ պատմում էր, որ նա անգամ իրեն հարցրել է, թե երեխաներն ինչպես են ծնվում: Եվ այս անտեղյակությունն առաջացնում է բարդույթներ ու վախ: Այսօր մեր երկրում սեռական դաստիարակության խնդիր կա: Ընտանիքում այս թեմայի վրա տաբու է դրված, չի քննարկվում: Դպրոցներում այս մասին չեն խոսում: Վերջերս միայն որոշ դպրոցներում փորձում են նման առարկա անցնել»:

Մինչդեռ Արամ Բաղդասարյանը գտնում է, որ նման գիտելիքները երիտասարդները պետք է մասնագիտական աղբյուրից ստանան, այլ ոչ թե՝ իրենցից մեծ ընկերներից կամ ընկերուհիներից. «Ոչ մասնագետները ոչ թե մասնագիտական բացատրություն են տալիս երեւույթներին, այլ պատմում են իրենց փորձը, իսկ դա միանշանակ ընդունել պետք չի»:

Ըստ բժշկի՝ բարդություններից եւ պրոբլեմներից խուսափելու լավագույն միջոցը բժշկին դիմելն է կամ համապատասխան գրականությունից օգտվելը: Այսօր Հայաստանում բավականին շատ են նմանօրինակ բրոշյուրները, որոնք, բժշկի հավաստմամբ, գրագետ են եւ պատասխանում են երիտասարդությանը հուզող հարցերին: Այդուհանդերձ, պարոն Բաղդասարյանը գտնում է, որ «հիմա Հայաստանում սեքսուալ հեղափոխության 1-ին փուլն է: Դրա վառ ապացույցներից է այն, որ այսօրվա դպրոցականների վերաբերմունքը այս բոլոր հարցերի հանդեպ՝ էապես տարբերվում է այսօրվա 30 տարեկան մարդկանց հայացքներից»:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի խոսքերով՝ սեռական դաստիարակությունը որպես առանձին առարկա ուսումնական պլանում չկա. «Մեր դպրոցում բարձր դասարանցիների համար կազմակերպվում են ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նվիրված սեմինարներ: Անատոմիայի դասերին կենսաբանության ուսուցիչները եւս անդրադառնում են այս հարցերին: Տարբեր դպրոցներում տնօրենների նախաձեռնությամբ կարող են անցկացվել նմանատիպ սեմինարներ»:

Մենք փորձեցինք մայրաքաղաքի որոշ թերթի կրպակների աշխատակիցներից պարզել, թե երիտասարդները հաճա՞խ են օգտվում սեռական դաստիարակության թեմայով բրոշյուրներից: Վաճառողների խոսքերով, դրանք այնքան էլ լավ չեն վաճառվում, իսկ գնորդներն էլ սովորաբար ամաչելով են գնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել