Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԻՆԵԻՆ ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ «ԵՀՈՎԱ» ԵՆ ԿՈՉՈՒՄ

Մարտ 19,2009 00:00

Աղջկա մայրը խորհուրդ է տալիս՝ «Բակունց-մակունց կարդալու փոխարեն՝ Եհովա աստծո մասին կարդա»

«Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ Աստղիկ Ղուկասյանը որոշել է իր դստերն ամուսնացնել «եղբայրներից» մեկի հետ, որ օր ծերության ինքը ոչնչի կարիք չունենա: «Արդեն երեք տարի է, ինչ ես գտել եմ իմ աստծուն: Նա ինձ պահում է, հաց ու ջուր է տալիս: Եթե չլիներ նա, ես այսօր մուրացկանությամբ կզբաղվեի»,- մեզ հետ զրույցում պատմեց Ա. Ղուկասյանը: Տիկին Աստղիկի ամուսինը՝ Զորիկ Պողոսյանը, մահացել է 4 տարի առաջ՝ սրտի հիվանդությունից: Այդ օրվանից Ա. Ղուկասյանն իր դստեր՝ Լուսինեի հետ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Նրանց օրվա հացի հոգսը հոգում էին գյուղի բնակիչները, մինչեւ որ նրանք գտան «իրենց միակ աստծուն, ում երկրպագությամբ էլ այսօր անցկացնում են իրենց օրը»:

«Ամեն վայրկյան օրհնում եմ էն պահը, որ մեր եղբայր Աշոտը թակեց մեր տան դուռը: Այդ օրը բացվեցին իմ աչքերը, եւ ես հասկացա, որ մինչ օրս ես գտնվել եմ մոլորության մեջ: Ճիշտ է, այն ժամանակ ես Աշոտին չէի ճանաչում, բայց երբ դռան շեմին կանգնած նա սկսեց պատմել, որ միակ աստվածը Եհովան է, նրա այդ պատմածները իմ հոգին մտան: Նա հենց այդ նույն վայրկյանին ինձ համար դարձավ ամենասիրելի մարդն այս աշխարհում»,- ասաց տիկին Աստղիկը:

Լուսինեն սովորում է 8-րդ դասարանում, համադասարանցիները նրան «Եհովա» են կոչում: Լուսինեն երբեմն շատ է վիրավորվում նրանցից, բայց համոզված է, որ իրենց դպրոցում «բոլորը մոլորված են». «Ես նրանց ասում եմ, որ չնայած Եհովան ապրում է երկնքում, սակայն նա տեսնում է ամեն բան: Մեր Եղբայր Աշոտն էլ ինձ միշտ ասում է, որ ճշմարիտը մեր հավատքն է, այդ պատճառով էլ ես ինձ վատ չեմ զգում դասընկերներիս շրջանում եւ փորձում եմ արհամարհել նրանց ասածները»: Լուսինեին երբեմն տխրեցնում է նաեւ այն, որ մայրիկը թույլ չի տալիս իրեն մասնակցել ընկերների կազմակերպած խնջույքներին: Տիկին Աստղիկը կտրականապես դեմ է այդ երեւույթին. «Նախ էդ քեֆերի համար փող են հավաքում, իսկ մենք փող չունենք: Մեր օրվա 2 աման ճաշն էլ մեր եղբայրներն ու քույրերն են մեզ տալիս: Էդքան լավությունը քիչ ա, հիմա էլ գնամ ասեմ՝ փող տվեք, որ Լուսինեն գնա քեֆի՞: Հետո մի բան էլ կա. էդ նույն ժամանակը, եթե ինքը կարա հավաքի մասնակցի ու աղոթի մեր միակ Եհովա աստծուն, ինչի՞ ծախսի անիմաստ քեֆերի վրա»: Այսօր մայր ու աղջկա միակ հոգսը հավաքներից չուշանալն է, իսկ նրանց սննդի, հագուստի եւ մնացած բոլոր անհրաժեշտ պարագաների մասին հոգում են «եղբայրներն ու քույրերը»:

Տիկին Աստղիկը հաճախ խուսափում էր մեր տված հարցերին պատասխանելուց: Զրույցի ընթացքում նա տարբեր հարցերին մեջբերում էր Սուրբ Գրքից անգիր արած մի քանի հատվածներ:

Սակայն Լուսինեն այլ երազանքներ էլ ունի ու հավաքներում բաժանած գրքերից բացի, ուրիշ գրքեր էլ է կարդում: Նա մեզանից հետաքրքրվեց, թե բանասիրական ֆակուլտետ ընդունվելու համար ի՞նչ քննություններ պետք է հանձնել:

«Երանի ես էլ մի օր ուսանող դառնամ: Շատ եմ սիրում կարդալ: Նենց կուզեի գրականության մասնագետ դառնայի»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինեն: Չնայած դստեր ցանկություններին՝ տիկին Աստղիկը նրա հետ կապված այլ ծրագրեր ունի. «Թող մի երկու տարի էլ սովորի դպրոցում, հետո կտեսնենք՝ ինչ կլինի: Ամբողջ օրը ասում եմ՝ էդ Բակունց-մակունց կարդալու փոխարեն՝ Եհովա աստծո մասին կարդա: Հենա մի մեշոկ գրքեր եմ բերել հավաքներից: Իսկ երբ 18-ը լրանա՝ կամուսնացնեմ մեր հավատքի տղաներից մեկի հետ ու կիմանամ, որ օր ծերության ոչ մի բանի կարիք չեմ ունենա ոչ ես, ոչ ինքը»:

Տիկին Աստղիկը համոզված է, որ եթե իրենք այսօր այս կազմակերպության անդամ չլինեին, ստիպված կլինեին մուրացկանությամբ զբաղվել ու «սրանից-նրանից հաց խնդրել».«Սենց ավելի լավ չի՞: Մեզ համար հանգիստ գնում ենք հավաքներին, երկրպագում մեր աստծուն, օրվա ճաշը վերցնում ու գալիս տուն»:

Նրա պատմելով՝ երբեմն լինում են նաեւ «բոնուսներ»: «Եթե, օրինակ, ես հիմա կարողանամ մեկին համոզել, որ ինքն էլ դառնա մեր կազմակերպության անդամ ու մասնակցի մեր հավաքներին, ինձ ու Լուսինեին դրա դիմաց ավելի լավ կնայեն»,- ասաց տիկին Աստղիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել