Լրահոս
Օրվա լրահոսը

Պետեկամուտների կոմիտեն օրենք է խախտում

Մարտ 19,2009 00:00

Երեկ «Առավոտը» տարբեր տնտեսվարողներից ահազանգ ստացավ այն մասին, որ Հարկային տեսչությունը համատարած՝ 150 հազար դրամով տուգանում է Գյումրիի հացի արտադրամասի տերերին՝ անգամ ուշադրություն չդարձնելով վերջիններիս արտադրանքի ծավալներին կամ արտադրամասի մեծ կամ փոքր լինելուն: Միաժամանակ բողոքներ ստացվեցին նաեւ երթուղային տաքսու վարորդներից, որ հարկայինը սկսել է նրանցով եւս հետաքրքրվել՝ պահանջելով համապատասխան լիցենզիա: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության «փայլուն» աշխատանքի շնորհիվ՝ մեր օրաթերթին չի հաջողվում պարզաբանումներ ստանալ, թե ինչո՞ւ է հարկայինը տուգանում տնտեսվարողներին: Բանն այն է, որ արդեն 4-րդ օրն է, ինչ «Առավոտը» փորձում է հարցազրույց անցկացնել Գյումրիի հարկային տեսչության նորանշանակ պետ Ռաֆիկ Մաշադյանի հետ: Լրատվական ծառայությունից նախապես տեղեկանալով մեր հարցերին՝ խորհուրդ տվեցին սպասել իրենց զանգին: Իսկ երբ նրանց խորհրդին հետեւելուց հետո զանգ չստացանք, ինքներս զանգեցինք եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Ճշտման փուլում է: Ձեր հեռախոսահամարը ունենք՝ կզանգենք»: Մինչ հարկայինի լրատվական ծառայությունը չի կողմնորոշվում՝ թույլատրի՞ «Առավոտին» տեղեկատվություն ստանալ, թե՝ ոչ, տասնյակ տնտեսվարողներ են տուգանվում՝ չիմանալով, թե ինչու: Թե ինչու է հենց այդ տուժած տնտեսվարողների վճարած հարկերի հաշվին՝ Պետեկամուտների կոմիտեն 5-6 լրատվականի աշխատակից պահում, եթե նրանք 4 օրվա մեջ ի վիճակի չեն անգամ հարցազրույց կազմակերպել՝ անհասկանալի է, մանավանդ որ, բոլոր պետական հիմնարկները պարտավորվել են կրճատել իրենց ծախսերը:

Նշենք, որ պետական ցանկացած կառույց պարտավոր է լրատվամիջոցին տեղեկատվություն տրամադրել, ինչը Պետեկամուտների կոմիտեն չի անում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել