Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ ՉԵՆ ՄՆՈՒՄ

Մարտ 19,2009 00:00

\"\"Շինարարական ընկերությունների հավաստմամբ՝ պետական աջակցություն գրեթե չեն ստանում, իրենք էլ ստիպված սեփական փողերով են «յոլա գնում»:

Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը մշտապես պայմանավորված է եղել երկրում շինարարության մեծ պահանջարկով: Սակայն տնտեսական ճգնաժամի պարագայում արձանագրվեց անշարժ գույքի գների անկում, ինչով էլ պայմանավորված՝ շինարարության ոլորտը ներդրումների համար դարձավ խիստ ռիսկային եւ աճի տեմպերը բավականին նվազեցին: «Առավոտի» հետ զրույցում որոշ շինարարական ընկերություններ դա պայմանավորեցին համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, որոշներն էլ՝ պահանջարկի նվազեցմամբ: Շատերի կարծիքով՝ ժողովրդի մեջ խուճապ կա, մարդիկ անորոշության մեջ են եւ չեն կողմնորոշվում՝ գնե՞ն նոր բնակարան, թե՞ ոչ:

«Տոնուս քընստրաքշն» ընկերության տնօրեն Նշան Աբրահամյանի վստահեցմամբ՝ իրենց ընկերության աշխատանքների ծավալները «ահագին ընկել են», սակայն աշխատանքներն ընդհանուր առմամբ կանգ չեն առել. «Շինարարություն իրականացնելու եւ իրացնելու հարցում փոխկապակցվածություն կա: Վերջին շրջանում իրացման լուրջ խնդիր է առաջացել: Ընդ որում, իմ կարծիքով, դա ոչ թե պահանջարկի նվազում է, ոչ թե գների ոչ մատչելիությունն է ու անհասանելիությունը, այլ քանի ամիս է՝ ժողովրդի մեջ ինչ-որ անհասկանալի խուճապ է բույն դրել: Նաեւ իր հերթին բանկային ֆինանսավորման վարկավորումն էլ խնդիր է դարձել, ընդ որում՝ առաջարկվող տոկոսներն էլ բավականին բարձր են, կարելի է ասել նման պայմաններում այդ տոկոսները բիզնեսի համար ձեռնտու չեն»: Ընկերության տնօրենի խոսքերով՝ ճիշտ է, իրենք շարունակում են շենքեր կառուցել, սակայն այն հնարավորությունը, որ ունի ընկերությունը, 100%-ով չի արվում, քանի որ չեն կարողանում կառուցածն ամբողջությամբ վաճառել: Պարոն Աբրահամյանի ներկայացմամբ, իրենք իրացման անկումից ուղղակի վնասներ չեն կրում, սակայն եկամուտները բավականին նվազել են. «Երեւի ավելի շատ պետական տնտեսությունն է վնասներ կրում, քանի որ այդ իրացման ժամանակ, վերջիվերջո, մենք հարկ ենք մուծում: Մեր աշխատանքները պարզապես դանդաղել են: Եթե առաջ արագ կառուցում էինք, արագ էլ իրացնում, հիմա այդպես չէ»:

Կառուցապատող խոշոր ընկերություններից մեկը՝ «Գլենդել Հիլզը» եւս տուժել է ճգնաժամից: Ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանը «Առավոտին» վստահեցրեց, որ այս պահին մի քանի անգամ ընկել է բնակարանների պահանջարկը. «Ժամանակին մենք վաճառել ենք շաբաթական 50-60 բնակարան, հիմա՝ 7-8: Ի տարբերություն այլ կառուցապատողների, մենք մի քիչ ավելի հաջող վիճակում ենք, այն պատճառով, որ կառուցվող շենքերը, որոնք 10-ն են, դրանց 70%-ը վաճառված է: Այդ գնորդները, ամեն ամիս վճարումներ են անում, դրա պատճառով էլ շինարարությունը շարունակվում է: Այլ բան է, թե ընկերությունը ինչպես է տեսնում իր ապագան: Որպես սովորական կառուցապատող, մենք ամեն տարի նախատեսում էինք ավարտին հասցնել 10 շենք, ներկայիս իրավիճակում, եթե նույն կերպ շարունակվի, ասենք՝ 2011 թվականին լինենք նույն կարգավիճակում, պարզ է, որ անիրականանալի բան է 10 շենք կառուցապատելը, քանի որ գնորդը նման պահանջարկ չի ունենա: Կկառուցվի 5, թե՝ 2 շենք, արդեն ժամանակը ցույց կտա»: Պարոն Մելիքյանի հավաստմամբ՝ իրենց գնորդների վճարները փոքր-ինչ նվազել են, որը հարգելի պատճառ է, սակայն դա չպետք է չարաշահվի:

Ի տարբերություն մի շարք ընկերությունների՝ «Ռենկո» ընկերության վրա ճգնաժամն այնքան էլ չի ազդել. «Ճգնաժամն ամբողջ աշխարհում ազդել է, բայց դա չի նշանակում, որ ազդել է մեր շինարարական հնարավորությունների վրա: Որքան կարող էինք որակով ու քանակով ապրանք տալ, հիմա էլ նույնն ենք անում: Հիմա էլ շատ մեծ շինարարություն ենք անում, բայց իրացման խնդիր է առաջանում, իսկ դա առաջացել է անվստահությունից ու անորոշությունից: Մարդիկ չգիտեն՝ վաղն ի՞նչ կլինի կամ դրամի հարաբերակցությունը ո՞նց կլինի: Իրացման նվազելու մասին կարող ենք միայն մայիսին խոսել, քանի որ այս սեզոնին սովորաբար բնակարանների առքը նվազում է»:

Շինարարական ընկերությունների մեջ, կարծես թե, ամենից շահեկան վիճակում է «Նաիրի» ընկերությունը, որը շինաշխատանքներ է կատարում պետպատվերով: Ընկերության տնօրեն Եգոր Խերիմյանը «Առավոտին» վստահեցրեց, որ իրենք պետության պատվերները սկսել են կատարել սեփական գումարներով, մինչ պետբյուջեից իրենց ֆինանսներ կհատկացնեն. «Առայժմ դա ուշանում է, մեր փողերով ենք անում, կարող է 40 օր հետո տան, հո իրենց հույսին չենք: Կտան, էլի: Վաղը վերջնական կորոշվի, երբ են տալու» Մեր այն դիտարկմանը, որ բյուջեի ծախսերը խիստ կրճատվել են, մտավախություն չկա՞, որ իրենց այլեւս չֆինանսավորեն, պարոն Խերիմյանն ասաց. «Մտավախություն չունենք, պետությունը մեզ միշտ էլ լավ է ֆինանսավորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել