Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանի գործը մտավ դատարան

Մարտ 19,2009 00:00

Մարտի 23-ին նշանակված է դատական առաջին նիստը

Մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում նշանակված է Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի գործով դատաքննություն՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ: Նա մեղադրվում է «զրպարտությամբ սուտ մատնություն կատարելու» մեջ: Սակայն դատաքննություն նշանակելու մասին Հացպանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանն անտեղյակ է եղել: Քրգործի վարույթն իրականացնող մարմինը նրան նման որոշում չի ուղարկել: Չի ուղարկվել նաեւ այն որոշումը, որը ուղարկվել է Հացպանյանին՝ նրա կալանքի ժամկետը մարտի 6-ին հերթական անգամ երկարաձգելու մասին:

Հ. Արսենյանը մանրամասնելով իրավիճակը՝ ասաց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացվել էր մինչեւ մարտի 7-ը: Այդ ընթացքում ավարտվել էր քրգործի նախաքննությունը, բայց գործը դեռ դատարան չէր հասել, ու միաժամանակ լրացել էր Հացպանյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: «Եկավ մարտի 7-ը, բայց իմ կալանքը անփոփոխ թողնելու կամ փոխելու համար դատական նիստ տեղի չունեցավ: Ես մնացի օդում կախված, ըստ էության, ապօրինաբար ազատությունից զրկվածի կարգավիճակում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Հացպանյանը: Դատավոր Գ. Ավետիսյանը մարտի 6-ին որոշում է կայացրել Հացպանյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին՝ իր որոշման մեջ գրելով, թե թիվ այսինչ քրգործը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վարույթում՝ առանց նշելու, որ գործն իր վարույթում է: Իսկ ահա որոշման պատճառաբանական մասում գրել է, որ քրգործը դատարանում վարույթ է ընդունվել 2009թ. մարտի 9-ին:

«Եթե դու որոշում ես կայացրել մարտի 6-ին, ի՞նչ գիտես, որ այդ գործը մարտի 9-ին հենց ձեր վարույթ պիտի ընդունեք: Ըստ էության, ստացվում է, որ քրգործը դեռ վարույթ չընդունած՝ դատավորը Հացպանյանին ապօրինաբար պահել է կալանքի տակ, եւ քանի որ քրեակատարողական հիմնարկ ուղարկելու համար որոշում է պետք եղել այդպիսի առանձին՝ խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին, որոշում է ուղարկվել ՔԿՀ-ին: Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ Քր. դատ. օր.-ի 292 հոդվածի՝ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝ դատաքննություն նշանակելու մասին, որով միաժամանակ խափանման միջոցի հարցը պետք է լուծվեր: Բայց երբեք խափանման միջոցը անփոփոխ թողնելու կամ փոխելու վերաբերյալ առանձին որոշում չի կայացնում: Սա էլ է նորույթ»,- փաստեց Հ. Արսենյանը:

Դատարանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը պաշտպանը չի բողոքարկել, որովհետեւ այն պարզապես չի ստացել: «Ես ընդամենը մարտի 16-ին եմ ստացել այդ որոշումը, այն էլ՝ Հացպանյանից: Հիմա մենք պատրաստվում ենք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որովհետեւ տեղի ունեցածն ակնհայտ ապօրինություն է»,- հայտարարեց պաշտպանը՝ հավելելով, թե ինքը դեռ խնդիր ունի ճշտելու՝ ե՞րբ է դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատված ուղարկվել դատարան, ե՞րբ է այնտեղ մուտք եղել եւ ե՞րբ է մակագրվել Գագիկ Ավետիսյանի վրա, ու, ի վերջո, ե՞րբ է դատավորը ստացել այդ գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել