Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱԾ ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Մարտ 19,2009 00:00

\"\"ՀԺԱՄ-ում զարմացած են տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հայտարարություններից:

2009 թ. հունվարի 1-ից պարզեցված հարկային համակարգի շեմը ամրագրեց 58 մլն 350 հազար դրամը, իսկ նախկինում այն մոտ 5 միլիոն դրամ էր: Շեմի բարձրացման որոշման հետ մեկտեղ որոշվեց, որ մինչ այդ հաստատագրված հարկ վճարողները այժմ վճարելու են պարզեցված հարկ՝ ըստ ապրանքաշրջանառության: Մանր եւ միջին գործարարների շահերը ներկայացնող եւ միջին խավի ձեւավորման խնդիրներն իր վրա վերցրած ՀԺԱՄ կուսակցության խորհրդի նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ ի հեճուկս նախաձեռնության հեղինակ-պաշտոնյաների, ասում է, որ դա հարվածում է միջին գործարարին. «Այս դեպքում պետք է գործարարն անցնի 11 տոկոս հարկի վճարման, բայց հաշվի առնելով, որ մեզանում մեծածախ շուկան հաշիվ-ապրանքագիր եւ ձեռք բերման փաստաթուղթ չի տալիս, քանի որ հայտնի մոնոպոլիստների ձեռքին է, ուստի մեր էլեկտորատը վնասվում է: Կառավարության կողմից արված քայլերը անբավարար են, նաեւ՝ ոչ պրոֆեսիոնալ: Մենք մտադիր ենք գրավոր դիմել կառավարությանը՝ բարձրացնելու այդ շեմը, քանի որ տնտեսական ճգնաժամի պայմաններում գները աճելու միտում ունեն, իսկ շրջանառությունը՝ նվազելու: Վարչապետը բարձրաձայնել է, որ ճգնաժամի ազդեցությունն իրենց վրա պետք է վերցնեն մեծահարուստները եւ խոշոր բիզնեսը, ողջունելի է, բայց դա ընդամենը հայտարարություն է, պետք է կարգավորել ամեն ինչ: Հիմա եթե գնանք շաքարավազ գնելու՝ ներմուծող հայտնի գործարարը շաքարավազի մեծածախ գին է սահմանել 251 դրամը: Նույն մեծահարուստի սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը 250 դրամ է: Այն մարդը, որը մեծածախ ձեռք է բերելու եւ վաճառելու, գոնե 10 տոկոս հավելավճար պիտի դնի՝ ու կստացվի նվազագույնը 265 դրամ: Արդեն պարադոքս է: Ու զարմանալին այն է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը կոչ է անում 250 դրամից ավելի գնով շաքարավազ չգնել: Այսինքն՝ բոլորին ուղղորդում է «Երեւան սիթի՞»:

Մեր զրուցակիցը բազմաթիվ այլ որոշումների օրինակներ է բերում, որոնք այսօր վնասում են մանր ու միջին բիզնեսին: Նաեւ ահազանգում է. «ՀԴՄ-ների կտրոնները պարտադրելը շատ լավ որոշում է, բայց նաեւ պատրվակ է, որ հարկային ոլորտի աշխատակիցները չարաշահումներ անեն: Մեր կուսակցությունում կան սեփական փոքր խանութ ունեցող մարդիկ: Բոլորը ահազանգում են, որ հարկային տեսուչն արդեն ՀԴՄ-ի կտրոն չխփելու ակտը գրած՝ գալիս է խանութ եւ որոշակի գումար պահանջում: Այսինքն՝ հարկային վարչարարության լուրջ խնդիրներ կան. աչքը սարքելու փոխարեն՝ ունքն էլ են հանում»:

Ի դեպ, այսօր կայանալիք խորհրդի նիստում ՀԺԱՄ կուսակցությունը ամենայն հավանականությամբ որոշում կընդունի մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին: «Առավոտի» տարակուսանքին՝ ընդամենը մեկ խորհրդարանական ընտրությունների մասնակցած, այն էլ լուրջ արդյունքներ չգրանցած կուսակցությունն ինչո՞ւ է նման հավակնություններ ցուցաբերում, կուսակցության խորհրդի նախագահ Վահրամ Մկրտչյանը պատասխանեց. «Նախ, մենք կարծում ենք, որ 2003 թվականին հաղթահարել էինք 5 տոկոսի շեմը, չնայած պաշտոնապես 4,7 տոկոս ներկայացվեց: Ինչեւէ: Իսկ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելն է: Այստեղ արդյունքները մեզ այդքան էլ չեն հետաքրքրում, չնայած վստահ ենք, որ բավականին արժանապատիվ տոկոս կհավաքենք»:

Ինչո՞ւ միջին խավի ձեւավորման խնդիրներն իր ուսերին առնելու համար ստեղծված կուսակցությունն այսքան տարիներ պասիվ մնալուց հետո որոշեց վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Համաձայն չեմ, որ մենք պասիվ ենք եղել: Եթե դիտարկենք քաղաքական ակտիվությունը, Հայաստանում, որպես կանոն, կուսակցությունների առաջին դեմքերն են մամուլով հանդես գալիս եւ համագումարներ են անում: Այս երկու միջոցառումներով էլ պակաս չենք եղել, նաեւ՝ կարեւոր հարցերի վերաբերյալ կուսակցության խորհրդի եւ վարչության որոշումներ ենք հրապարակել: Այլ բան է, որ հասարակական գիտակցության մեջ այս արված գործողությունները նստվածք չեն տվել: Դա էլ պայմանավորված է նրանով, որ ՀԺԱՄ-ն իշխանության ղեկին մոտ չէ, իսկ մեր հասարակությունն այդ կարծրատիպով տառապում է: Կարեւոր չէ, թե ինչ ես ասում, կարեւոր է, թե ով է ասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել