Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵՑ

Մարտ 19,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Երեկ նախկին դատախազը շուրջ 2 ժամ հանդես եկավ ոչ թե պաշտպանական, այլ 36 էջանոց, ինչպես ինքն ասաց՝ իշխանություններին ուղղված «մեղադրական ճառով»: «Դատարանն ինձ աննախադեպ հնարավորություն է ընձեռել ի մի բերելու, ամփոփելու ու հանրությանը ի ցույց դնելու իմ ու իմ քաղաքական պատանդ, համախոհ ընկերների, համաժողովրդական շարժման ակտիվիստների ու շարքային անդամների դեմ սանձազերծած, ստալինյան տեռորի տարիներից ի վեր Հայաստանում չտեսնված ծավալների հասնող քաղաքական ու իշխանական հալածանքների, ոստիկանական հետապնդումների, դատախազական ու դատական հաշվեհարդարների պատճառները, այդ ծանրագույն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու իրական շարժառիթները»,- հայտարարեց նա: Գ. Ջհանգիրյանն ասաց նաեւ, թե ինքը չկատարած հանցանքի մեջ հանիրավի ամբաստանվող, պաշտպանական խոսքի կարիք չի զգում, «ոչ միայն այն պատճառով, որ իմ պաշտպանները իրենց ճառում հանգամանորեն ու փաստարկված հերքեցին, քարը քարի վրա չթողեցին, հիմնահատակ ավերեցին ինձ առաջադրված իրավաբանորեն անգրագետ, որեւէ օրինական հիմքից զուրկ, փուչ մեղադրանքը, այլեւ գործի նյութերով փաստարկված, հիմնավորված ապացուցեցին ի սկզբանե հայտնի ճշմարտությունը, որ Ջհանգիրյանը ոչ միայն որեւէ հանցագործություն չի կատարել, այլեւ չհաջողած սպանության սադրանքի զոհ է դարձել, ենթարկվել ապօրինի բերման, ֆիզիկական հաշվեհարդարի, արհեստական ապացույցների վրա հիմնված մեղադրանքով ապօրինի ձերբակալման ու կալանքի եւ մոտ մեկ տարի պահվում է անազատության մեջ»: Նա էլի պնդեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական շարժառիթը 2008թ. փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքում ունեցած ելույթն է եղել եւ այդ ելույթում նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանն առնչվող գնահատականներ հրապարակելը: Իր ճառի ավարտին, որպես վերջին խոսք, Գ.Ջհանգիրյանը հայտարարեց. «Բոլոր ճգնաժամերից առավել Հայաստանում արդարության եւ արդարադատության ճգնաժամ է»: Նա, դիմելով դատախազներին, դատավորներին, ասաց. «Ձեզանից ներողամտություն չեմ հայցում. իմ ակնկալածը արդարադատություն է՝ հանիրավի ամբաստանվողիս առանց որեւէ պայմանի արդարացումը, հակառակ դեպքում ձեր ոչ մի բացատրություն ու զղջում չեմ ընդունելու ոչ հիմա, ոչ հետագայում. Թող Աստված լինի դատավորը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել