Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» որոշումը կայացվելու է՝ ելնելով ընդդիմության շահերից

Մարտ 19,2009 00:00

Երեկ պնդեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը

«Հայելի» ակումբին երեկ հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ափսոսանք հայտնեց, որ ՀԱԿ-ի մարտի 15-ի որոշումը չկայացվեց «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքում. «Կարծում ենք, որ պետք է այդ որոշումն ընդունվեր միասին՝ անկախ նրանից, թե ինչ ձեւ, տեսք կունենար այդ ցուցակը»:

Նա ներկայացրեց «Ժառանգության» առաջարկած ցուցակի տրամաբանությունը. «Մոտեցումը հետեւյալն է, որ կա ընտրողների մի մեծ խավ, որը նույնիսկ ամենաակտիվ ու ամենամոբիլիզացված ընտրական գործընթացների արդյունքում դժվարանում է իր ձայնը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը»: «Ժառանգության» խոսնակի կարծիքով՝ այդպիսի ընդդիմադիրներին քվեարկության գործընթացում ներգրավելը կարող էր լինել այն ռեսուրսը, որը պետք է ընդդիմությանը վերջապես բերեր հաղթանակի: Եվ ցուցակի իրենց առաջարկած տարբերակով առաջինը նշանակելով Արմեն Մարտիրոսյանին եւ նրանից հետո նոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ «Այն տրամաբանությունն էր հետեւելու, որ Գագիկ Բեգլարյանի դեմ պետք է լիներ մի երիտասարդ նոր դեմք, որին իրենց ուսերի վրա, որպես լոկոմոտիվ, այդ ազդեցիկ, հեղինակավոր քաղաքական գործիչները պետք է բերեին հաղթանակի»:

Հովսեփ Խուրշուդյանը նկատեց, թե «Ժառանգությունն» իր գործունեության ընթացքում «հիմք չի տվել որեւէ մեկին մտածելու, թե ինչ-որ պաշտոնի համար կարող է նման կարգի քննարկումների մեջ մտնել, ինչի մեջ մեզ, ի դեպ, մեղադրում են որոշ ընդդիմադիր թերթեր»: Կոչ արեց չփորձել ընդհարում հրահրել ընդդիմադիր ուժերի միջեւ. «Եվ երբ որ ընդդիմադիր թերթերն այդ փորձերն անում են՝ ես կոչ եմ անում սթափվել ու մտածել, թե ում օգտին է դա»: Քիչ անց հստակեցրեց, որ ընդդիմության երկու հատվածները տարանջատելն ու բախում հրահրելն «իհարկե, շահեկան է իշխանություններին»:

Հարցին, թե «Ժառանգությունը» չի՞ կարծում, որ առանձին գնալով՝ փոշիացնելու են ընդդիմության ընտրազանգվածի ձայները՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Եթե մենք չգտնեինք, որ որոշակի ձայներ, այո՛, փոշիանալու են՝ մենք հենց սկզբից չէինք նախաձեռնի միասնությունը: Իհարկե, եթե մենք միասնաբար չենք գնում՝ որոշակի ձայներ փոշիանում են: Փոշիանում են ոչ միայն այն ձեւով, որ կարող է այլ թեկնածուի ընտրեն, այլ ուղղակի տնից դուրս չեն գա շատ մարդիկ՝ ապատիայի, հուսալքության, ընդդիմության հանդեպ վստահությունը կորցնելու արդյունքում»:

Ավելի վաղ հայտնել էր, թե վերոհիշյալ ընտրողների խավին չկորցնելու համար միգուցե պետք լինի, որ «Ժառանգությունն» առանձին մասնակցի ընտրությանը: Սակայն նաեւ հավելեց, թե չի ցանկանում կանխորոշել կուսակցության մարտի 20-ին կայացվելիք որոշումը: Հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում, որ «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ «Ժառանգություն» կուսակցության ցանկացա՛ծ որոշում կայացվելու է՝ ելնելով ընդդիմության հաղթանակի շահերից»:

Պատասխանելով ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը նաեւ ՀԱԿ-ին տրամադրելու հավանականության մասին հարցին՝ «Ժառանգության» խոսնակը պնդեց, թե կքննարկվի ցանկացած տարբերակ, որն օգտակար կլինի հաղթանակի համար. եթե տեսնեն, որ հանձնաժողովի իրենց անդամներից ոմանք «մի քիչ կրավորական են կամ հակառակը՝ ՀԱԿ-ի մեջ կան ավելի պատրաստված, փորձառու հանձնաժողովականներ՝ կքննարկենք»: Եվ վստահություն հայտնեց, թե ընդդիմությունը հանձնաժողովներում կունենա բավական կուռ թիմ, որը կկարողանա պայքարել իր ձայների համար. «Մենք շատ ցածր ենք գնահատում իշխանության հնարավորությունն այս ընտրությունների ժամանակ կեղծիքներ իրականացնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել