Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ

Մարտ 19,2009 00:00

\"\"Կառավարությանն ու ԿԲ-ին հարցնում է Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը

– ԿԲ-ն հիշեցնելով 2008-ի հոկտեմբերից իրենց խորհրդի նիստերի վերաբերյալ հաղորդագրությունները՝ փորձել էր հերքել պնդումները, թե չէին կանխատեսել ճգնաժամի պայմաններում հնարավոր բացասական զարգացումները, եւ այդ իմաստով՝ հասարակության առջեւ ազնիվ են եղել ու չեն փորձել մոլորեցնել, ինչը պնդում են ընդդիմախոսները: Համաձա՞յն եք ԿԲ այս հակափաստարկին:

– Գտնում եմ, որ իրականում նրանք ազնիվ չեն եղել եւ հիմա էլ ազնիվ չեն, քանի որ նույնիսկ այսօր կատարվողի վերաբերյալ էլի չի ներկայացվում իրականությունը ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլ նաեւ բիզնեսի ներկայացուցիչներին: Ցավոք, ՀՀ կառավարությունը՝ վարչապետով հանդերձ, խաղի կանոնները չի պահպանում, եւ հատկապես վերջին 4 ամսվա ընթացքում ամեն ինչ արվեց, որ ասվի ամեն ինչ՝ բացի իրականությունից:

Ձեր թերթին ԿԲ տրամադրած փաստերին ես տեղյակ եմ վաղուց: Եվ այն մարդիկ, ովքեր վերլուծություններ են կատարում՝ Հայաստանի տնտեսական իրական վիճակն իմանալու համար, տեղերը գիտեն, թե որտեղ կան այդ տվյալները՝ ԿԲ կայքէջում, վիճակագրական ծառայությունում, ֆինանսների նախարարությունում, հարկային ծառայությունում եւ այլն: Բայց խոսքն այն մասին է, որ հասարակ քաղաքացիները չգիտեն այդ տեղերը եւ չպիտի էլ իմանան: Հասարակ քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին շատ մատչելի պիտի ներկայացվի այդ տեղեկատվությունը: Եվ պետք չի, որ նրանք ԿԲ կայքէջում կարդան դրամավարկային քաղաքականության ծրագիրը՝ տեղեկանալու համար, թե ինչ է սպասվում: Այս առումով ԿԲ-ն հասարակության նկատմամբ ընդհանրապես որեւէ պատասխանատվություն չի զգացել՝ ընդամենը վերլուծություններ են արել:

Իսկ ԿԲ հոկտեմբերի 13-ի հաղորդագրությունը՝ դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ, եւ ԿԲ խորհրդի հոկտեմբերի 1-ի որոշումը՝ 2009-ի պետբյուջեի նախագծի վերաբերյալ, կարդալուց հետո ԿԲ խորհրդին ուղղակի պետք է ասել, թե դիմում գրեք՝ հրաժարվեք, քանի որ չէր կարելի բյուջեի վերաբերյալ տալ նման եզրակացություն: Ոչ մարտին կամ օգոստոսին, այլ հոկտեմբերի՛ն, երբ արդեն ճգնաժամից բխող ռիսկերի մասին կանխատեսումներ կային նույնիսկ իրենց վերլուծություններում՝ 2009-ի բյուջեում կանխատեսվում էր 9% տնտեսական աճ: Նույնը 2009-ի փետրվարի 13-ի իրենց հաղորդագրության մեջ՝ դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ. տարբերակներ են նշել, ըստ որոնց՝ ամենաշատը՝ 25%-ը հավաքել է այն կանխատեսումը, թե 4-րդ եռամսյակում տնտեսական աճը լինելու է 9-11%: 24% է հավաքել այն կանխատեսումը, թե 3-րդ եռամսյակում տնտեսական աճը լինելու է 5-7%-ի միջակայքում: Ինչո՞ւ են նման վարկածներ դիտարկվել՝ չեմ կարողանում հասկանալ, քանի որ բոլորին պարզ էր, որ արդեն 2009-ի հունվարից տնտեսական աճ ընդհանրապես չկա, եւ հակառակը՝ առկա է տնտեսական անկում ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ ՀՀ-ում:

Եթե խոսում ենք ազնվության մասին՝ պիտի նաեւ հիշեցնեմ, որ բյուջեի հետ կապված խնդիր կա՝ այն չի կատարվում, եկամուտների հավաքման խնդիր կա: Ինչո՞ւ մինչեւ վերջ չեն ասում ճշմարտությունը, որ բյուջեն չենք կարողանալու կատարել՝ եկեք կրճատենք ծախսային մասը:

– Վարչապետը չի հերքել բյուջեի ծախսային մասի վերանայման հնարավորությունը, ուղղակի նշել է. «Ապագայում կկողմնորոշվենք, հաշվի առնելով տնտեսական աճի ցուցանիշներն ու տնտեսական իրավիճակը»:

– Այդ վերանայումն անգամ ոչ թե հիմա պետք է արվի, այլ պիտի արվեր դեռ դեկտեմբերին կամ հունվարին, քանի որ ամեն օր արվում են լրացուցիչ ու անիմաստ ծախսեր: Ասենք, 97 մլն 160 հազար դրամ տալը Զորի Բալայանին՝ ծովագնացությամբ զբաղվելու համար, աննպատակ ծախս է: 1 մլն դոլար տալը՝ Շառլ Ազնավուրի համար տուն կառուցելու՝ էլի աննպատակ ծախս է: 940 մլրդ դրամանոց բյուջեի մեջ պաշտպանության ծախսերը շուրջ 148 մլրդ են, սոցիալական ծախսերը՝ նպաստները եւ կենսաթոշակները՝ 243 մլրդ, իսկ աշխատավարձի ծախսերը՝ 65 մլրդ: Սրանք են անձեռնմխելի, առաջնահերթ կատարվելիք ծախսերը: Իսկ կառավարությունն ի՞նչ է ասում՝ 135 մլրդ դրամը, որ նախատեսված էր այժմ ծախսել, տեղափոխում են 4-րդ եռամսյակ: Ո՞ր ծախսերն են դրանք. ասենք՝ կանաչապատման ծախսերը դրանց մե՞ջ են եւ դեկտեմբերի՞ն ենք սկսելու զբաղվել կանաչապատմամբ: Կամ սկսելու ենք շինարարական աշխատանքները նոյեմբերի՞ն անել: Անհասկանալի է: Դրա համար ենք ասում՝ եկեք նորմալ ներկայացրեք վիճակը:

– Նաեւ Դուք էիք ԿԲ մարտի 3-ի հայտարարությունից հետո՝ «լողացող փոխարժեքի» քաղաքականությանը վերադառնալու վերաբերյալ, հարց ուղղել, թե ե՞րբ էր ԿԲ-ն հայտարարել դրանից հրաժարվելու մասին: Այս առնչությամբ ԿԲ-ն հիշեցրել է, որ հունվարի 20-ին Արթուր Ջավադյանը խոստովանել է, որ փոխարժեքի կայունության ապահովման համար քայլեր են ձեռնարկում ֆոնդային բորսայում: Արդյոք այս հայտարարությունը բավարա՞ր է՝ համարելու, թե ԿԲ նախագահն ընդունել է, որ ժամանակավորապես հրաժարվել են «լողացող կուրսի» քաղաքականությունից:

– Ոչ, սա էլի ճշմարտությունը կիսատ-պռատ՝ մինչեւ վերջ չասելու տրամաբանության մեջ է: Թող ասեին, որ ճգնաժամի պայմաններում անցնում են «ֆիքսված կուրսի» քաղաքականության: Բայց դա չի ասվել, որ ապացուցում է պնդումս, թե նրանք ազնիվ չեն: Եվ հետո՝ իրենց միջամտության արդյունքում ի՞նչ ստացվեց. արտաքին պահուստները պակասեցին 780 մլն դոլարով: Հիմա դրա պատասխանը ո՞նց են տալու Արթուր Ջավադյանը եւ Տիգրան Սարգսյանը: Ոսկու մասին հեքիաթներ պատմեցին, թե դրա պաշարները ծախելն անհրաժեշտությո՜ւն էր, շա՜տ արդյունավետ էր եւ այլն: Իսկ հիմա ի՞նչ են ասելու՝ ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով էր, որ նոյեմբերից սկսած՝ առանց հայտարարելու անցան «ֆիքսված կուրսի»:

Արթուր Ջավադյանի այդ հայտարարությունը նաեւ խոստովանություն է, որ անընդունակ են եղել ազդել ֆինանսական շուկայի վրա, քանի որ ԿԲ միջամտություններից ոչ ոք չի շահել՝ բացի օլիգարխ ներմուծողներից, որոշ բանկերից եւ ռուսական կապիտալի հետ գործ ունեցողներից: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե բորսային այդ առեւտրի ընթացքում որո՞նք են այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ձեռք են բերել այդ դոլարները:

– Այնուամենայնիվ՝ արդյոք տեղի՞ն է մեր ԿԲ-ին ու կառավարությանը մեղադրելը, որ նրանց կանխատեսումներն ու հաշվարկներն իրատեսական չէին, երբ, ինչպես նշում է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անգամ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամն են վերջին 3 ամիսների ընթացքում 4 անգամ փոխել իրենց կանխատեսումները 2009-ի ցուցանիշների վերաբերյալ:

– Լավ է, որ նա հիմա խոսում է ճգնաժամի մասին, քանի որ հոկտեմբերին այդ մասին խոսողներին քիչ էր մնում Լինչի դատաստանի ենթարկեին, դավաճան հռչակեին, պնդելով, թե Հայաստանում գոյություն չունեցող երեւույթի մասին են խոսում: Նրանք պնդում էին, թե ճգնաժամի առաջին փուլը մեր կողքով է անցել, իսկ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ԲՀԿ համագումարի ամբիոնից հայտարարում էր. «Աղաղակողների կանխատեսումները՝ մեր երկրում ֆինանսական համընդհանուր փլուզման վերաբերյալ, չիրականացան»:

Իրականում պարզ է, որ այսօր (Համաշխարհային տնտեսության խնդիրներն՝ իրենց հերթին, եւ առավել եւս՝ Հայաստանի նման մի անկանխատեսելի երկրում) հնարավոր չէ 100%-անոց կանխատեսումներ ու եզրակացություններ անել: Բայց էլի գանք ճշմարտությունը չասելու իրենց դիրքորոշմանը. դժվար չէր նոյեմբեր-դեկտեմբերին գնահատել, որ մենք չենք կարող ունենալ այսպիսի բյուջե: Եթե վարչապետը կասի, որ դժվար էր՝ ուրեմն, ինքն էլ, իր կառավարությունն էլ, ԱԺ համապատասխան հանձնաժողովներն էլ հաստատ իրենց տեղում չեն: Ի՞նչ է նշանակում 940 մլրդանոց բյուջե ծրագրել, երբ նախորդ տարի 800 մլրդ էլ չէին հավաքել: Ի՞նչ էին ուզում անել՝ ցույց տալ, որ կարո՞ղ են, լա՞վն են: Այդ կեցվածքով են առաջնորդվել, որ այս օրն են ընկել:

Թող ասեին՝ Հայաստանի հարգելի քաղաքացիներ, մենք հաշվարկել ենք, որ այս տարի չի կարող տնտեսական զարգացում լինել կամ կլինի 1 տոկոս աճ: Ինքս չէի հարցնի, թե ինչու է այդպես: Իսկ հիմա ուզում եմ ասել՝ ինչո՞ւ եք մեզ խաբում, ինչո՞ւ եք քաղաքացիներին ստիպում չհավատալ ձեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել