Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ «ԴԵ-ՖԱԿՏՈ»-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ «ԴԵ-ՅՈՒՐԵ»

Մարտ 19,2009 00:00

\"\"Խորհրդարանը երեկ քննարկեց կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ներկայացնելով օրինագիծը, պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին: Վիկտոր Դալլաքյանը ուզեց իմանալ՝ ոստիկանության զորքերը կարո՞ղ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժ եւ բռնություն գործադրել: Ի պատասխան՝ ոստիկանության պետի տեղակալն ասաց. «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունը արգելվում է»: «Իսկ ինչո՞ւ միջամտեցին մարտի 1-ին»,- լրագրողներից մեկի այս հարցը հնչեց միայն լրագրողական օթյակի համար եւ մնաց անպատասխան:

Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխություններով «մարդկանց զգալի կուտակումների դեպքում» արգելվում է հրազենի գործադրումը. «Մեկի համար զգալի կուտակումը կարող է լինել 100 հազար մարդը, մյուսի համար՝ 10 մարդը: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ պետք է հանել «զգալի» բառը, որովհետեւ մեկից ավելի մարդը արդեն «կուտակում է» եւ նրանց ներկայությամբ չի կարելի կրակել»:

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ քննարկվող օրինագծերը անմիջականորեն կապված են մարտի 1-ի դեպքերի հետ: Նա կրկնեց փոխոստիկանապետի պնդումը, թե ոստիկանության բարձրաստիճան որոշ անձանց պաշտոնանկությունը կապված էր մարտի 1-ի դեպքերի հետ. «Ոստիկանության գործողությունները հաճախ ավելի շուտ եղել են իրադարձություններին ինչ-որ կերպ արձագանքելու փորձ եւ ոչ թե իրադարձությունները նախօրոք կանխատեսելու, դիմակայելու հստակ գործողություններ: Դա իմ անձնական տեսակետն է»: Պարոն Նիկոյանը ուղղակի խնդրեց, որ գոնե այս օրինագծում հստակ գրվի, որ արգելվում է ժամկետանց միջոցների գործածումը՝ նկատի ունենալով «Չերյոմուխա 7»-ի պատմությունը: Նաեւ առաջարկեց հստակ նշել, թե որ հատուկ միջոցը որ դեպքում է կարելի կիրառել եւ որ դեպքում՝ չի կարելի:

«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու այդ փաթեթին: Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը օրինագիծը կարեւոր համարելով՝ ասաց, որ դրան ծանոթանալուց հետո ինքը եկել է այն եզրակացության, որ մեզ մոտ պարբերաբար պետք է անցկացվեն համապետական ընտրություններ, դրանք պարբերաբար պետք է կեղծվեն, որից հետո ժողովուրդը պարբերաբար պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի, հետո պետք է տեղի ունենան զանգվածային անկարգություններ, եւ ներքին զորքերի ծառայությունները պետք է անմիջապես միջամտեն. «Այս օրենքի տրամաբանությամբ, եթե մինչեւ այժմ ներքին զորքերը համալրվում էին զորակոչային տարիքի երիտասարդներով, այսուհետ նրանց փոխարեն կգան պայմանագրային ծառայողներ: Այսինքն՝ այն սափրագլուխները, որոնք պաշտպանում էին իշխանություններին օլիգարխիկ կառույցների ֆինանսավորմամբ, այժմ օրինական դաշտ կմտնեն, կստանան պետության կողմից աշխատավարձ եւ այդ սահմաններում կիրականացնեն զանգվածային անկարգություններից իշխանություններին պաշտպանելը»: Ըստ պատգամավորի՝ սա է օրինագծերի ողջ գաղափարաբանությունը: Պատգամավորին նման արտահայտվելու տեղիք էր տվել այն, որ նախագծով նախատեսված է 2012 թվականից ոստիկանության զորքերում ծառայությունը կազմակերպել բացառապես պայմանագրային հիմունքներով: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց, որ այս օրինագծով փորձ է արվում օրենքի դաշտ բերել զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառումը խաղաղ բնակչության դեմ, եւ հայտարարեց. «Դա պետք է լինի բացառապես ռազմական դրության պայմաններում, այն էլ՝ ռազմաճակատում: Իսկ եթե ժողովուրդը նմանատիպ հուզման ալիք է բարձրացնում, ուրեմն դրա պահանջարկը կա, եւ դա քաղաքական լուծում է պահանջում եւ ոչ թե ռազմական տեխնիկայի գործածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել