Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր

Մարտ 18,2009 00:00

Վերջերս տարբեր անկյուններում փակցված «կաշառակեր» դասախոսների նկարների մեջ դժվար չէր գտնել անհատականությունների, որոնք անշահախնդիր կրթել են սերունդներ՝ ամեն ինչից բարձր դասելով պարտականությունների սեփական խաչը ու այն կրելով ամենայն պատասխանատվությամբ, եւ այժմ, ասես, գամված են անարգանքի սյունին։

Մարդկանց սոցիալական վիճակը շատ դեպքերում խթանում է կաշառք վերցնելը։ Այսօր դասախոսի ստացած 70000 դրամի կեսն առնվազն գնում է կոմունալ վարձերի վրա։ Նույնիսկ 100000 դրամը բավական չէ նորմալ ապրելու համար։ Եթե դիտարկենք մարդկանց, ովքեր կոչումով դասախոս են, բայց ունեն նաեւ այլընտրանքային եկամտի աղբյուրներ, ու նույնիսկ այս պարագայում բռնի պահանջում են կաշառք, ապա պարզ է, որ երկու կողմերն էլ մեղք են գործել՝ եւ կաշառք տվողը, եւ այն վերցնողը, սակայն ո՞ւմ մեղքն է ծանր՝ դատեք ինքներդ։

Կաշառակերության մեծ ալիք է բարձրանում նաեւ ընդունելության քննությունների ժամանակ, որտեղ վերջին նորարարությունները կարծես էական դեր չեն խաղում անաչառ քննություններ անցկացնելու համար։ Չմոռանանք, որ ընդունելության քննությունների կազմակերպիչը ԿԳՆ-ն է: Հենց ընդունելության քննություններն են երկունք տալիս այն ուսանողներին, որոնք հետագայում կաշառակերությունը տեղափոխում են բուհ։ Նրանք են, որ, երկու բառ չկարողանալով արտաբերել, ընդունվում են միայն դիպլոմի համար։ Կարծում եմ՝ այսօր հիմնախնդիր է նման ուսանողներից ազատվելը։ Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ջանքերն՝ ուղղված համալսարանական բարգավաճմանը, տալիս են իրենց բաղձալի պտուղները։ Մեկ տասնյակ միջպետական պայմանագրերն ու այն, որ համալսարանը փթթում է բուռն տեմպերով՝ դրա վառ ապացույցն է:

Վերադառնամ բուն պրոբլեմին՝ դասախոսների նկարներին։ Ովքե՞ր են այս խաղի հեղինակները։ Ընդհատակյա խմբե՞ր, ովքեր հետապնդում են ինչ-որ մութ նպատակներ, թե՞ անհատներ, ովքեր ժամանակին խոստացել էին վրեժ լուծել այս կամ այն դասախոսից ու այժմ նման անպատվաբեր ձեւով փորձում են հագուրդ տալ իրենց քինախնդրությանը։ Իմ կարծիքով՝ սա պատրվակ է արհեստական աժիոտաժ ստեղծելու համար։ Ավելացնենք, որ այս կամ այն դասախոսի հանցանքն ապացուցող որեւէ փաստ չի բերվել։ Իսկ եթե չկա ապացույց, ապա նշանակում է, որ սա սոսկ զրպարտանք է։ Չմոռանանք, որ պատկերվածների մեջ եղել է նաեւ ԱԳՆ մի աշխատակից, որը կապ չի ունեցել դասախոսության ու ընդհանրապես համալսարանի հետ։

Ես չեմ արդարացնում կաշառակերությունը, եթե նույնիսկ այն վերցվում է ընտանիք պահելու համար։ Կաշառքը մնում է կաշառք։ Այսօր ԵՊՀ-ն հետեւողական աշխատանք է տանում այս նվաստացուցիչ երեւույթը արմատախիլ անելու համար։ Ինչ վերաբերում է դասախոսների նկարներին, դա համարում եմ անհեռատես քայլ, որտեղ տուժեց համալսարանը, պղծվեցին բազմաթիվ դասախոսների բարի անուններ ու… տուժեց երկիրը։ Ժամանակակից աշխարհում կան շատ քաղաքակիրթ միջոցներ կաշառակերության դեմ պայքարելու համար։ Հետադարձ հայացք ձգելով այս ամենի վրա, հարց ես տալիս՝ արժե՞ր անել այս ամենը, ու եզրահանգում ես՝ ՈՉ։ Համոզված եմ՝ շատերը չեն ընդունի այս հոդվածի բովանդակությունը, բայց սա իմ կարծիքն է:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել