Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար են սիրուհիները

Մարտ 18,2009 00:00

Սիրուհի պահելը՝ ինքնահաստատման միջոց

Կան տղամարդիկ, որոնք կյանքում զբաղեցնում են բարձր դիրքեր, ունեն խոշոր բիզնեսներ, լավ ընտանիք, շքեղ մեքենաներ, մի խոսքով՝ ամեն ինչ: Խոսքը հարուստ տղամարդկանց մասին է: Իսկ է՞լ ինչ են ձգտում ունենալ նրանք: Այս հարցին մարդիկ տարբեր կերպ են պատասխանում, ոմանց կարծիքով՝ այդպիսիները սովորաբար չեն բավարարվում իրենց ունեցվածքով ու դարձյալ ձգտում են ավելի շատ փող վաստակել՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով: Որոշ մարդկանց համոզմամբ էլ, հարուստ տղամարդիկ ոչ թե ձգտում են ինչ-որ բան ունենալ, այլ պարզապես ցանկանում են եւ իրականացնում իրենց ցանկությունները՝ գործի դնելով իրենց փողերը: Կանանց կարծիքով էլ՝ հարուստ տղամարդիկ ձգտում են սիրուհի ունենալ: Սովորաբար, բախտի բերմամբ հարստացած տղամարդկանց թվում է, թե կյանքում ամեն ինչ վաճառվում է, այդ թվում՝ նաեւ սերը: Այս տիպի հարուստ տղամարդիկ, ստանձնելով Դոն Ժուանի դեր, աչքից բաց չեն թողնում ոչ մի «փեշ», մինչեւ այն պահը, երբ ի վերջո կատարվում է իրենց վաղեմի երազանքը՝ գտնվում է մեկը, որը, խաբվելով փողերին, ստանձնում է հարուստի սիրուհու դերը:

Հոգեբանների կարծիքով, սիրուհի պահելու պատճառները շատ են ու տարբեր: Սակայն ոչ մի դեպքում դրանք չեն ասոցացվում հարստության ու ցուցամոլության հետ: Ըստ հոգեբանների, սիրուհի պահելը հարուստների համար հիմնականում զուտ ինքնադրսեւորման, ինքնահաստատման ձեւ է: Այս տիպի մարդիկ սիրուհուն սխալ են ընկալում, ու նրանց գոյության փաստը միայն իրենց շրջապատում հպարտանալու միջոց է լինում, մինչդեռ, դարձյալ ըստ հոգեբանների, սիրուհիները «նախատեսված» են այնպիսի հաճույքների ու վայելքների համար, որոնք տղամարդիկ իրենց կանանց հետ կամ չեն համարձակվում փորձել, իրականացնել, կամ էլ անվայել են համարում… Արտասահմանյան երկրներում սեքսապաթոլոգները խրախուսում են ոչ միայն սիրուհի, այլեւ սիրեկան պահելու փաստը, որովհետեւ, նրանց համոզմամբ, այդպես ամուսինները չեն ձանձրանա տարիներ շարունակ միմյանց հետ ապրելուց: Ըստ բժիշկների, մի շարք հիվանդություններից խուսափելու համար տղամարդիկ ավելի լավ է ունենան սիրուհի, քան շփվեն մարմնավաճառների հետ: Ամեն դեպքում, ոչ արտասահմանցի սեքսապաթոլոգների, ոչ հոգեբանների եւ ոչ էլ օտար հասարակության կարծիքը չեն կիսի մեր մասնագետներն ու հասարակ քաղաքացիները:

Հայաստանցի հարուստները հիմնականում բոլորն էլ նույն կերպ են մտածում, ու մեր հայ հոգեբանի (հոգեբանի անունն իր խնդրանքով չենք նշում) կարծիքով՝ սխալ գնահատում սիրուհու արժեքը. «Հայ մեծահարուստները, գտնելով գեղեցիկ ու ազատ կյանքով ապրող մի կնոջ կամ աղջկա, որը ինչ-ինչ պատճառներով շեղվել է ճանապարհից, դարձնում են իբր թե իրենց սիրուհին, որն էլ նախատեսված է լինում հիմնականում նրանց հատուկ տղայական քեֆերի ժամանակ «կայֆավատ» լինելու համար: Իսկ այդ հատուկ քեֆերի ժամանակ բացառված է սեփական կնոջ ներկայությունը, նրանցից յուրաքանչյուրը գալիս է իր սիրուհու կամ, իրենց խոսքով ասած, «ծիտիկի» հետ: Մեր հայերը նույնիսկ սիրուհի պահել չգիտեն: Այդ հարուստներից շատերին թվում է, որ փող ունի՝ լավ տղա է, ու իր ուզած պահին ցանկացած կին կամ աղջիկ իր հետ կպառկի, իսկ ավելի ճիշտ՝ պիտի պառկի: Սովորաբար, այսպես է արվում. այդպիսիները գտնում են մի «ծիտիկի», նրան ապահովում ամեն ինչով, տեղավորում առանձին բնակարանում, նվիրում շքեղ մեքենա ու գնում այն ամենն, ինչ այդ կնոջ սիրտը կուզի… Օրերից մի օր կամ իրենք են այդ կնոջից ձանձրանում, կամ էլ այդ կինն այլեւս չի կարողանում հանդուրժել դատարկ ուղեղով հաստավիզ մեծահարուստին: Բայց ամեն ինչ այդքան հեշտ ու հանգիստ չի վերջանում. այդ հարուստը սիրուհուց խլում է մեքենան, եթե բնակարանը վարձով է՝ դադարում է վարձը տալ, իսկ եթե գնել էր՝ նրան դուրս է անում: Ահա սիրուհի պահելու մասին հայերի գործելաոճն ու պատկերացումը: Մեր օրերում հաճախ է այդպես արվում եւ եթե մի քիչ խորանանք՝ կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, որոնք կապված են մեր հարուստ ու բիզնեսմեն չինովնիկների վարած կյանքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել