Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԲՈՎՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ»

Մարտ 18,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ դոգմա դարձած երեւույթը՝ ընտանիք կազմել հանուն ընտանիքի, պետք է վերացնել

\"\"Ինչպես բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում, Հայաստանում էլ, անձը, չափահաս դառնալուն պես, ձեռք է բերում մի շարք իրավունքներ, օրինակ՝ մեքենա վարելու, աշխատելու, պայմանագրեր կնքելու, բնակարան գնելու եւ այլն: Բայց մեզանում ընդունված չէ ու չի խրախուսվում այն, որ չափահաս երիտասարդը փորձում կամ ցանկանում է ծնողներից առանձին ապրել: Ի տարբերություն հայերի՝ օտարերկրացիների մոտ խրախուսվում է չափահասի առանձին ապրելը: Ավելին, արտերկրացիների համար շատ բնական է նաեւ սիրած էակի, զուգընկերոջ հետ առանց ամուսնանալու ապրելը:

Բոլոր այս երեւույթները վերջին շրջանում տարածում են գտել նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ նախքան ամուսնությունը զույգերի միասին ապրելը: Թե ինչպե՞ս են վերաբերվում այս հարցին մեր քաղաքացիները՝ փորձեցինք պարզել փոքրիկ հարցախույզով: Արդյունքում պարզվեց. 10 հարցվողներից 4-ը դեմ էին, 5-ը՝ կողմ, 1-ն էլ՝ ձեռնպահ: Ճի՞շտ է նախքան ամուսնությունը որոշ ժամանակ զույգերի միասին ապրելը, ի՞նչ կտա դա նրանց, եւ կարո՞ղ է այդ «փորձաշրջանը» ապագա ընտանիքի ամրության երաշխիք լինել:

Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Փայք» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի հետ: Ըստ նրա՝ նախքան ամուսնությունը զույգերի միասին ապրելը ազատության հարց է. «Թե ինչպես ապրել՝ մարդուն տրված է գտնել իր ապրելաոճը, ապրելաձեւը: Ամեն ինչ չէ, որ պետք է ավանդույթի բովով անցկացնել: Մարդիկ իրար պետք է ինչ-որ ձեւով հասկանան ու փորձեն, թե որքան են համապատասխանում համատեղ կյանքի համար: Հին հայկական ավանդական ընտանիքներում մի փոքր այլ է եղել՝ 14 տարեկանում աղջկան ամուսնացրել են, մի տարի սկեսուր մայրիկը իր ծոցում է պահել, նախապատրաստել է նրան՝ մինչեւ ամուսնական կյանք մտնելը: Սա էլ է եղել փորձ, բայց չեմ կարծում, թե 14 տարեկանում աղջիկ ամուսնացնելը լավագույն տարբերակն է: Այսօր մեզանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել՝ բոլոր մշակույթների ինտեգրում, փոխներգործություն, շփում է գնում, որի արդյունքում մենք մինչեւ վերջ նախկինի պես մաքուր չենք պահպանվել, ի վերջո, այն, ինչ ներկայումս ունենք, այսպես թե այնպես, ժառանգել ենք այլ ժողովուրդներից, ուղղակի հայերը փորձում են իդեալականացնել իրենց ընտանիքները: Հայի մաքրությունը, ինչը այդքան ասում եւ ընդգծում են, այնքան էլ մաքուր չէ, ոչ թե մենք կորցրել ենք մեր մաքրությունը, այլ պարզապես նոր խմորումներ են գնում, որպեսզի ընտանիքը եւս մեկ աստիճանով առաջ գնա»:

Հոգեբանի ձեւակերպմամբ, մարդն իր կյանքում ունի ներքին չգրված ցանկություն. «Այն, ինչ ինքը չգիտի, փորձության է դնում: Թող դնի, ի՞նչ է եղել, որ… Ավելի լավ, մեկը մյուսին հասկանալու համար այդ փորձությունն անհրաժեշտ է: Թե դրանից հետո ի՞նչ կլինի, Աստված գիտի… Արդյո՞ք իրենք հետագայում համատեղ կյանքով կապրեն, թե՞ ոչ: Բայց դա ոչինչ չի նշանակում, չեմ կարծում, որ դրանից հետո մենք պախարակման լավ եզրեր ենք ստանում: Սեռական կյանքը մեր իրականության մեջ, չգիտես ինչու, հասկացվում է միայն ամուսնական կյանքի մեջ, եւ որ աղջիկը սեռական կյանքի վայելքը պետք է ունենա անպայման երեխա ունենալու համար: Ավանդական ընտանիքներում սեռական կյանքը սահմանափակվում է միայն երեխա ունենալով, եւ ցավալին այն է, որ երեխան դառնում է պատրվակ սեռական կյանքով ապրելու համար, իսկ երեխա ունենալու համար էլ պետք է պարտադիր ամուսնական կյանք մտնել»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ հայերիս մեջ կան շատ հարցեր, որոնք հասարակությունը դժվարանում է տարանջատել. «Օրինակ՝ արդյոք ես պատրա՞ստ եմ ընտանիք կազմել, որովհետեւ ընտանիքը պետք է մի փոքր այլ ձեւով դիտել. ընտանիքը ազգապահպանություն է ստեղծում, հասարակության բջիջն է, սիրո իրական տիրույթն է, եւ հանուն այն բանի, որ ես պատասխանատվություն ունեմ ընտանիք կազմելու, անշուշտ, ես պետք է նախապես փորձեմ՝ տարբեր ձեւերով, կողմերով… Մեր հասարակության մեջ դոգմա դարձած երեւույթը՝ ընտանիք կազմեմ հանուն ընտանիքի, պետք է վերացնել»: Ռ. Պողոսյանի խոսքով, նախնական առանձին համատեղ կյանքը կօգնի զույգերին հասկանալ՝ մեկը մյուսին իրապես ցանկանո՞ւմ է. «Նրանց համար պարզ կդառնա՝ միգուցե դա պարզապես կիրք է, թե՝ նրանք իսկապես ցանկանում են ընտանիք կազմել: Օրինակ, հայերի մոտ ընդունված է երկար ժամանակ նշանված մնալ, բայց կատեգորիկ սեռական հարաբերություն չունենալ, սպասել մինչեւ ամուսնական գիշերը, բա կարմիր խնձո՞րը… Իսկ ո՞վ է ասել, որ նշանված ժամանակ չպետք է ոչ մի սեռական հարաբերություն ունենալ: Այնպես որ, նախապատրաստական այդ շրջանը շատ կարեւոր է»: Ռ. Պողոսյանը չի ընդունում հայկական ավանդույթներից ելնելով՝ ավանդական ընտանիք ստեղծելու ճանապարհը. «Հայկական մենտալիտետը ասում է՝ ոչ, անպայման միայն հարսանյաց հանդեսից հետո պետք է անկողին մտնել: Չեմ կարծում, որ դա միակ եւ լավագույն տարբերակն է»: Հոգեբանի կարծիքով, նոր երեւույթը՝ նախնական փորձնական համատեղ կյանքը կընդունվի հասարակության շրջանում, բայց եկեղեցու համար այն հեղաշրջում կլինի. «Մեր դոգմատիկ եկեղեցին այս երեւույթը չի արդարացնի»:

Հետաքրքրվեցինք, նախնական փորձնական համատեղ կյանքը դեմ չի՞ գնա «կարմիր խնձորի» ավանդույթին, մեր զրուցակիցն ասաց. «Նոր երեւույթի՝ հասարակություն մուտք գործելուն պես, մեծ կռիվ կլինի, «կարմիր խնձորը» կդառնա կռվախնձոր, քանի որ այն շատ խոր արմատներ ունի: Հասարակությունը կբաժանվի երկու մասի, որովհետեւ ավանդական ընտանիքի կողքին սա կարող է մի նոր երեւույթ լինել՝ ընտանիքի ստեղծման եւ պատրաստման համար»: Թե որքանով ամուր կլինի նախնական համատեղ կյանքով ապրած զույգերի կյանքն ամուսնությունից հետո, հոգեբանը հստակ պատասխան չուներ. «Չեմ կարծում, որ սկզբնական շրջանում այն ամուր կլինի, որովհետեւ միշտ կան արտաքին գործոններ՝ ծնողներ, հարեւաններ, բարեկամներ, մեծ պայքար է գնալու, մինչեւ այն մուտք գործի կյանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել