ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում 58-րդ անգամ անցկացված պրոֆեսիոնալ բասկետբոլի «Բոլոր աստղերի մրցամարտում», որում ավանդաբար
հանդիպում են «Արեւմուտքի» եւ «Արեւելքի» լիգաների հավաքականները, այս անգամ հաղթեցին առաջինները՝ 146:119:
Այդ հանդիպման լավագույն խաղացողներ ճանաչվեցին «Արեւմուտքի» հավաքականի անդամներ Շաքիլ Օ`Նիլը, որի խաղը լրատվամիջոցների բնորոշմամբ իսկական ներկայացում է եղել, եւ Կոբի Բրայանթը: Այս երկու բասկետբոլիստները ժամանակին կազմում էին «Լոս Անջելես Լեքերզի» գլխավոր հարվածային ուժը: Ճիշտ է, երկու գերաստղերն արդեն հինգ տարի է, ինչ միասին խաղադաշտ չէին մտել: Այդուհանդերձ, Բրայանթը վաստակեց 27 միավոր՝ դառնալով ամենաարդյունավետ բասկետբոլիստը, իսկ 37-ամյա Շաքիլ Օ’Նիլը աչքի ընկավ 17 միավորով:
Համաշխարհային բասկետբոլի գերաստղ Շաքիլ Օ’Նիլը 14 մրցաշրջան անընդմեջ հրավիրվել է մասնակցել «Բոլոր աստղերի» մրցամարտին: Բացառություն է եղել միայն անցած մրցաշրջանը: «Ցանկանում էի դաշտում անսովոր, գեղեցկությամբ եզակի խաղ ցուցադրել եւ ուրախ եմ, որ ստացվեց,- հայտարարել է նա լրատվամիջոցներին:- Գիտակցում եմ, որ սա կարող էր լինել «Աստղերի մրցամարտում» իմ վերջին ելույթը, դրա համար էլ աշխատեցի ինձ եւ իմ երկրպագուներին անմոռանալի երեկո պարգեւել»:
Ինչ վերաբերում է «Արեւելքին», այստեղ իրեն բոլորից լավ դրսեւորեց մեկ այլ գերաստղ՝ Լեբրոն Ջեյմսը՝ 20 միավոր: Դուեյն Ուեյդը եւ Փոլ Պիրսն իրենց անվան դիմաց գրանցեցին 18-ական միավոր:
Ի դեպ, Դուեյն Ուեյդը, որ հանդես է գալիս «Մայամի» թիմում, գործող բասկետբոլիստների մեջ առանձնանում է իր աներեւակայելի նշանառությամբ: Նա Բասկետբոլի ազգային առաջնության (NHL) երեք խաղերում՝ «Չիկագոյի», «Բոստոնի» եւ «Յուտա Ջազի» հետ, ընդհանուր առմամբ վաստակել է ռեկորդային՝ 130 միավոր:
Այսպիսով, դեռեւս 1951 թվականից սկսված այս հակամարտությունում «Արեւմուտքը» տոնեց իր 23-րդ հաղթանակը, իսկ «Արեւելքինը» մնաց նույնը՝ 35: