Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 18,2009 00:00

Լիլիթ Մկրտչյանը փայլում է

\"\"Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում երեկ կայացավ շախմատի կանանց Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության 9-րդ տուրը:

Մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներից ուժեղագույնը՝ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը անչափ կարեւոր հաղթանակ տարավ, այն էլ՝ նախորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող վրացուհի Սալոմե Մելիայի նկատմամբ եւ 7,0 միավորով կրկին բարձրացավ առաջատարների շարք:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ պայքարը հասել է գագաթնակետին: Լիլիթից բացի՝ եւս վեց շախմատիստուհիներ՝ Հոան Տհան Չանը (Հունգարիա), Իվետա Ռայլիխը եւ Մոնիկա Սոչկոն (երկուսն էլ՝ Լեհաստան), Եկատերինա Կովալեւսկայան, Տատյանա Շադրինան (բոլորն էլ՝ Ռուսաստան) եւ Մայա Լոմինեիշվիլին (Վրաստան) վաստակել են հավասար միավոր եւ միմյանց միջեւ վիճարկելու են չեմպիոնի կոչումը: Սակայն նրանց կրնկակոխ հետապնդում են մի ամբողջ շարք ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնք առայժմ առաջատարներին զիջում են ընդամենը կես կամ մեկ միավորով եւ ամեն բան անելու են այդ տարբերությունը վերացնելու եւ ինչո՞ւ չէ՝ նաեւ նրանց շրջանցելու համար:

Լավագույնը Արման Փաշիկյանն է

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 10-րդ առաջնությունը, որտեղ մրցանակային տեղերի համար պայքարում էին 306 շախմատիստներ:

Եզրափակիչ՝ 11-րդ տուրից հետո միանգամից տասը գրոսմայստերներ՝ Արկադի Նայդիչը (Գերմանիա), Իվան Սոկոլովը (Նիդեռլանդներ), ռուսաստանցիներ Եվգենի Տոմաշեւսկին, Էռնեստո Ինարկիեւը, Վլադիմիր Մալախովը, Միխայիլ Կոբալիան, Բորիս Գրաչովը, վրացի Բաադուր Ջոբավան, ադրբեջանցիԳադիր Հուսեյնովը եւ ֆինլանդացի Տոմի Նիբակը, վաստակել են 8,0-ական միավոր: Ըստ մրցակարգի, հավանաբար հենց նրանց միջեւ էլ կկազմակերպվի արագ շախմատի լրացուցիչ մրցամարտ, որի ընթացքում էլ կլուծվեն չեմպիոնի եւ մրցանակակիրների հարցերը:

Մեր հանրապետությունը Բուդվայում ներկայացված էր յոթ մասնակցով՝ վեց գրոսմայստեր եւ մեկ միջազգային վարպետ: Նրանցից լավագույն արդյունքը ցույց տվեց Արման Փաշիկյանը, որը վերոնշյալ առաջատարներից ետ մնաց կես քայլով եւ զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը: 7,5 միավոր վաստակեց նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ բավարարվեց 25-րդ տեղով:

Մեր մյուս շախմատիստները գրավեցին հետեւյալ տեղերը. 29. Վլադիմիր Հակոբյան, 48. Զավեն Անդրիասյան, 75. Արտաշես Մինասյան, 99. Տիգրան Քոթանջյան եւ 151. Արթուր Չիբուխչյան:

Ընդհուպ մոտեցավ առաջատարներին

\"\"Ստամբուլում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» անդրանիկ մրցաշարի առաջին փուլը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 կին գրոսմայստերներ:

Երեկ կայացած իններորդ տուրում հայաստանցի Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության հասավ Էկվադորի ներկայացուցիչ Մարթա Բագուերո Ֆիերրոյի նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում եւս մեկ քայլ վեր բարձրացավ՝ 6,5 միավորով ընդհուպ մոտենալով առաջատարներին: Այժմ մեր լավագույն շախմատիստուհին հնդիկ Կոներուի հետ միասին բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: Նրանցից առաջ գտնվում են չինացիներ, միանձնյա առաջատար Չժաո Սյուեն՝ 7,5 միավոր եւ Հու Յիֆանը՝ 7,0:

Մնացած երկու տուրերում, ասես, ճակատագրի քմահաճույքով, Դանիելյանին բաժին են հասնելու, թերեւս, ամենադժվարին մրցակիցները: Այսօր նա սեւերով հանդիպելու է Հու Յիֆանի, իսկ վաղը սպիտակներով խաղալու է Չժաո Սյուեի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել